Մարթա Մինասյանի բոլոր հրապարակումները

marta minasyan

Իմ «5-րդ դասարանը»

Ես սովորելու ընթացքում փոխել եմ չորս դասարան, որոնցից յուրաքանչյուրն էլ յուրահատուկ է եղել, սակայն այս ընթացքում ամենայուրահատուկ դասարանը եղել է «TEDxkids2017»-ի դասարանը: Հանդիպում էինք շաբաթը մեկ անգամ՝ 2-3 ժամով: Մեր «դասարանի» 80%-ը գալիս էր ամենատարբեր մարզերից: Եվ քանի որ կային նաև գյումրեցի աշակերտներ, առանց հումորի անհնար էր:

Մենք այնտեղ չէինք սովորում թվեր գումարել կամ հանել, հիշել, թե ինչ-որ մեկը ինչ սխրանք է գործել, չէինք պատրաստվում քննությունների: Մենք սովորում և հիշում էինք մեր դասարանի երեխաների մտքերը, լսում կարծիքները, հասկանում նրանց էությունը, ծիծաղում, նկարներ անում: Իսկ լանչի ժամանակ 20 րոպեով բոլոր դասարանների պես խմբվում էինք սեղանների շուրջ ու զրուցում: Բայց այդ զրույցներն այնքան լավ չէին ընթանում, ինչքան դասերի ժամանակ: Ու գիտե՞ք, ամեն լանչի ժամանակ նույն խմբով չէինք նստում, ինչպես դպրոցներում, այլ հակառակը՝ ամեն անգամ տարբեր խմբերով, տարբեր թեմաներով ու թարմ լուրերով:

Դե, այդպես երեք ամիս անցավ ու եկավ «վերջին զանգի» օրը: Բոլորս պետք է ելույթ ունենայինք մեզ հուզող խնդիրների մասին ու ցույց տայինք մեր 3 ամսվա աշխատանքը: Հերթով ամեն մեկս մեր ասելիքն ասացինք ու վերջապես ծանոթացանք ծնողների հետ: Այստեղ ուսուցիչները չէին ներկայացնում մեր աշխատանքը, այլ մենք ինքներս:

Եկավ հրաժեշտի պահը: Մեր միջի գյումրեցին վերջին րոպեին բացականչեց.

-Ո՜ւխ, պրծամ սրանցից, ես գնացի:

Ես էլ հետևից կատակը շարունակեցի՝ ասելով.

-Դավաճա՜ն:

Բոլոր դասարանների պես կապը պահում ենք ու առիթ ենք փնտրում հանդիպելու համար. կլինի դա փառատոն, համերգ կամ մի այլ բան: Ափսոս, որ հաճախ հավաքվում ենք ոչ բոլորով:

marta minasyan

Արջը՝ կով

Սովորության համաձայն ամռանը դասարանով գնացինք էքսկուրսիայի: Այս տարի՝ դեպի Արցախ: Գիշերվա 2-ն անց 30 էր, և բոլորս՝ այդ թվում նաև վարորդը, շատ հոգնած էինք: Մի պատահական վայրում կանգնեցինք, որպեսզի հանգստանանք մի քիչ ու սնվենք, վարորդն էլ այդ ընթացքում փորձեց քնել: Դե, մենք ուտում ու կատակում էինք: Այդ ժամանակ ծնողներից մեկը մեզնից քիչ հեռու հեռախոսով էր խոսում: Հանկարծ մի ձայն լսեց, հետո կարծեց, թե թվացել է, բայց մեր դասարանի տղաներից մեկն էլ ասաց, որ նույնպես լսել է: Հետո բոլորս լսեցինք այդ ձայնը, և մի քանի աղջիկներ վախից մտան մեքենան, 2 րոպե չանցած՝ նորից դուրս եկան: Ստուգելու համար տղաներից մեկը քար նետեց ձայնի կողմը, իսկ այնտեղից արջի բարձր ձայն ելավ:

-Հորս արև, երեխեք, արջ ա,- բղավեց նա:

Բոլորս՝ տղաները նույնպես, բարձր ձայներ արձակելով՝ մտանք մեքենան: Վարորդն այդ պահին տեղից վեր թռավ, իսկ նրա վրայի ծածկոցը թռավ օդ: Դե, ես այդ ամենը տեսա: Բայց մի տեսակ չհավատացի, որ արջ եմ տեսնում, ավտոբուսից գլուխս հանեցի: Այդ պահին մի մեքենա անցավ և լույս գցեց արջի վրա, բոլորը նորից վախեցած հետ քաշվեցին, իսկ ես հետաքրքրությունից դրդված ուշադիր նայեցի ու տեսա, որ դա ընդամենը կով է ու բարձր ծիծաղեցի՝ ասելով, որ այնտեղ կով է: Նրանք շարունակում էին մտածել, որ արջ է, ու կարծես նրանց վրա ազդել էր վախի գործոնը. սմբակավոր կովին արջի տեղ էին դրել: Դե, բոլորը հանգստացան, ու ամբողջ ճանապարհին մի կուշտ ծիծաղեցինք՝ ամեն մեկս մյուսի վախեցած պահվածքը ծաղրելով:

marta minasyan

Ինչպես ամեն բան փոխվեց

Վերջերս ես անընդհատ հաղթանակներ եմ ունենում, մրցանակներ եմ ստանում: Պատճառը իմ ակտիվ ու հետաքրքիր կյանք վարելու երազանքն է, որն իրականանում է: Երբ ես գրեցի իմ առաջին հոդվածը՝ «Ով եմ ես», հոդվածումս այսպես էի գրել. «Ես մի աղջիկ եմ, ով ուզում է իր կյանքը դարձնել հետաքրքիր ու ակտիվ»: Ես սկսեցի այդ երազանքին, որը դարձավ նպատակ, հասնել միանալով տարբեր ակումբների՝ SKYE, Sisian Advanced English Group, մասնակցել մրցույթների՝ POETRY, TEDxkids, FLEX և այլն, ճամբարների կամ այլ միջոցառումների հայտագրվել՝ «Արքանե», «Սահմանից սահման», 17.am և այլն:

Այդ երազանքն իմ մեջ արթնացրեց իմ մորաքրոջ ավագ դուստրը՝ մեր սիրելի Զաքարյան Սոսեն: Նա էլ ամեն մրցույթի, ամեն միջոցառման մասնակցում էր: Բոլորս նրանով էինք հպարտանում ու նրա ամեն գալուց ակամա ուրախ էինք: Այդ ամենը տեսնելով, մտածեցի ես էլ ակտիվ ու հետաքրքիր կյանք վարեմ, ոչ թե այդ նույն գովեստների համար, որ պիտի իմ հասցեին էլ ասվեն, այլ, որ ինքս ինձ լավ զգամ, ու ինչու ոչ, ինքս ինձնով հպարտանամ: Սոսեն, այսպես ասած, վարակեց, և նրան հետևեցինք ես ու նրա քույրիկը՝ Հերմինեն:

Վերոնշյալ մրցույթներից կամ միջոցառումներից շատերում ես հաջողություններ եմ ունեցել: Այդ ամենը փոխեց իմ մտածելակերպն ու աշխարհայացքը՝ ես աշխարհին սկսեցի նայել լավատեսորեն: Նաև դադարեցի կարծել, թե ես ընդունված չեմ շրջապատում, կամ քչերն են ինձ հասկանում և այլ նմանատիպ մտքեր, որոնք ինձ այլևս չեն մտահոգում:

Այժմ ես ինձ զգում եմ դասարանում լավ ընկեր և շարունակում եմ աջակցել ընկերներիս, ներգրավել նրանց այն բոլոր իրադարձություններում, որոնցում ես կամ:

Եթե ինձ մնա, անվերջ կգրեմ, թե ինչպես ես փոխվեցի, բայց այնքան քիչ բառեր են պետք այդ ամենը նկարագրելու և բացատրելու համար:

marta minasyan

Ծնունդը՝ հեչ, կինոն՝ մեջ

Հայրիկիս ծննդյան օրն էր: Բոլորս էլ շատ ուրախ էինք: Ամեն բան շատ լավ էր ընթանում. պարում էինք, երգում ու ծիծաղում: Անգամ տորթը մատուցելիս հնդկական պար պարեցինք:

Խնջույքի ընթացքում ես մի պահ մտածեցի, որ մի բան պակասում է. ինչ-որ արտասովոր բան պիտի պատահի, ինչպես ամեն տարի: Մեկ րոպե էլ չանցավ և կատարվեց շատերի համար անսպասելի, բայց ինձ համար սովորական մի բան: Կրտսեր քույրիկս համակարգչով միացրեց իր սիրելի կորեական սերիալը (դորաման) և հանկարծ սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Քիչ հետո պարզվեց, որ այդ ֆիլմում իր սիրելի կերպարը մահացել է: Բոլորը սկսեցին ծիծաղել, իսկ նա շարունակում էր լացել: Այդ պահին ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել մոլի երկրպագու:

-Տնաշեն, պապայիդ ծնունդն ա, իսկ դու լացում ես,- ասաց հյուրերից մեկը:

marta minasyan

Սիդը, Վիրը, Իչան ու Տապուն…

-Բարև Ձեզ,- ասացի ես՝ մտնելով մորաքրոջս տուն:

Մնացի այնտեղ մինչև երեկո: Ահա՛, սկսվեց «Մերժվածը» հնդկական «բարձրորակ» սերիալը: Դիտում ենք ֆիլմը, և ահա՛, ցույց են տալիս, որ մեր սիրելի հերոսներ Տապուն ու Իչակին մեծացել են: Համոզվա՛ծ եմ, ողջ ՀՀ-ն այդ պահին անհամբերությամբ սպասում է, որ ցույց կտան Իչային: Մորաքրոջս ավագ դուստրն ասաց.

-Միայն թե գեղեցիկ լինի Իչան:

Ահա և եկավ մեր հերոսների մեծ տարիքը: Բոլորն արդեն սպասում են իսկական հնդկական սերիալին: Այն պահին, որ Իչան պետք է սիրահարվի, ու թե ինչպիսի դժվարությունների միջով պետք է անցնի այդ ընթացքում, ցույց են տալիս. «Ռամն ինձ օգնական»,-կանչող տատիկի ձեռքը: Կարճ ժամանակահատվածում գուշակեցինք ֆիլմի ընթացքը, բայց դե ամեն դեպքում, պարզելու համար` մեր 6-րդ զգայարանը ճիշտ է աշխատում, թե ոչ, նայեցինք ֆիլմը: Հաջորդ օրը տեսանք սպասված ռոմանտիկ պահին:

-Հաստատ, հիմա բոլոր տղաները Սիդի այս խոսքերն անգիր են անում, որ իրենց սիրած աղջկան ասեն,- ժպիտը դեմքին ասաց մայրիկս:

Հանկարծ հայտնվում է ֆիլմի «լավ տղան»՝ Վիրը: Բնականաբար պարզ դարձավ, որ նա կդառնա Իչայի ասպետը:

Ամբողջ դպրոցն այդ սերիալի մասին է խոսում՝ մոռանալով, որ իրական կյանք էլ կա: Գրեթե բոլոր աղջիկները խոսում են Վիրի մասին և երազների մեջ ընկնում՝ մոռանալով, թե ինչ տարիքում են գտնվում:

Ֆիլմը տևում է երկուշաբթիից որբաթ, բայց իրականում՝ սկսվում է այն պահից, երբ արթնանում ենք, և ավարտվում միայն քնելիս:

marta minasyan

Սիսիանի լավագույն մեղվապահ Սանթուր պապին

Հերթական անգամ, նստելով համակարգչի դիմաց, մտածում եմ.

-Է՜: Ի՞նչ կլինի` էս համակարգչից մի քիչ կտրվեմ: Բայց դե ինչ անեմ: Ոչ տարիքս է, որ դուրս գամ խաղամ, ոչ էլ մեկը կա` հետը ժամանակ անցկացնեմ:

Մտածում եմ ու հանկարծ.

-Իմացա: Հոդված կգրեմ: Ավելի ճիշտ, հարցազրույց:

Միանգամից, առանց մտածելու հիշեցի Սանթուր պապիկին ու զանգահարելով նրան, պայմանավորվեցինք հարցազրույցի համար: Այնքան ուրախ էի, որ վերջապես կարող եմ այն մարդու մասին, ով միշտ ինձ յուրահատուկ է վերաբերվել և միշտ ջերմ ընդունել իր տանը, ով ինձ համար հարազատ պապիկի նման է, կարող եմ նրա մասին հոդված գրել: Չնայած սաստիկ շոգին, ես ուրախ-ուրախ ուղևորվեցի Սանթուր պապիկի տուն (ուրախությունս պայմանավորված էր նաև նրանով, որ նրա անուշահոտ մեղրից դարձյալ ինձ բաժին կհասներ):

Այսպիսով, հասա տեղ:

-Բարև, Սանթուր պապի: Ո՞նց ես:

-Լավ եմ: Արի նստի, տենամ` ի՞նչ ես ասում: Դե, սկսի, Մարթա ջան:

-Սանթուր պապի, կպատմե՞ս մի քիչ քո մանկությունից:

-Մանկությունի՞ց: Չեմ կարող պատմել:

-Լավ: Իսկ դպրոցն ավարտելուց հետո ինչո՞վ ես զբաղվել:

-Ինչո՞վ եմ զբաղվել: Աշխատել եմ, սովորել եմ: Ընդունվել եմ Սիսիանի պոլիտեխնիկումը, Երևանի իրավաբանական ֆակուլտետը: Հետո աշխատել եմ ոստիկանությունում:

-Հե՞շտ է եղել ոստիկանի աշխատանքը:

- Ոչ մի բան էլ հեշտ չի էղել:

-Հեշտ ա եղել, շատ հեշտ-, միջամտեց կինը, ով կանգնած լսում էր մեզ:

-Դե լավ: Ծանր հանցագործություններ են եղել: Կենցաղային հանցագործություններ էլ են եղել, միշտ ցանկացել եմ հաշտեցնել, որ ոչ մեկին պատասխանատվության չենթարկեն:

-Դու ինչպե՞ս ես ծանոթացել քո կնոջ հետ:

-Վա՜յ: Սև ըլնի էդ օրը…

-Կտրվես դու,- կատակին պատասխանեց կինը:

-Թող Անոն պատմի:

-Չէ, ես չէ:

-Լավ: Ուրեմն, միասին սովորել ենք համալսարանի նախապատրաստական բաժանմունքում: Այ, էդտեղ ենք ծանոթացել: Հետո զոռո՜վ-ուժո՜վ բերել եմ Սիսիան,-կատակեց կրկին Սանթուր պապին,- չէր ուզում գար, բայց հետո էկավ, ուրախացավ: Չե՞ս հավատում, հենա հարցրու Անոյից:

-Ինչպե՞ս դարձար մեղվապահ:

-Մեղվապահ դառնալը էղել ա պատահական: Այսինքն հերս պահում էր մեղու, հետո չկարաց պահի, ստիպված ես իրա գործը շարունակեցի, որպեսզի չտխրի: Հետո դարձա մեղվապահ:

-Քեզ համար ո՞ր գործն է ավելի հեշտ կամ հարազատ. Ոստիկանի՞, թե՞ մեղվապահի:

-Մեղվապահ ըլնելը: Բացի ոստիկան լինելուց, ամեն գործ հեշտ ա: Ծանր գործ ա էնտեղ: Կողքից հեշտ ա էրևում, բայց ծանր գործ ա: Տարբեր մարդկանց հետ ես շփվում անընդհատ:

-Մեղվապահության մեջ դժվարություններ կա՞ն:

-Դժվարությունները շատ են: Եթե սիրենք էդ գործը՝ դժվարությունները հեշտ ա լինում հաղթահարելը:

-Խելացի մեղվապահը ի՞նչ պիտի անի, որ լավ մեղր ստանա:

-Խելացի մեղվապահը, եթե զբաղվում ա մայրերի սելեկցիայով, վատ տարին էլ ա, մեղր ա ունենըմ: Պիտի անընդհատ լավ մայրերը բերես բուծես, սորտը փոխես մեղվի, որպեսզի լավ մեղր տան: Մեղրափոխ սորտեր պիտի բերեն: Այ օրինակ, մարդիկ բերում են մեղրատու սորտեր, միշտ լաց են լինում վատ մեղրի համար, իսկ այ, ես լաց չեմ լինում, որովհետև իմ մեղուները լա՜վն են, լավ մեղր են տալիս:

-Ինչպե՞ս եք բուծում մեղուներին, Սանթուր պապի:

-Գնում եմ Վրաստանից լավ տեսակի սորտեր եմ առնում: Էնտեղ մեղվաբուծական տնտեսություն կա, առնում եմ բերում: Չնայած թանկ ա, բայց հետո բերում ա ինքնարժեքի գնով: Էդ մեղրը շատ ա բերըմ, գալիս ա, ձրի ա անում: Հաշվի` ձրի ա, վերջնական հաշվով:

-Ինչպե՞ս տարբերել լավ մեղրը վատից:

-Է՜, հազար տեղ գրած ա գրքերի մեջ: Էդ բոլոր դեպքերում, լավը հենց ուտելուց էլ տարբերվում ա: Ասենք, համի տեսակետից, էդ հարաբերական ա լավ ու վատը: Նայած` որ բույսից ա բերել, որտեղից ա տվել, լեռնային ա, թե ուրիշ տեղից ա: Մարդ կա` սիրում ա ալպիական ծաղիկների մեղր, մարդ կա`ասենք, լեռնային մեղր ա սիրում, մարդ կա` փափուկ մեղր: Մաքուր մեղրերը միշտ տարբեր համեր ունեն, մարդու ճաշակից ա կախված ու բույսերից: Եթե թղթի վրա մեղրը քցըմ ես ու պահում ես կրակի վրա, եթե մաքուր ա մեղրը՝ հալըմ ա, եթե շաքար ա՝ թուղթը վառվում ա: Բայց դե էդ սովորական ձևերով էլ չես կարա ճշտես` մաքուր ա, թե չէ:

-Շնորհակալություն, Սանթուր պապի: Ես գնամ:

-Խնդրե՜մ: Արի` մի հատ էլ մեղր տամ կեր, նոր գնա:

«Քաղաքացի» նախագիծը ավագ դպրոցի Իրավագիտական հոսքում

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

-Երեխաներ, կա նախագիծ, որի անունն է «Քաղաքացի»: Այս նախագծով պետք է ներկայացնենք մեր համայնքում առկա խնդիրները,- ասաց ընկեր Գրիգորյանը, երբ դասն ավարտվեցինք:

Մեզ շատ հետաքրքրեց նախագիծը և միասին սկսեցինք ներկայացնել համայնքային խնդիրներ:

-Ընկեր Գրիգորյան, մեր թաղի ասֆալտապատումը, որ քանի ամիս ա` սպասում ենք, կլինի՞:

-Գետափի այգին, որտեղ լիքը թափված տերևներ են, ու չեն մաքրում:

-Երեխաներ, տանը կմտածեք ու հաջորդ ժամին կներկայացնեք,- հանձնարարեց մեր ուսուցիչը:

Անցավ երկու օր, և ողջ դասարանը ներկայացրեց համայնքային խնդիրները:

-Այս նախագծի համար ինձ պետք են 16 հոգի, ովքեր կներկայացնեն ու կաշխատեն այս խնդիրների վրա: Ովքե՞ր են ցանկանում:

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Արձագանքեցինք աղջիկներով, և ընկեր Գրիգորյանը զարմացած ասաց.

-Չհասկացա: Էս ոչ մի տղա չի՞ ուզում: Ամոթ է, առաջինը հենց տղան պիտի ձեռք բարձրացնի:

Սկսեցինք  քննարկել նշված խնդիրները:

-Ընկեր Գրիգորյան, եկեք այգիների խնդիրը միացնենք խաղահրապարակների խնդրինն, որովհետև իրար հետ կապված են:

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Ես քանի որ կողմնակից եմ շրջակա միջավայրի մաքրությանը, բարձրաձայնեցի մեր քաղաքում հոսող Որոտան գետի աղտոտվածության խնդիրը.

-Օրինակ, Որոտան գետը հիմա ահավոր կեղտոտ է: Ու մաքրության աշխատանքներ չեն կատարվում:

-Բայց մի քանի տարի առաջ մաքրման աշխատանքներ են կատարվել,- ընդհատեցին խոսքս, ասելով այն, ինչ պատրաստվում էի ասել:

-Ճիշտ է, բայց ինչքան ժամանակ է անցել դրանից հետո:

Հաջորդ ժամին ես գրատախտակի մոտ կանգնած ներկայացրեցի մեր վեր հանած հիմնախնդիրը.

-Մեր քաղաքում հոսում է մի գետ, որը շատ աղտոտված է, և չի մաքրվում: Գետի ափի մի հատվածում կան տներ, որոնց բնակիչները գարշահոտության պատճառով խուսափում են հողագործությամբ զբաղվել իրենց բանջարանոցներում: Բացի այդ, երբ մեր քաղաք զբոսաշրջիկներ են գալիս, շատ տհաճ է այն, որ նրանք տեսնում են այդ աղտոտված մասերը և զգում գարշահոտությունը:

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Ինձնից հետո մյուս աշակերտուհին ներկայացրեց մեր քաղաքի մարզասրահի խնդիրը.

-Մեր մարզասրահի հատակը վնասված է, որի պատճառով մարզումների ժամանակ մարզվող աշակերտները հաճախ են մարմնական վնասվածքներ ստանում:

-Ես մի անգամ ծունկս վնասել եմ, երբ վազելիս ոտքս մտավ հատակի փոսերից մեկի մեջ ու, հավասարակշռությունս կորցնելով, ընկա գետնին -ասաց այդ դեպքերից մեկի «զոհ» դարձած մեկը:

Ահա երկար քննարկումներից հետո որոշվեց, որ ամեն մի խումբ իր հիմնախնդիրը ներկայացնի փաստարկներով:

Ես անմիջապես գտա տեսախցիկ և մեր Սիսիանի մի կամրջից կամ մեր լեզվով ասած, Աղջկա արձանի մոտից, լուսանկարեցի գետը: Լուսանկարելու ժամանակ  գետի ճահճուտների հոտի պատճառով ստիպված եղա շունչս պահել: Ինչևէ, աշխատանքս կատարեցի և ցույց տվեցի նկարները ընկեր Գրիգորյանին:

Մինչ օրս էլ շարունակում ենք աշխատել ծրագրի վրա, և իհարկե, հարցազրույցների միջոցով հաշվի ենք առնում քաղաքի բնակիչների կարծիքները:

Հետագա աշխատանքների մասին կներկայացնեմ հաջորդ նյութիս մեջ, հուսով եմ, այս անգամ խնդիրը լուծված տեսքով:

marta minasyan

Ընտրությունները Սիսիանում

Երևի բոլորիդ ծանոթ է այն երևույթը, որ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ (խոսքը միայն նախագահի ընտրությունների մասին չէ) այս տարի մեր քաղաքում էլ քաղաքապետի ընտրություններն են կայանում: Ես առաջին անգամն է, որ ակտիվորեն հետևում եմ այդ ամենի ընթացքին:

Ես գիտեի, որ մեր քաղաքում բոլորը միմյանց ճանաչում են: Սակայն այս անգամ ավելին էր. քաղաքացիները չափազանց լավ տեղյակ են մեկը մյուսից, և քանի որ հիմա քաղաքապետի ընտրություններ են, նրանք խոսում են թեկնածուներից:

Ինչ ասես չիմացանք այդ մարդկանց մասին: Էլ չեմ ասում, որ զանազան հոդվածներ են գրվում նրանց մասին: Կային բազմաթիվ հոդվածներ` քննադատական, գովաբանող, օրինակ` «Քաղաքապետի  աթոռին քրեական հանցագործ», «Քաղաքիս դիմագիծը», ինչպես նաև թեկնածուներին ներկայացնող  լուսանկարներ և այլն:

Քաղաքապետի ընտրություններին  զուգահեռ անցկացվում են Սիսիանի ավագանու ընտրություններ, և սա ինձ համար փոքր ինչ  ցավոտ հարց է: Ավագանու թեկնածուները հիմնականում երիտասարդ են: Իմ բախտը բերել է, որ ընտրելու իրավունք չունեմ: Դա լավ է նրանով, որ չեմ տատանվի, թե ում ընտրեմ, քանի  որ ես ճանաչում և հավատում եմ գրեթե բոլոր ուժերին և  բոլորին շատ եմ հավանում: Մեկի մասին իմանալուց հետո իմանում եմ մյուսի մասին: Օրինակ, այսօր ևս նոր ավագանու թեկնածուի պաստառ տեսա  և նրան ևս  հաջողություն մաղթեցի:

Ինչ ասեմ…Առաջին տարին հետևեցի ընտրություններին և բավական շատ բան իմացա մեր քաղաքի բնակիչների մասին:

Հաջողություն եմ մաղթում բոլորին: Թող իսկապես ընտրվեն նրան, ովքեր իրենց խոստումները կիրագործեն:

marta minasyan

Մականունները

Ա՜խ այդ մականունները՝ մեկ տհաճ, մեկ ծիծաղելի, մեկ էլ հաճելի: Համոզված եմ, որ մականուն, կամ ինչպես սիրում են ասել, պիտակ չունեցող մարդ չկա: 

Ես ինքս իմ ողջ կյանքում, միշտ նոր ու մեկը մյուսից խիստ տարբեր, ծիծաղելի և անհավանական (աբսուրդ) մականուններ եմ ստացել: Մանուկ հասակում` Մարտշկա, դպրոցական տարիներին աշխարհագրությունից՝ Մարթոլորտ, երբեմն էլ  կատակով օգտագործում էին տարբեր արտահայտություններ, որոնք սկսվում են «մարդա» բառով. «մարդա մի շիշ», «մարդա 1000 դրամ » և այլն: 8-9-րդ դասարաններում՝Մռդո, Խուան Մարթա, վատագույն դեպքում էլ, Մարտա (հայտնի ֆուտբոլիստուհու պատվին):

Ճիշտ է դպրոցս ավարտեցի` հույս ունենալով, որ մականուններս այլևս չեն հիշվի, սակայն ճակատագրից չես փախչի: Ես այժմ մասնակցում եմ մեդիա ճամբարի, որը կազմակերպում է «Մանանա» կենտրոնը: Այստեղ էլ նոր մականուն ձեռք բերեցի՝  Վարդան, որը առաջացել է իմ Ֆեյսբուքի պրոֆիլի անունից: Որպեսզի խուսափեմ հարյուր անգամ կրկնվող հարցից, թե ինչու է իմ պրոֆիլի անունը Վարդան, կբացատրեմ պատճառն ու պամությունը ամենայն մանրամասնությամբ:

Իմ այժմյան ֆեյսբուքյան էջը երեք տարի պատկանել է իմ հայրիկին՝ Վարդան Մարտինի Մինասյանին, և ահա օրերից մի օր ես ցանկացա ինձ ֆեյսբուքի էջ բացել` հայրիկիս հետևյալն ասելով.

-Պա՜պ, ինձ ֆեյսբուքի պրոֆիլ բաց, էլի, կարիքը շատ ունեմ:

Հայրիկս էլ իր չօգտագործվող պրոֆիլն ինձ տվեց: Քանի որ ես դեռ համակարգչից օգտվելու մեջ այնքան էլ վարժ չէի,  այդպես էլ թողեցի անունը. Վարդան Մինասյան, և միայն այսօր՝ երեսուն րոպե առաջ կարգավորեցի իմ շա՜տ սիրելի ընկեր Լիլիթի օգնությամբ:

Դե ինչ, հուսամ, որ ողջ կյանքում  նորանոր մականուններ կունենամ` մեկը մյուսից զվարճալի անվանումներով ու պատմություններով:

Աղվերանի մեդիա ճամբար. Օր երկրորդ

Ուռա՜, լույսը բացվեց, զարթուցիչը զնգաց և գրեթե բոլորս գնացինք մարզասրահ: Գնացինք և օգտվեցինք մարզասրահի բոլոր բարիքներից: Բնականաբար, գտնվեցին մի քանիսը, որ ավելի շուտ գնացին մարզասրահ և հասցրին մարզվելու հետ մեկտեղ նաև կատակել ու զվարճանալ: Այնուհետև առօրյա գործեր մինչ նախաճաշը՝ լվացվել, հագնվել, նաև սիրունանալ: Եկավ նախաճաշի ժամը: Բոլորս 17.am-ի շապիկները հագած գնացինք ուտելու, ինչպես միշտ սկսեցինք զրուցել մյուս մասնակիցների հետ, կատակներ անել: Շատերը ուտում են այն, ինչ սիրում են, իսկ ոմանք էլ՝ կալորիաներն են հաշվում: Նստում ենք մեծ ու փոքր սեղանների շուրջը, փնտրում մարդկանց, ովքեր կնստեն մեր սեղանի մոտ՝ ազատ աթոռներին, բայց խումբը մեծանում է և շուտով սկսում ենք աթոռներ ավելացնել: Իսկ ճաշարանի մեծ հայելու մոտով անցնելիս միշտ նկարվում ենք կամ ծուռ մազերը ուղղում:

Նախաճաշից հետո գնացինք սենյակ, զանգեցինք տնեցիներին, մի քանի բառ ասացինք և իջանք քննարկումների սենյակ, որտեղ սկսվեց բազմաբովանդակ վարպետության դաս Սլավոնական համալսարանի դասախոս և RAU-TV-ի օպերատոր Դավիթ Թորոսյանի հետ: Բավականին ինֆորմացիա ստացանք. թե ինչպես նկարահանել ֆիլմ, օգտվել եռոտանուց և տեսախցիկից: Այնուհետև դասախոսություն, թե ինչպես նյութի թեմա ընտրել, ինչպես զարգացնել գաղափարները:

Ահա, վերջապես եկավ ֆոտոարշավի գնալու ժամանակը: Մենք բաժանվեցինք երկու խմբի: Մի խումբը գնաց ֆոտո անելու, իսկ մյուսը մնաց ժուռնալիստիկայի: Ես ժուռնալիստիկայի խմբի մեջ էի: Սովորեցինք, թե ինչ է լուրը, թե ինչպես հարցազրույց վերցնել: Առաջարկեցինք գաղափարներ, իմացանք բաց և փակ հարցերի մասին, հարցեր կազմեցինք, խոսեցինք հարցազրույցի երեք փուլերի մասին: Նույնիսկ առաջին անգամ լսեցինք Մարինեի ձայնը: Ահա, լսվեցին ոտնաձայներ և երեխաների խոսակցությունները: Ֆոտո անող խումբը հետ եկավ: Երբ Նարեկը մտավ սենյակ, շատ գոհ տեսք ուներ և պայուսյակը ուսից իջեցնելով՝ ասաց.

-Տիկին Ռուզան, գնացինք մի պապիկի տուն, մի երեխա ասեց, որ տանը չի, մեկ ուրիշը՝ թե գնացել է ուրիշ երկիր, մյուսն էլ ասաց, որ ուրիշ աշխարհում ա:

Ծիծաղեցինք և այդպես էլ չկարողացանք պարզել՝ հետո գտե՞լ են այդ պապիկին, թե՞ ոչ:

Մենք ունեինք մեկ ժամ ազատ ժամանակ: Խաղացինք տարբեր խաղեր՝ շաշկի, վոլեյբոլ, ֆուտբոլ: Ճաշից հետո սկսեցինք քննարկել ֆիլմերի գաղափարները, ֆոտոյի խումբը պատմեց ֆոտոարշավի մասին: Քննարկման ժամանակ բաժանվեցինք խմբերի տարբեր ֆիլմերի վրա աշխատելու համար: Երկար քննարկումներից և քվեարկություններից հետո ընտրեցինք, թե որ ֆիլմերն են նկարվելու, քանի որ ժամանակը չէր բավականացնի նկարել բոլոր գաղափարները:

Երկար օրը եզրափակեցինք խաղեր խաղալով: Խաղի իմաստը միմյանց անունները հիշելն էր: Իմ ֆեյսբուքյան էջի պատճառով ինձ անվանեցին Վարդան, Վարդուհի և նույնիսկ Մալթա: Հետո բոլորս գնացինք մեր «տները» և անուշ երազների մեջ ընկանք: