Ani avetisyan

Խորագիրը՝ կարոտ

Էլեկտրասյան վրա ճնճղուկը հավասարակշռությունը պահելու փորձեր էր անում, իսկ հեռվում՝ երկնքի ամենակապույտ կետում, ծիծեռնակները դրա մասին մտածել անգամ չէին փորձում. չէ՞ որ նրանք վերևում են, լիարժեք, ազատ, չէ՞ որ այնտեղ սահմաններ չկան: Իսկ դո՞ւ, դու ներքևում ես, քո՝ հողով խառնված հոգսերի հետ, դու ներքևում ես, քո ոչ լիարժեք-կիսատ ապրումներով, կիսատ զգացմունքներով:

Դու այստեղ՝ ներքևում ես, ամենօրյա կիսատ կյանքով:

Կիսատ ես առավոտյան, իսկ դա ամենևին էլ «երկրորդ կեսի»-դ պակասությունը չէ, չէ:

Կիսատության քո բաժինն ունես շտեմարանիդ դիմաց ուսուցչի հետևող հայացք չունենալիս, մի քիչ ավելի շատ՝ քննությունից հետո նրա արձագանքը չլսելիս, փոխարենը՝ «ես գոհ եմ ինձանից»-ով ամեն ինչ ավարտելիս: Չնայած, հետո ես հասկանում, որ դա կիսատություն չէր, իսկ եթե ճիշտ՝ նույնիսկ մի քիչ էլ ավելին էր, քան լիարժեքությունը: Բայց, մեկ է, մի բան այն չէ:

Կիսատ էիր վերջին զանգին՝ բեմի վրա, կիսատ էին զգացմուքներդ, որ ինքդ անգամ չէիր հասկանում՝ ուրա՞խ ես, թե՞ տխուր, իսկ աչքերդ ուրիշ բան էին փնտրում:

Կիսատ էիր ամեն անգամ, գիշերվա ամենամութ ժամին աչքերդ մի կերպ բացելով, լիարժեքություն փնտրելով ծանոթ համարի զանգերին պատասխանելիս:

Եվ դա՝ որովհետև դու այստեղ ես՝ ներքևում, ամբողջականի ու կիսատի փշալարված սահմանին: Իսկ դու, դու, երբ քո հողով, փոշով ու աղմուկով խառնված առօրյայում կիսատ ես զգացել քեզ, մտածե՞լ ես, որ պատճառն ամենևին էլ առանց համացանցի կամ հեռախոսի առավոտը չէ: Իսկ, երբ մտածել ես դժբախտության մասին, զգացե՞լ ես արդյոք, որ իրական երջանկությունը չեն չափում կիլոգրամներով կամ ասենք, հազարներով:

Իրական, մարդկային երջանկության ամենամեծ մասը կիլոմետրերով է չափվում: Ամենամեծ երջանկության մի մասն էլ զրույցը Սքայփի կամ Վայբերի ազդանշաններով չսկսելն է, ամենակարևորների հայացքը էկրաններից այն կողմ չտեսնելը: Իսկ բախտավորությունը հոգու անկյուններում կամ մտքի փակ դարակներում կարոտ բառի սահմանումը չփնտրելն է, փնտրելու դեպքում էլ այն ամենատարրական, չհասկացված, չգիտակցված կերպով բացատրելն է: Որովհետև ամենագեղեցիկ կարոտն էլ այդ չհասկացված-չգիտակցված կարոտն է (եթե կարոտն առհասարակ գեղեցիկ լինում է):

…Մեծ սև պայուսակում հավաքվում են բոլոր տեսակի հագուստները, գրպաններում պինդ-պինդ՝ հուշերը. ժպիտները՝ առանձին, տխուր պահերը՝ առանձին:

Հետո ճանապարհն է, երկար, անվերջ թվացող ճանապարհը: Ամենաերջանիկ ճանապարհն էլ դեպի օդանավակայանը չէ, չէ՝ հակառակը: Կամ, ճանապարհը՝ կարոտից հեռու: Դեպի կարոտ ճանապարհները միշտ էլ օդանավակայանի ճանապարհով են անցնում: Ու գիտե՞ք, ամենատխուրը օդանավակայանից հետ չբերող ճանապարհն է: Նա, որ տանում է ու երջանկությունը օտար ափերում փնտրել տալիս, նա, որ չի գնում՝ աշխատելու, չի գնում, որովհետև երեխաներին գումար ու հագուստ է պետք, գնում է՝ դրանք «եվրոպական» դարձնելու: Իսկ դա աշխարհի ամենակիսատ լիարժեքությունն է…

Չէ, ես որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեմ, չեմ էլ փորձի, բայց, մեկ է, ես իմ ժամանակավոր կարոտն եմ սիրում: Նա, որ վերջ ունի, նա որ հատորներով է գրվում, իսկ միջանկյալ ժամանակն էլ գովազդի պես է, բայց ավելի փոքր հաճախությամբ ու մի քիչ ավելի երկար: Իսկ այդ գովազդն էլ լիարժեքության, ամենամեծ լիարժեքության զգացողությունն է, որ կա: