hayrapi baghdasaryan

«Մեծացած փոքրացածները»

Ասում են`փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ: Լինում են շատ դեպքեր, երբ այս մտքի հետ համաձայն չեմ լինում: Օրինակ, երբ տեսնում եմ, որ փոքրերն իրենց մեծի տեղ են դնում: Ժամանկը հեչ էլ կապ չունի, մարդը մարդ է ամեն տեղ, ամեն ժամանակ, երեխան`երեխա:

Տասնչորս տարեկան մի աղջիկ այնպես էր շպարվել, որ նայեցի, մտածեցի` մի քսանն անց կլինի: Ախր, ո՞րն է տարիքից մեծ երևալու իմաստը: Երևի վախենում են չմեծանան: Չէ՞ որ ամեն բան իր ժամանակն ունի: Իսկ ես հիշում եմ, տասներեք-տասնչորս տարեկանում դեռ բակում ընկուզենու տերևներից ու ցեխից տոլմա էի պատրաստում:

Մի քանի օր առաջ տասնյոթ տարեկան եմ դարձել, բայց չեմ ուզում մեծանալ: Ախր, մանկությունն այնքան հաճելի բան է, որ ուզում եմ հավերժ երեխա մնալ:

Հիմա նայում ենք երեխաներին ու մեծերից չենք տարբերում: Մեծ-մեծ խոսում են, տգեղ բառեր օգտագործում: Էլ չեմ ասում, որ գիրք կարդալն էլ լրիվ մոռացել են: Կարծես ամոթ բան է: Միայն իրենց սարքավորումներն են գրկում-նստում: Ես ոչինչ չունեմ տեխնիկայի դեմ: Դրանք մարդկանց նաև շատ օգնում են, բայց հենց դրանք էլ երեխաների մեջ սերմանեցին այլ արժեքներ: Քարդաշյաններ, «ծիմածիներ»… Երեխաներն իրենց իդեալներ են դարձնում` չես հասկանում ում: Շատերն արդեն վաղուց մոռացել են մոնթեներին, վարդաններին ու սոսեներին, այնինչ հենց նրանք պիտի դառնային երեխաներին կրթողները, ոչ թե ֆեյսբուքներն ու ինսթագրամները…

Թող հետ գան իմ մանկության տարիները, իմ «թսկած» գնդակը, մաշված կոշիկները, ցեխից տորթերն ու տերևներից փողերը… Երեխաների երեխայություններն ու անկեղծ ծիծաղը…