nare hovhannisyan

Մի փոքր խոսենք

Երջանկության համար մենք որոշ չափանիշներ ենք սահմանում, ապրում այդ չափանիշներով, չնայած՝ մեկ-մեկ գիտակցում ենք, որ կարելի է ապրել առանց դրանց, կարելի է ապրել առանց որևէ չափման միավորի։

Մենք մեր կյանքը չենք պատկերացնում առանց խնդիրների, մենք միշտ ձգտում ենք որևէ բան խառնել, անգամ անգիտակցաբար։ Մենք միշտ բողոքում ենք, որ խնդիրներով ապրելով՝ մենք կորցնում ենք մեր կյանքը, մենք դժգոհում ենք մեր կյանքից, բայց հաջորդ վայրկյանին մենք ինքներս ենք ստեղծում այդ խնդիրը, ու վազեվազ կրկին բողոքում։
Մենք չենք փոխվում, նույն կերպ մենք պահպանվում ենք մեր կյանքի բոլոր փուլերում։ Մի կերպ հարմարվում ենք դպրոցին, երբ հազիվ գլուխներս ենք լցնում մաթեմն ու պատմությունը ու հազիվ դիմակայում ենք 45 րոպե տևող դասին, գալիս է այդքան սպասված 80 րոպեն, դե՜, ինչպես ասում են՝ լավից լավն էլ կա։
Մենք գլորվում ենք առաջ, մենք երբեք մեզ լիարժեք երջանիկ չենք զգում, ապրում ենք հավերժ մի գդալ բողոքը լեզուներիս վրա, սպասում ենք, թե երբ են հետաքրքրվելու մեր որպիսությամբ, որ միանգամից վրա տանք ու բողոքենք։ Դրա հետ մեկտեղ՝ մենք ատում ենք ժամանակը, երազում ենք հետ տալ այն՝ չհասկանալով, որ կարելի է կյանքի ամենալավ պահերը ուղղակի վայելել ու պահել հիշողությունների տետրում։
Մենք այդպես էլ չենք հասկանում կյանքը, դրա լեզուն, չենք սովորում դրան, մենք երազներ ենք տեսնում ու վազքով ջրին պատմում՝ չհասկանալով, որ վատագույնը երազը չէ, այլ լճացած իրականությունը։
Մենք երազանքներով ենք լցվում դեռ մանկուց, մեծանում ու դրանց կոչում նպատակ։ Բայց միշտ վախենում պատմել, թե իրականում ինչ էինք երազում անել 5 տարեկանում, դրանից վախենալով՝ մենք ամպագոռգոռ նպատակները ձեռքներիս գնում ենք դեպի պատանեկություն, հետո դառնում չափահաս ու հասկանում, որ լավագույն նպատակը 5 տարեկանում ունեցածն էր, որ վախից չիրագործեցիր։
Չնայած այս ամենին՝ մենք շարունակում ենք ապրել նույն կերպ, ապրում ենք նույն չոր ու կոպիտ բնավորությամբ, նույն ահարկու դեմքով, նույն տխուր խոսքերով ու մտքերով։ Համարյա միշտ վախենում ենք մայրիկին մոտենալ ու գրկել, վախենում ենք համբուրել ձեռքերը ու մի անգամ շշնջալ. «սիրում եմ քեզ, մա՜մ»։ Մենք վախենում ենք ամենաթանկ մարդկանց տեսնելուց փարվել նրանց, ժպտալ ու երջանիկ գոչել. «Լա՛վ է, ամեն բան լավ է»։ Մենք միշտ սպասում ենք տատիկի անուշաբույր ճաշերին, չհնացող խորհուրդներին, բայց փոխարենը օրվա մեջ գոնե մեկ անգամ չենք զանգում նրան։
Եվ էսպես, մենք հիմարի պես գլորվում ենք աշխարհում, կուտակում շատ փող, փչացնում ամենաթանկ առողջությունը, հիմարի պես քնում մինչ կեսօր՝ պատճառաբանելով, որ հոգնած ենք, ու հենց էդպես կորցնում կյանքի ժամերը։
Մենք ապրում ենք չափանիշներով, հնացած խոսքերով, այնպես, կարծես ակվարիումում ապրող ձկներ լինենք՝ սահմանափակ ու տհաճ։ Մենք էլի երջանկության համար չափանիշներ ենք հորինում ու մոռանում, որ կարելի է ուղղակի ժպտալ և ուրախ լինել ամենափոքր բանից անգամ. երկնքի կապույտից, տնից այն կողմ ծառացած կարմրանարջագույն մայրամուտից, գունագեղ փուչիկներից, մայրիկի նվիրած ամառային զգեստից, համեղ քաղցրավենիքից ու անուշաբույր խմորեղենից: