shushan stepanyan portret

Մարդ արարած

Կյանքից «գոհ»

-Ու՜ֆ, էս ինչ կյանք ա, արդեն զզվել եմ: Ամեն օր գործի, տուն, տան գործ: Հո սաղ ինձ նման չե՞ն տանջվում: Մենակ ես եմ, որ էսքան աշխատում եմ: Մի օր չեղավ ինձ հանգիստ զգամ:

«Մեծահոգի»

-Էդ էր մնացել՝ ես զանգեի իրա ծնունդը շնորհավորեի: Ինքը իմը չի զանգել, բա ես ինչի՞ պիտի զանգեմ: Էն որ ասում են, է. «Ամեն ինչ փոխադարձ ա», շատ ճիշտ են ասում: Ես ինձ պիտի բարձր պահեմ: Ոնց ինքը, նենց էլ՝ ես:

«Անապահով»

-Վա՜յ, մի կոպեկ փող չկա, չեմ կարա պարտքով քեզ տամ: Սենց բան կլինի՞: Մի կերպ ենք յոլա գնում: Մեզ փող որտեղի՞ց, որ հլը քեզ էլ տանք:

«Տկլոր»

-Վա՜խ, էս ինչ սիրուն կոշիկ ա: Բա էս բլուզն ինչ լավն ա: Այ, էս գույնի չունեմ: Վերջ: Պիտի առնեմ:

«Հայրենասեր»

-Էս Հայաստանում մարդ չգիտի՝ ինչ անի, որ լավ ապրի: Այ, թե Ռուսաստանում լինեի, ինչ փողեր կաշխատեի: Էս ի՞նչ երկրում ենք ապրում:

«Գիտուն»

-Ինչքան մարդ կա ավտոբուսի մեջ: Շատ լավ ա. հեսա գիրքս հանեմ ու սկսեմ կարդալ: Կմտածեն՝ ինչքան խելացի եմ:

«Մուրացկան»

-Հեսա էս մեկին էլ մոտենամ ու արդեն կարգին փողով տուն կմտնեմ: Երկու քայլ ես անում ու ընտիր փող ես աշխատում: Կարդացիք երևի բոլորի մտքերն ու ամենքիդ մտքում մի կերպար հայտնվեց գրեթե իմ կերպարների պես: Չեմ սիրում ու չեմ կարողանում հանդուրժել իրենց իրական վիճակը հականիշող նման մարդկանց: Ապրելու իմաստը կորցնում եք, անկեղծ եմ ասում: Դե հիմա կարդացեք իմ սիրելի կերպարների մտքերը. իրենք շատ-շատ լավն են:

Գյուղացի

-Փառք Աստծո, երաշտ չեղավ, ահագին ցորեն-գարի ունեցա: Սենց էլ գնա՝ գոհ եմ: Մի քիչ տանջանք ա, բայց ո՞վ չի տանջվում: Մարդ պիտի աշխատի, որ ուտի:

Բեռնակիր

-Կես ժամ, ու ես տանը կլինեմ: Ինչքան լավ էր՝ էսօր շատ բեռ կար տեղափոխելու: Ուրեմն, շատ փող կտան: Ես էլ կնոջս սիրած խմորեղենն էսօր վերջապես կառնեմ ու տուն կտանեմ:

Հավաքարար, բայց առանց անգլերենի իմացության

-Հեչ էլ չեմ ամաչում գործիս համար: Հո չե՞մ թողնելու ընտանիքս առանց հաց մնա: Չեմ գնալու ու խնդրեմ, որ ուրիշն իր աշխատածն ինձ տա: Պիտի աշխատել: Ամոթ է չաշխատելն ու ուրիշից օգնություն ակնկալելը:

Հայրենասեր

-Որ չեն ասում՝ Հայաստանը ապրելու տեղ չի, գժվում եմ: Դե, տուն-տեղ թողեք, գնացեք ռուսի առաջ ծառայեք: Բա մարդ էս երկիրը կթողնի ու կգնա՞: Ամեն տեսակ գործ էլ կա Հայաստանում: Վատից սկսեք: Շատ աշխատեք: Գոնե կիմանաք, որ հայրենի երկրում եք, որ ձեր երկիրն եք շենացնում, ձերն են էս մարդիկ, էս մաքուր օդը ու էս հպարտ սարերը:

Մեծահոգի

-Ոնց եմ կարոտել լավ ընկերոջս: Ինչքան ժամանակ ա, որ չեմ զանգել, չենք խոսել: Ինքն էլ չի զանգել, բայց հասկանում եմ, որ ինձ նման, ինքն էլ ա զբաղված: Հո չե՞մ նեղանա իրենից:

Մեծ հիմնարկության հաշվապահ

-Վա՜յ, էս ինչքան եմ հոգնել: Ամեն օր հաշվել, գրել, ջնջել: Բայց, ա՜խր, առանց էս գործի էլ չեմ կարող: Վեց տարեկանից սկսել եմ կառուցել հաշվապահ դառնալուս երազանքն ու հիմա ո՞նց կարող եմ քանդել «տունս»:

Ուզում եմ, որ բոլորս գոհ լինենք կյանքից, գնահատենք այն ամենը, ինչ ունենք, գիտակցենք ամենափոքր ձեռքբերումի կարևորությունն անգամ, ու անկախ ամեն ինչից, միշտ աշխատենք, երբեք չծուլանանք: Այդպիսով միշտ գեղեցիկ կմնանք: Ուզում եմ, որ գնահատենք մեր ունեցածն ու ձգտենք հասնել ավելիին ոչ թե ագահությունից դրդված, այլ այն պատճառով, որ ուզում ենք ինքներս մեզ փորձել ու քայլել կյանքի ավելի բարձր աստիճաններով, որ ինքներս մեզնով ուրախանանք: