mariam hayrapetyan

Մտորելու առիթ

Մթնոլորտում տիրող տոնական տրամադրության վերջին բջիջները տոնածառը իր հետ տարավ պահարանի գլխին դրված արկղ: Մի քանի օր շարունակ մայրս ասում էր, որ ժամանակն է տոնածառը հավաքելու, բայց իր կարծիքով, ես ծուլանում էի ու չէի անում իր ասածը: Բայց բանն այն էր, որ ես վախենում էի, որ ավելի կընդլայնեմ տան դատարկությունը ու անընդհատ ձգձգում էի հավաքելու գործընթացը:

Վերջապես արեցի դա: Ամեն խաղալիքը հանելու հետ ինչ-որ բան էի հիշում: Հիշում էի, թե ինչպես ենք այդ խաղալիքը գնել, կամ երբ դրանցից մեկը շարքից դուրս էր եկել, ինչպես էր մայրիկն այն նորոգում, ու մենք նստած ուշադիր նայում էինք, որ անպայման նորից իր նախկին տեսքին վերադառնա: Մյուս խաղալիքը ես նվեր էի ստացել: Այն ուներ իր հատուկ արկղիկը, ու վրան թռչող երեխաներ էին պատկերված:

Մեկը գնել էի, երբ հերթական անգամ Երևանից տուն էի գալիս: Գյումրիում մեր ծանոթի խանութում պատահական տեսա ու միանգամից գնեցի այդ թափանցիկ կլոր գունդը, որի մեջ տոնածառ է, և թափահարելու դեպքում ձյան փաթիլներ են տատանվում:

Ամեն խաղալիքն ունի իր պատմությունը, ու ամեն անգամ տոնածառը զարդարելուց մենք հերթով վերհիշում ենք, թե մեր տոնածառի, թե նրա վրա եղած խաղալիքների կյանքը: Ու եկավ պահը, որ պետք է այս ամենը նորից մթությամբ պարուրել: Այստեղ բոլորս էլ տխրում ենք, բոլորս: Իսկ երբ ընտանիքով զարդարած տոնածառը ստիպված ես մենակ հավաքել, դա ավելի է տխրեցնում: Հարութը զբաղված է իր դասերով, մայրիկն էլ աշխատանքի է: Ու ես սկսեցի հավաքել մենակ, մտածել ամենատարբեր ստացված ու չստացված, եղած ու չեղած, հին ու նոր տարիների մասին:

Այո, ուղղելու դեռ շատ բան ունենք: