Մերի Անտոնյան (Շիրակ)ի բոլոր հրապարակումները

meri antonyan shirak

Մենք խաղահրապարակ ունենք

«Աֆլատուն» սոցիալ-ֆինանսական խմբակի երեխաների ջանքերով Շիրակի մարզի Գուսանագյուղում խաղահրապարակ տեղադրվեց: Այդ մասին զրուցեցի Գուսանագյուղի «Աֆլատուն» սոցիալ-ֆինանսական խմբակի ղեկավար Նունե Ղազարյանի հետ։     

-Ո՞ւմ նախաձեռնությամբ բացվեց խմբակը: 

-Խմբակը բացվել է  Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից և ի սկզբանե գտնվում էր նրա հովանու տակ, ամբողջ տարին բոլոր ֆինանսական ծախսերը հոգում էր հիմնադրամը։ «Աֆլատուն»-ի գլխավոր նպատակն է՝ երեխաներին սովորեցնել ճիշտ օգտագործել գումարը, բացի այդ այն փոխում է նաև երեխաների աշխարհայացքը։ Դպրոցի տնօրենը և համայնքի ղեկավարը պայմանագիր են կնքել հիմնադրամի հետ, և սեպտեմբեր ամսից սկսեց գործել «Աֆլատուն» սոցիալ-ֆինանսական խմբակը։

-Մե՞ծ է երեխաների ներգրավվածությունը:

-Քանի որ դպրոցը փոքր է, այնքան ել մեծ չէ երեխաների ներգրավվածությունը: Բացի այդ, այս խմբակը նորություն էր,  և երեխաների մեծ մասը չէր գիտակցում՝ ինչ է խմբակը, և որն է դրա էությունը,  այդ պատճառով  շատ երեխաներ չմասնակցեցին, բայց եղան նաև շատ ակտիվ մասնակիցներ, որոնք այսօր հավաստագրեր ստացան։

-Ձեր կարծիքով կա՞ն արդյոք ապագա ֆինանսիստներ:                    

-Սկզբնական շրջանում երեխաների մեծ մասը  իրենց ապագա մասնագիտությունը տեսնում էին հենց այս ոլորտում, և  կարծում եմ, որ այս խմբակը օգնում է երեխաներին իրենց մասնագիտության ընտրության հարցում։  Եվ այո, շատ երեխաներ ցանկանում էին դառնալ ֆինանսիստներ։

-Իսկ ի՞նչ միջոցներով  հավաքեցիք դրամ՝ խաղահրապարակ տեղադրելու համար  

-Փետրվար ամսին մենք կազմակերպեցինք տիկնիկային ներկայացում, տոմսեր պատրաստեցինք և վաճառեցինք: 208 գյուղացի գնեց տոմսերը, և հավաքված գումարով ոչ միայն տեղադրվեց խաղահրապարակ, այլ նաև մանկապարտեզի համար խաղալիքներ գնեցինք:

-Իսկ  խմբակը շարունակելո՞ւ է գործել: 

-Ճիշտն ասած, դա ստույգ հայտնի չէ, բայց  ֆինանսների հետ կապված առարկա է մտնելու դպրոցական ծրագրերի մեջ։

Դիմանալով անտարբերությանը

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Տատիկս միշտ պատմում էր, որ երբ մարդիկ որոշել են գյուղ կամ բնակավայր կառուցել, ամենից առաջ եկեղեցի են կառուցել, հետո նոր իրենց տները: Ճիշտ է, ինչքն էլ զարմանալի է, բայց փաստ է։ Երբ 1830-ական թվականներին հիմնվեց Գուսանագյուղը, գյուղի բնակչությունը անմիջապես որոշեց եկեղեցի կառուցել։ 1900-ական թվականներին Գյումրիից եկած հոր և որդու ջանքերով կառուցվեց Գուսանագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին։

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Շինարարական աշխատանքները տևեցին շուրջ 10 տարի, և 1910 թվականին ավարտվեց եկեղեցու շինարարությունը: Ասում են, որ հենց հաջորդ օրը տեղի ունեցավ առաջին Պատարագը։ Իսկ երբ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, և տարածվեց աթեիզմը, մեր եկեղեցին ևս արժանացավ մյուս եկեղեցիների բախտին և դադարեց գործելուց:

Ինչքան էլ որ դժվար էր գյուղացիների համար, բայց նրանք հարկադրված քանդեցին եկեղեցու գմբեթը և ամբոջությամբ սպիտակեցրին սրբապատկերները, որպեսզի ավելի նմանվի պահեստի: Շուրջ 70 տարի այն ծառայեց որպես պահեստ։ Իսկ քահանային՝ տեր Թադևոսին, աքսորեցին:

Լուսանկարը՝ Մանե Անտոնյանի

Լուսանկարը՝ Մանե Անտոնյանի

Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, եկեղեցին ցավոք, չվերականգնվեց։ Երբ հետ ես նայում, զարմանում ես, թե ինչպես են մարդիկ՝ չունենալով ժամանակակից տեխնիկա, կարողացել կառուցել այդպիսի ճարտարապետական կառույց: Իսկ հիմա, երբ կան բոլոր կենսական պայմաները, մարդիկ զլացել են նույնիսկ վերանորոգել: Սակայն վերջերս արդեն սկսել են վերանորոգման աշխատանքները, և հույս ունեմ, որ հաջորդ նյութս վերանորոգված եկեղեցու մասին կլինի։

meri antonyan shirak

Գուսանագյուղի ավանդույթները

Յուրաքանչյուր բնակավայր ունի իրեն հատուկ ավանդույթներ և սովորույթներ: Հենց այդ ավանդույթների շնորհիվ է, որ մեր Գուսանագյուղը առանձնանում է մյուսներից։ Լինելով Շիրակի մարզի ամենահին բնակավայրը, Գուսանագյուղն ունի հնուց եկած շատ ավանդույթներ, որոնք հատուկ են միայն իրեն։

Տատիկս, լինելով գյուղի ամենատարեց մարդկանցից մեկը, լսելով իր տատիկից, իր տատիկը՝ իր մայրիկից, ասում էր, որ կա մի ավանդույթ, որ թերևս ամենակարևորն է: Դա փետրվար ամսի վերջին օրն է, երբ տարին հաջող և բերքառատ լինելու համար տան կանայք երեք անգամ ավլում էին տան շեմը և բաց էին անում տան բոլոր լուսամուտները, որպեսզի ցուրտ ձմեռը հեռանա, և տուն մտնի գարունը։

Կա ևս մի ավանդույթ, որը տատիկիս ասելով, սուրբ ավանդույթ է: Դա լավաշ թխելու արարողությունն է: Տատիկս շատ ավանդապաշտ է և հետևում է, որ մենք էլ պահենք այդ ավանդույթները, հատկապես այս լավաշ թխելու ավանդույթը։

Լավաշ թխելը շատ կարևոր և պատասխանատու գործընթաց է: Լավաշ թխելու ամենակարևոր մասը խմորը հունցելն է: Տատիկս դա կատարում է դա միայնակ: Միշտ զարմացել եմ, երբ տեսել եմ, թե ամեն անգամ ինչպես է խմորը հունցելուց ցածրաձայն արտասանում Տերունական աղոթքը և հունցելուց հետո խմորի վրա խաչ անում՝ ասելով, որ այդպես անելուց հացը երբեք չի պակասի։

Կա ևս մի ավանդույթ, որը վաղուց արդեն օրենք է դարձել: Դա այն օրենքն է, երբ քանի դեռ յոթ հացը չի լրացել, ոչ ոք իրավունք չունի հաց ուտելու, թե չէ՝ դժբախտություն կլինի։

Ահա Գուսանագյուղը և իր ավանդույթները։

meri antonyan shirak

Գարնան առաջին պարահանդեսը

Գարնանային պայծառ առավոտ է: Ցրտաշունչ ձմեռվանից հետո գյուղը արթնացել էր, իսկ գյուղացիները զբաղվում էին իրենց  գործերով։ Բայց պատմությունս, որ պիտի պատմեմ դրա մասին չէ։

Դուրս ելա պատշգամբ։ Այդ դյութական առավոտը գանձարանի նման ինձ էր հանձնում իր գանձերը, այդ ժպտերես արևը և փոքրիկ  առվակները, որոնք առաջացել էին ձնհալի հետևանքով: Առավոտը խոսում էր ինձ հետ, բայց ես չէի լսում, իսկ Գուսանագյուղի մեր կիսավեր ամրոցը սովորականի պես կագնած էր իր տեղում: Բայց այստեղ սովորական բառը հարաբերական է ասված, որովհետև այն, ինչ պետք է կատարվեր վայրկյաններ անց, ինձ սովորական չթվաց։

Հեռվից տեսա, որ մեր ամրոցին է մոտենում  թռչունների մի մեծ երամ: Այդ ակնթարթային երթն ինձ շատ դանդաղ թվաց: Նրանք մոտեցան և սկսեցին հերթով պտտվել մեր ամրոցի շուրջ: Մի պահ պատկերացրի, որ կագնած եմ մի պալատում, որտեղ պարահանդեսի են հրավիրել թռչուններին։ Մի քանի ժամ անց տեսա, որ պարահանդեսը ավարտվել է, որովհետև չէր երևում թռչունների խաղը:  Այդ տարօրինակ երևույթը տպավորվեց մեջս:

Իմ գյուղում գարունն այսպես է գալիս:

meri antonyan shirak

Ուշացում

Ուրբաթ առավոտ էր, սովորականի պես արթնացա շատ ուշ: Դասերի սկսելուն մնացել էր ընդամենը 10 րոպե, իսկ տնից մինչև դպրոց ճանապարհը շատ երկար էր։ Արագ հագնվեցի և շտապեցի դպրոց։ Ամբողջ ճանապարհին վազել էի․ հոգնածությունս հաղթեց պարտաճանաչությանս, և որոշեցի մի քիչ նստել և հանգստանալ։ Պատահաբար նստել էի այն տեղում, որտեղ նստում էին մեր գյուղի պապիկները, երբ տեսա, որ նրանք արդեն գալիս են, արագ վեր կացա, չնայած շատ էի ուզում նստել: 

Պապիկները մեր գյուղի ամենատարեց մարդիկ են: Նրանք տեսան, որ ամբողջ ճանապարհին վազել էի, և չթողեցին վեր կենալ քարից, մինչև կհանգստանայի: Խնդրեցի, որ պատմեն մեր գյուղի պատմությունը։ Նրանք պատմեցին գյուղի ամրոցի մասին, քանի որ ես հետաքրքրվում եմ պատմությամբ: Ուզում էի իմանալ այդ ժամանակի բոլոր իրադարձությունների մասին: Տպավորությունն այնպիսին էր, ասես ոչ թե խոսում էի մեր գյուղի պապիկների հետ, այլ պատմաբանների: Նրանք շատ մանրամասներ գիտեին: Պատմում էին, որ ամրոցը, որին մեր գուսանագյուղցիները Ղուլա էին անվանում, եղել է Անիի պաշտպանական ամրոցներից մեկը, և Անիում գտնվող Տիգնիս ամրոցի հետ հաղորդակցվել են հայելիների և գետնափոր թունելների միջոցով։

Այնքան տպավորիչ էին պատմում, որ ժամանակի զգացումը կորցրել էի: Հանկարծ նայեցի ժամացույցին և տեսա, որ ուշացել եմ: Հասա դպրոց: Բարեբախտաբար առաջին ժամը Հայոց լեզու էր, իսկ ինչո՞ւ բարեբախտաբար, որովհետև մեր Հայոց լեզվի ուսուցիչը շատ բարի է և ըմբռնումով մոտեցավ ուշանալուս: Ես պատմեցի պապիկների հետ իմ զրույցի մասին: Նա ասաց, որ այն, ինչ լրացնում է մեր գիտելիքները պաշարը, արժանի է գովասանքի, և հավելեց. «Երանի բոլոր ուշացումների հիմքում ընկած լինի հետաքրքրասիրությունը»։

meri antonyan shirak

Ընդամենը մեկ օր տևած ընկերություն

Մեր գյուղում` Գուսանագյուղում, շատ թափառական շներ կան, որոնց մարդիկ բերել են պահել, ու երբ նրանք մեծացել են ու դարձել «անպետք», նրանց վռնդել են։

Այդպիսի մի շան մասին կուզեի պատմել, որի հետ ընկերություն արեցի միայն մեկ օր։ Պատմությունը սկսվեց այնտեղից, որ ես տուն էի վերադառնում դպրոցից ու տեսա, որ մեր աստիճանների վրա պառկած է մի շուն: Նրա սպիտակ մորթին հազիվ էր երևում, որովհետև ամբողջությամբ ծածկված էր ցեխով։ Ես մոտեցա, շոյեցի գլուխը ու արագ բարձրացա տուն։

Հաջորդ օրը, երբ դպրոց էի գնում, տեսա, որ այդ շունը գալիս է իմ հետևից։ Ամբողջ ճանապարհին ես իմ հայացքը չէի կտրում նրանից: Չգիտեմ, ուզում էի նրա հետ անցնել այդ ճանապարհը որը սովորականից ավելի երկար էր ինձ թվում, նաև՝ վախենում էի այդ անսովոր լռությունից։

Դասերն ավարտվեցին, տեսա, թե ինչպես է ինձ մոտենում իմ խորհրդավոր նոր ընկերը և ուրախ շարժում պոչը: Անկեղծ ասած, ես էլ էի ուրախ, որ տեսա նրան. Չէ որ արդեն ընկերացել էինք, և շունն ուրախ շարժելով պոչը ուղեկցեց ինձ տուն: Բայց դա վերջին անգամն էր, որ տեսա: Երեկոյան նա արդեն չկար։ Շանը սպանել էին միայն այն բանի համար, որ տրորել էր ինչ-որ մեկի բանջարանոցի մարգերը։

Ես կուզեի, որ ոչ մի շուն նման բախտի չարժանանա։ Ես մինչև հիմա հիշում եմ իմ ընկերոջը, որը մեկ օրով եկավ ու գնաց։