meri antonyan shirak

Մենք խաղահրապարակ ունենք

«Աֆլատուն» սոցիալ-ֆինանսական խմբակի երեխաների ջանքերով Շիրակի մարզի Գուսանագյուղում խաղահրապարակ տեղադրվեց: Այդ մասին զրուցեցի Գուսանագյուղի «Աֆլատուն» սոցիալ-ֆինանսական խմբակի ղեկավար Նունե Ղազարյանի հետ։     

-Ո՞ւմ նախաձեռնությամբ բացվեց խմբակը: 

-Խմբակը բացվել է  Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից և ի սկզբանե գտնվում էր նրա հովանու տակ, ամբողջ տարին բոլոր ֆինանսական ծախսերը հոգում էր հիմնադրամը։ «Աֆլատուն»-ի գլխավոր նպատակն է՝ երեխաներին սովորեցնել ճիշտ օգտագործել գումարը, բացի այդ այն փոխում է նաև երեխաների աշխարհայացքը։ Դպրոցի տնօրենը և համայնքի ղեկավարը պայմանագիր են կնքել հիմնադրամի հետ, և սեպտեմբեր ամսից սկսեց գործել «Աֆլատուն» սոցիալ-ֆինանսական խմբակը։

-Մե՞ծ է երեխաների ներգրավվածությունը:

-Քանի որ դպրոցը փոքր է, այնքան ել մեծ չէ երեխաների ներգրավվածությունը: Բացի այդ, այս խմբակը նորություն էր,  և երեխաների մեծ մասը չէր գիտակցում՝ ինչ է խմբակը, և որն է դրա էությունը,  այդ պատճառով  շատ երեխաներ չմասնակցեցին, բայց եղան նաև շատ ակտիվ մասնակիցներ, որոնք այսօր հավաստագրեր ստացան։

-Ձեր կարծիքով կա՞ն արդյոք ապագա ֆինանսիստներ:                    

-Սկզբնական շրջանում երեխաների մեծ մասը  իրենց ապագա մասնագիտությունը տեսնում էին հենց այս ոլորտում, և  կարծում եմ, որ այս խմբակը օգնում է երեխաներին իրենց մասնագիտության ընտրության հարցում։  Եվ այո, շատ երեխաներ ցանկանում էին դառնալ ֆինանսիստներ։

-Իսկ ի՞նչ միջոցներով  հավաքեցիք դրամ՝ խաղահրապարակ տեղադրելու համար  

-Փետրվար ամսին մենք կազմակերպեցինք տիկնիկային ներկայացում, տոմսեր պատրաստեցինք և վաճառեցինք: 208 գյուղացի գնեց տոմսերը, և հավաքված գումարով ոչ միայն տեղադրվեց խաղահրապարակ, այլ նաև մանկապարտեզի համար խաղալիքներ գնեցինք:

-Իսկ  խմբակը շարունակելո՞ւ է գործել: 

-Ճիշտն ասած, դա ստույգ հայտնի չէ, բայց  ֆինանսների հետ կապված առարկա է մտնելու դպրոցական ծրագրերի մեջ։