Anush Jilavyan

Մենք կանք, մենք ապրում ենք Հայաստանում

-Բա 17.am- ը ի՞նչ է:

Այս հարցին 17.am-ի յուրաքանչյուր թղթակից պարտականություն ունի ամենաքիչը 100 անգամ պատասխանել: Ես էլ բացառություն չեմ. դե, ասում եմ Հայաստանի պատանի լրագրողների ցանց է, հոդվածներ, լուսանկարներ ենք ուղարկում, եթե հավանում են` տեղադրում են կայքում, կամ ֆիլմերի գաղափարներ ենք առաջարկում և նկարահանում ենք միասին: Որպես պատասխան սովորաբար ասում են. «լավ», անկախ նրանից` հասկացան, թե` ոչ:

Այս ամենը սովորական էր, քանի դեռ չէի հայտնվել Սևանի մեդիա ճամբարում: Ամեն բառը կարծես նոր իմաստ, արժեք ստացավ, ոչինչ իրականում այդքան պարզ չէր, ինչքան ինձ թվում էր առաջ: Նախ «Հայաստան» բառը մի պահ դադարեց վերացական լինելուց, դարձավ այն կոնկրետ մարդիկ, ովքեր հավաքվել էին Հայաստանի տարբեր մասերից, ու յուրաքանչյուրը իր բնակավայրի դիմագիծն էր բերել: Ճամբարը ինքը Հայաստանն էր իր մասնիկներով, իրարից տարբեր ու այդքան նման:

«Միավորում է պատանի թղթակիցներին»,-ախր սրանք բառեր չեն ուղղակի իրար հետ գեղեցիկ հնչող, սրանց հետևում մի խումբ մարդկանց չարչարանք է, իսկ առջևում` հարյուրավոր երիտասարդների երազանքներ: Այդ երիտասարդների մեծ մասի համար 17.am-ը հնարավորություն է հավատալու երազանքներին, իրենք իրենց, իրենց կյանքին ու միաժամանակ, ձգտել ավելիին:

Մենք հասկանում ենք, որ այն ամենը, ինչը թվում է սովորական, երբեմն ձանձրալի, երբեմն շատ դժվար, մեկ ուրիշի համար կարող է դառնալ չափազանց հետաքրքիր հոդված, լուսանկար կամ ֆիլմ: Ու սկսում ես հանկարծ արժեվորել քո շրջապատի մարդկանց, իրադարձությունները: Հետո հասկանում ես, որ քո վերաբերմունքի փոխվելուն զուգահեռ փոխվում է հենց քո փոքրիկ աշխարհը, հանկարծ մեծանում է այնքան, որ տեղավորում է քո բոլոր երազանքները, ինքդ քեզնից թաքցրած, վաղուց ինչ-որ արդարացմամբ արկղում փակած երազները դուրս են գալիս ու լցնում ներսդ ու աշխարհդ: Ու կատարվում է մեծագույն հրաշքը. դու հավատում ես ինքդ քեզ, սկսում ես հավատալ, որ կարող ես ստեղծագործել,մարդկանց պատմել քո մասին ու ցույց տալ,որ գուցե աշխարհից կտրված քո անկյունում պակաս հետաքրքիր չէ: Դու կիսվում ես խնդիրների մասին, որոնց առնչվում ես, հույզերիդ մասին ու կարդում մյուսների գրածները ու հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ հարազատ հոգի գտնում:

Ու ինչ որ պահի այն պատանին, ով անտարբեր չէ իր շուրջ կատարվող թեկուզ մանրուքներին, ով տեսնում ու գրում է խնդիրների մասին, կսկսի գործել, փոխելու այն իրականությունը, որտեղ ապրում է, ոչ միայն իր համար այլ նաև ուրիշների…

Այդ պատանիները ապրում ու ստեղծագործում են մեր կողքին, ու նրանցից յուրաքանչյուրն ունի երազանքներ…

Մարդիկ, ոգեշնչեք նրանց: