Աղվերանի մեդիա ճամբար. Օր երկրորդ

Ուռա՜, լույսը բացվեց, զարթուցիչը զնգաց և գրեթե բոլորս գնացինք մարզասրահ: Գնացինք և օգտվեցինք մարզասրահի բոլոր բարիքներից: Բնականաբար, գտնվեցին մի քանիսը, որ ավելի շուտ գնացին մարզասրահ և հասցրին մարզվելու հետ մեկտեղ նաև կատակել ու զվարճանալ: Այնուհետև առօրյա գործեր մինչ նախաճաշը՝ լվացվել, հագնվել, նաև սիրունանալ: Եկավ նախաճաշի ժամը: Բոլորս 17.am-ի շապիկները հագած գնացինք ուտելու, ինչպես միշտ սկսեցինք զրուցել մյուս մասնակիցների հետ, կատակներ անել: Շատերը ուտում են այն, ինչ սիրում են, իսկ ոմանք էլ՝ կալորիաներն են հաշվում: Նստում ենք մեծ ու փոքր սեղանների շուրջը, փնտրում մարդկանց, ովքեր կնստեն մեր սեղանի մոտ՝ ազատ աթոռներին, բայց խումբը մեծանում է և շուտով սկսում ենք աթոռներ ավելացնել: Իսկ ճաշարանի մեծ հայելու մոտով անցնելիս միշտ նկարվում ենք կամ ծուռ մազերը ուղղում:

Նախաճաշից հետո գնացինք սենյակ, զանգեցինք տնեցիներին, մի քանի բառ ասացինք և իջանք քննարկումների սենյակ, որտեղ սկսվեց բազմաբովանդակ վարպետության դաս Սլավոնական համալսարանի դասախոս և RAU-TV-ի օպերատոր Դավիթ Թորոսյանի հետ: Բավականին ինֆորմացիա ստացանք. թե ինչպես նկարահանել ֆիլմ, օգտվել եռոտանուց և տեսախցիկից: Այնուհետև դասախոսություն, թե ինչպես նյութի թեմա ընտրել, ինչպես զարգացնել գաղափարները:

Ահա, վերջապես եկավ ֆոտոարշավի գնալու ժամանակը: Մենք բաժանվեցինք երկու խմբի: Մի խումբը գնաց ֆոտո անելու, իսկ մյուսը մնաց ժուռնալիստիկայի: Ես ժուռնալիստիկայի խմբի մեջ էի: Սովորեցինք, թե ինչ է լուրը, թե ինչպես հարցազրույց վերցնել: Առաջարկեցինք գաղափարներ, իմացանք բաց և փակ հարցերի մասին, հարցեր կազմեցինք, խոսեցինք հարցազրույցի երեք փուլերի մասին: Նույնիսկ առաջին անգամ լսեցինք Մարինեի ձայնը: Ահա, լսվեցին ոտնաձայներ և երեխաների խոսակցությունները: Ֆոտո անող խումբը հետ եկավ: Երբ Նարեկը մտավ սենյակ, շատ գոհ տեսք ուներ և պայուսյակը ուսից իջեցնելով՝ ասաց.

-Տիկին Ռուզան, գնացինք մի պապիկի տուն, մի երեխա ասեց, որ տանը չի, մեկ ուրիշը՝ թե գնացել է ուրիշ երկիր, մյուսն էլ ասաց, որ ուրիշ աշխարհում ա:

Ծիծաղեցինք և այդպես էլ չկարողացանք պարզել՝ հետո գտե՞լ են այդ պապիկին, թե՞ ոչ:

Մենք ունեինք մեկ ժամ ազատ ժամանակ: Խաղացինք տարբեր խաղեր՝ շաշկի, վոլեյբոլ, ֆուտբոլ: Ճաշից հետո սկսեցինք քննարկել ֆիլմերի գաղափարները, ֆոտոյի խումբը պատմեց ֆոտոարշավի մասին: Քննարկման ժամանակ բաժանվեցինք խմբերի տարբեր ֆիլմերի վրա աշխատելու համար: Երկար քննարկումներից և քվեարկություններից հետո ընտրեցինք, թե որ ֆիլմերն են նկարվելու, քանի որ ժամանակը չէր բավականացնի նկարել բոլոր գաղափարները:

Երկար օրը եզրափակեցինք խաղեր խաղալով: Խաղի իմաստը միմյանց անունները հիշելն էր: Իմ ֆեյսբուքյան էջի պատճառով ինձ անվանեցին Վարդան, Վարդուհի և նույնիսկ Մալթա: Հետո բոլորս գնացինք մեր «տները» և անուշ երազների մեջ ընկանք: