mariam nalbandyan

Երևանում օդն ու արևը ուրիշ չեն

Երեկ 17.am-ում կարդացի մեր Լոռու թղթակից Սեդա Մխիթարյանի հարցազրույցը ուսանողուհի քրոջ հետ: Անկեղծ ասած, ինձ շատ հետաքրքրում է, թե ինչպես են ապրում և սովորում իմ հասակակիցները մեր երկրի այլ քաղաքների բուհերում: Բայց մի բան ինձ շատ վշտացրեց. իմ հասակակիցն արդեն համարյա ապացուցված աքսիոմայի նման բացատրում էր, թե` «Ես որպես լոռեցի երիտասարդ ինձ չէի տեսնում և հիմա էլ չեմ տեսնում երևանյան միջավայրում, որտեղ ըստ իս, մարդկային որակները բավականին այլ են»:

Ես նույնպես լոռեցի եմ: Մինչև դպրոց գնալս ապրել եմ Օձուն գյուղում: Դրանից հետո էլ, ամառները միշտ գնում էի գյուղ՝ մեր տուն: Հիմնականում բոլորը նշում են՝ գնում եմ տատիկիս տուն, իսկ ես երբեք չեմ ասել այդպես, միշտ էլ ասել եմ մեր տուն:

Երբ փոքր էի, իսկական տան ջերմությունը գյուղում էի զգում միայն, որովհետև տատիկս այնտեղ էր: Հետո կամաց-կամաց սկսեցի ավելի ուշ-ուշ գնալ գյուղ: Մեծացա, դասերս շատացան, կամ էլ ուղղակի տատիկն էլ այնտեղ չէր:

Հետո զգացի, որ ամառները ուզում եմ անցկացնել Երևանում, որ ընկերներիս հետ լինեմ, ու ավելի քիչ ժամանակով էի գյուղ գնում: Շուտով Երևանում էլ արդեն սկսեցի տան ջերմություն զգալ, սիրեցի իմ տունը, իմ քաղաքը: Երևի դարձա այն, ինչը որ շատերը հիմա սիրում են անվանել «երևանցի»:

Բայց իրականում ո՞վ է երևանցին: Ե՞ս, որ լոռեցի եմ, բայց այստեղ եմ ապրում, գյուղում աշխատանք չգտած երիտասա՞րդը, թե՞ դու, իմ սիրելի հասակակից, որ ուղղակի եկել ես Երևան` սովորելու նպատակով: Գուցե նկատի ունես էն մեր լավ ընկերոջը, որ Երևանում է ծնվել, ու շուտ-շուտ սիրում է նշել, որ ինքը բնիկ երևանցի է: Չգիտեմ, դու ում ես համարում երևանցի, բայց ինձ կարող ես վստահել, որովհետև ես շփվել եմ վերը թվարկված բոլոր մարդկանց հետ:

Երբ նոր էի եկել Երևան, հինգ տարեկան էի ու բարբառով էի խոսում: Հաճախում էի զրո դասարան, նախապատրաստական քոլեջի նման մի բան էր: Առաջին շփումս երևանցիների հետ դա էր: Երևանցի ասելով՝ ես նկատի ունեմ իմ քոլեջի երեխեքին, դու էն վերը թվարկվածներից ում ուզում ես հասկացիր: Երկու օր հետո մի ընկերուհի ձեռք բերեցի, որ ինձ հետ նույն խաղերն էր սիրում, ու մի ընկեր, որ ինձ ամեն օր ճկվող մատիտ էր նվիրում, եթե կհիշես, դրանք մի ժամանակ շատ տարածված էին: Հետո սկսեցի դպրոց գնալ, ու նույն երևանցի երեխեքի հետ խաղում էի, սիրում էինք կամ չէինք սիրում նույն առարկաները, նույն ուսուցիչներին: Ճիշտն ասած, ոչ ես, ոչ իրենք մեր մեջ տարբերություն չէինք զգում: Շարունակում էի նոր ընկերներ ձեռք բերել, իսկ ամառները, երբ գնում էի գյուղ, շարունակում էի շփվել իմ գյուղի ընկերների հետ: Ճիշտն ասած՝ ոչ ես, ոչ իրենք մեր մեջ տարբերություն չէինք զգում:

Հիմա արդեն ես եմ երևանցի, եթե վերջիվերջո որոշեցիր ինձ այդպես անվանել: Արդեն ուսանող եմ, ու մեր կուրսում մարզերից եկած շատ երեխաներ կլինեն երևի: Զարմացար, չէ՞, որ ասում եմ` երևի: Դե, խոստովանեմ, չգիտեմ` քանի հոգի կա, ով որտեղից է, որովհետև մարդու հետ ծանոթանալիս առաջին բանը բարևից հետո, որ հարցնում եմ, նրա որպիսությունն է, ոչ թե այն, թե որտեղից է: Դա առանձնապես չի էլ հետաքրքրում, երբ մի մարդու հետ նույն հետաքրքրություններն ունես: Ու մենք, անկախ նրանից, թե ով որտեղից է եկել, սիրում ենք ֆրանսերենն ու շատ ենք վախենում «տնտեսագիտության» քննությունից: Եթե ես, այնուամենայնիվ, երևանցի եմ, կարող եմ հաստատ ասել, որ նույնն եմ մնացել թե Օձունում, թե Երևանում: Ու չեմ կարծում, որ առանձնահատուկ եմ, ամենայն հավանականությամբ բոլոր հասակակիցներս էլ նույնն են մնում, Երևանի օդը ուրիշ չէ:

Գուցե շատերը մտածեն, որ եթե Երևանում ենք ապրում, մեզ ամեն ինչ ավելի հե՞շտ է տրվում: Երանի այդպես լիներ, տեղափոխվեինք Երևան, ու բոլոր պրոբլեմները միանգամից լուծվեին: Երևանում էլ մենք ամեն օր ունենք նույն խնդիրները, նույն մտահոգությունները ուսման վարձի, տրանսպորտի, դասերի ու առավոտը ինչ հագնելու վերաբերյալ: Այնպես որ, եթե մի օր որոշես Երևան գալ, իմացիր, որ մենք շատ շուտ կընկերանանք ու չենք էլ զգա՝ ով որտեղից է: Հիմա մի ֆրանսիացու հետ եմ շփվում` ֆրանսերենս բարելավելու համար: Համարյա իմ տարիքի է, ու պատկերացրու, նա էլ նույն հետաքրքրություններն ունի, ինչ ես:

Վերջերս գյուղում էի: Այնպես կուզեի կիսատ թողնել ուսումս ու գնալ գյուղում վառարանի կողքին նստել: Իսկական կրակի ջերմությունը ուրիշ է, չէ՞, անկախ նրանից` երևանցի ես, թե լոռեցի: