Susanna Grigoryan

Մարզասրահի ու վանիլային պաղպաղակի մասին

Ինչ-որ պարադոքսալ բան կա, երբ մարզասրահի մասին գրում ես մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակը ձեռքիդ, ինչպես ամեն երեկո հավատով լոտո ջնջողը կպատմեր իր կյանքում երբեք չպատահած շահումից կամ ինքնասպանը՝ կյանքը սիրելուց։ Զարմանալի է, բայց մարզասրահի մասին իմ բոլոր պատմությունները այս կամ այն կերպ կապված են մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակի հետ։ Հենց այդպիսի պաղպաղակը ձեռքիս՝ ես առաջին անգամ մտածեցի, որ կյանքում մեկ անգամ ենք ապրում, արժի գեղեցիկ ապրել, ու առաջին անգամ ոտք դրեցի մարզասրահ։

Լայն, լուսավոր ընդունարանը դժբախտություն չէր կանխագուշակում, հանդերձարանն էլ էր զարմանալիորեն հանգիստ։ Ամեն ինչ լավ էր, չափից դուրս լավ, կասկածելի լավ։

Մարզիչը ցույց էր տալիս վարժությունները, մենք էլ հերթով կրկնում էինք։ Առաջին վարժությունից հետո նույնիսկ սկսել էի ափսոսել, որ բավականին բոյով չեմ, ու արդեն ուշ է մոդելի կարիերա սկսելու համար։ Այս պահին կսազեր ցանկացած լրատվականի ցանկացած շոկային վերնագիր՝ «Աղջիկը կատարեց առաջին վարժությունը, իսկ այն, ինչ եղավ հետո, ձեզ կապշեցնի»։

Պարզվեց, որ առաջինը վարժություն չէր, ընդամենը՝ նախավարժանք։ Վարժությունների սկսվելը ես մաշկիս վրա զգացի, երբ պատերին գրված մոտիվացնող ցիտատները կտրուկ դադարեցին մոտիվացնել։ «Մեկ անգամ ենք ապրում, պետք է գեղեցիկ ապրենք»-ին փոխարինելու եկավ «Մեկ անգամ ենք ապրում, պետք է հաճույքով ապրենք»-ը։ Արդյունքում 1-ժամյա պարապմունքից հետո արդեն մոռացել էի, թե որտեղ եմ, ու ինչի համար ենք հավաքվել։

Իհարկե լավ կլիներ, որ պատմության վերջում ես իմ մեջ ուժ գտնեի, հաղթահարեի բոլոր դժվարությունները ու ցույց տայի, թե ինչպես համառությամբ ու կամքի ուժով կարելի է հասնել նպատակներին։ Կամ էլ գոնե ավարտվեր այնպես, ինչպես սկսվել էր՝ մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակով։ Բայց ամեն ինչ ոչ սև է, ոչ էլ սպիտակ, մոխրագույն է՝ անհասկանալի ու կիսատ։ Երբ դեռ մարզասրահ ես գնում՝ ինքդ քեզ ապացուցելու, որ ինչ-որ բանի ընդունակ ես ու ամեն անգամ պաղպաղակ ուտելուց խիղճդ տանջում է։