Մենք հաղթելու ենք, մենք հաղթում ենք և մենք հաղթել ենք

Այն, ինչ պետք է պատմեմ հիմա, տեղի է ունեցել պատերազմը սկսվելու պահից։ Հստակ օրերն արդեն ինքս էլ չեմ հիշում։ Մինչ այժմ կարծում էի, որ ավելի լավ կլիներ պատերազմից հետո գրել՝ դրվագներ հիշելով, ինչպես վատ երազն են հիշում արթնանալիս, որպեսզի պակաս զգացմունքային ու ավելի իրատեսորեն արտահայտվեմ։ Բայց այսօր լռելը մեղք է։

Երեկո էր։ Պատերազմի մասին բոթն արդեն շրջանառվում էր ամենուր։ Լսել էի, որ համառ մարտեր են ընթանում, և երկու կողմերի տրամադրվածությունն էլ մարտական է, բայց քանի որ նոր էինք տեղափոխվել Երևան և տունը դեռ ամբողջ տեխնիկայով չէինք հասցրել կահավորել ու տանը դեռ հեռուստացույց էլ չունեինք,  հեռախոսիս ինտերնետ կապի վրա էլ հույս դնել չէր կարելի, անհամբեր սպասում էի այս ու այն կողմից ստացվող լուրերին։ Դրսում կռիվ-կռիվ խաղացող երեխաները ճայթուկներ էին պայթեցնում, ու քանի որ ծնողներս էլ աշխատանքի էին, տանը մենակ մնալով՝ ամեն փոքր աղմուկից վեր էի թռնում։

Այդ երեկո հյուրեր ունեինք՝  մոտերքում ապրող Գավառի մեր հարևանները։ Տիկին Անուշը իր աղջկա՝ Արմինեի ու թոռնիկների հետ միասին (բոլոր անունները փոխված են)։ Ձմեռային լուսնի նման գունատ էին։ Ինչ թեմայից զրուցեցինք, միշտ մի բան պակասում էր։ Բոլորս ուզում էինք էդ անիծյալ պատերազմից խոսել, բայց շրջանցում էինք։ Երեխաներին կողքի սենյակ ուղարկելուց հետո մեծերը սկսեցին խոր հոգոց հանել։

-Գնաց Արան,- թրջված աչքերը խոնարհելով սկսեց Արմինեն,- Երեկ գիշեր իրենց տղերքն եկան հետևից։ Տղես շորերը հագել էր, նստել, որ հորը ճանապարհ դներ, բայց չդիմացավ, նստած տեղը քնեց։

Ամբողջ օրը Արայից լուր չէին ստացել։ Այդպես ձգվեց օրեր շարունակ, մինչև կապը վերականգնվեց։

-Գրիգորին էլ են կանչել,-խեղդված ձայնով մրմնջաց տիկին Անուշն իր որդու մասին,-իրեն չեմ ասել։ Գիտեմ, հենց իմանա, կգնա։ Ո՞նց թողեմ գնա, ո՞ւմ հույսին մեզ թողի… Չէ՜, չեմ ասի։

Ցուրտ էր։ Սարսռում էի, բայց չէի հասկանում՝ ցրտի՞ց, թե՞ անորոշությունից եմ դողում։ «Տաք Երևանում արդեն ցուրտ է,-մտածում էի,-հիմա սահմանին կանգնած տղաների համար էլ է ցուրտ…»։

Փոքրիկներն էլ ամեն ինչ գլխի էին ընկել։ Աղջիկը կրկնում էր.

-Պապան Երևանում ա։

Եղբայրը սաստում էր.

-Պապան հեռու տեղ ա գնացել, էսօր չի գա։

Երեխաները նույնքան անհանգիստ էին, նույնքան սպասումով լցված ու ասես միանգամից այնքան հասունացած, որ կարողանում էին սատարել մորը։ Ինչո՞ւ… Ինչո՞ւ մանկությունը վայելելու փոխարեն փոքրերը պետք է պայթյունի ձայնից կուչ գան անկյունում, կամ կռիվ-կռիվ խաղան, իրենք իրենց մտածելով, որ եթե մի օր թուրքի առերեսվեն, այ, էդպես են դնգստելու։

Ի վերջո Գրիգորն էլ կամավոր գնաց…

Հիշում եմ՝ տարիներ առաջ պատերազմի մասին շարադրություն էի գրել, որտեղ «ատում եմ պատերազմը» արտահայտությունը ուսուցչուհիս ընդգծել էր՝ թե պետք չէ ատել, անխուսափելի բան է, որ Երկրի մարդաքանակը կարգավորելու նպատակ ունի։ Եթե դա դեռ նույն նպատակն ունի ու այսքան անմեղ զոհերի հաշվին, ուրեմն ես այդպես էլ ապրել չսովորեցի, որովհետև դեռ ԱՏՈՒՄ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ։

Ռադիո եմ լսում։ Ամենուր օգնություն է հավաքվում։ Տղաները սահմանին են պայքարում, քաղաքացիները՝ թիկունքում, սփյուռքահայերը՝ դրսում։ Ամեն կողմից աղաղակում են ճշմարտությունը, բայց ողջ աշխարհը կուրացել ու համրացել է, իսկ մեր թղթե շերեփն այդպես էլ երկաթ չդարձավ։

Պատերազմը միայն խլում է, տանում ու ոչինչ, ոչի՜նչ չի տալիս։ Զոհվածների անուններն են կարդում։ Ամեն նոր անունի հետ մորս դեմքն այլայլվում է, իսկ հորս զայրույթը, որ մի կերպ է թաքցնում, պայմանավորված է իր հիշողությամբ։ Այս օրերին ամեն ինչ վերապրում է. մերթ ուզում է ինքն էլ գնալ, բայց մորս ամեն ինչ ասող հայացքին բախվելով հանդարտվում է, մերթ աշխարհն անարդար համարում ու ափսոսում, որ էս երկրի համար ինքն էլ է դժոխքի միջով անցել։ Իսկ ես… Ես պարզապես աղոթում եմ, որ այդ բոլոր անունները հորինված լինեն, որ պատահաբար ոչ մի ծանոթ անուն չկարդամ։ Բայց ի՞նչ տարբերություն ծանոթ են, թե անծանոթ, երբ մեր տան մոտ գտնվող եկեղեցում ամեն օր մեկի հոգեհանգիստն է անցկացվում։ Ո՞նց մոռանամ այդ մայրերի ողբաձայնը, որ տնից էլ է լսվում, ու՞ր փախչեմ, որ փողոցներում չտեսնեմ աչքերը սրբող երիտասարդ աղջիկների, ինչպե՞ս խաղաղություն խնդրեմ, որ ձայնս մինչև Աստված հասնի, ինչպե՞ս համոզեմ ինձ, որ խելագարվելու փոխարեն ինձ համար զոհվածների չապրած կյանքը ապրել է պետք ու հաղթել, անպայմա՜ն հաղթել, նրա՛նց համար հաղթել…

Դասընկերներիս բանակ ճանապարհելու օրը թղթի վրա այդ օրվանից հուշեր էինք թողել՝ ինչ-որ բաներ գրելով։ Պայմանավորվել էինք ծառայությունից հետո նորից հանդիպել։ Բայց մեզնից մեկը արդեն պակասում է, այնքա՜ն է պակասում, որքան ավելացել է աշխարհի արտասուքը… Այդքան շատ է պակասում։ Ունայնության այս փուլը ծանր խրոնիկ հիվանդության է նման, որ ոչ մի դեղամիջոցով չի բուժվում և գնալով ավելի ու ավելի է խորանում, հասնում սրտիդ, ուղեղիդ կամ նյարդերիդ ու դանդա՜ղ քայքայում քեզ ներսից։

Այս պատերազմը ոչ մի այլ նպատակ չի հետապնդում, եթե ոչ`  ոչնչացնել այն ազգը, որը պատմության չափ հին է, բայց չի դադարում ժամանակի հետ նորանալ։

Մենք հաղթելու ենք, մենք հաղթում ենք և հաղթել ենք արդեն իսկ, որովհետև մեզ հաղթել չի՜ լինի։ Բնաջնջել այն ազգին, ով գիտի որտեղից է գալիս և ուր է գնում, ով ամուր կառչած է իր արմատներին,  գեներին, ինքնությանն ու պատմական ժառանգությանը, պարզապես անհնար է։

Հ.Գ. Համալսարանում ընկ. Էլոյանին խոստացել ենք ապագայում յուրաքանչյուրս 10 հայորդի պարգևել հայրենիքին։

Սարսափի՛ր թշնամի, դողա՜ թուրք…