Մելսիդա Մալխասյանի բոլոր հրապարակումները

melsida malkhasyan

Հիվանդ եմ

Հազում եմ, ջերմում եմ, մրսում եմ, չեմ կարողանում նորմալ շնչել և այս ամենը կարող եմ բացատրել մեկ բառով` գրիպ:

Տատիկս և իմ բոլոր ծանոթները ասում էին. «Տաք հագնվեք, կմրսեք, կհիվանդանաք, առանց էդ էլ գյուղում վիրուս ա տարածվել»: Բայց, դե, ես հիվանդ չէի, ու շատ էի ուրախացել, որ ինձ այդ վիրուսից բաժին չէր հասել: Հաջորդ օրը արթնացա ու լսեցի, որ փոքր եղբայրս հազում է (մեր տան վիրուսի առաջին աղբյուրը): Ես, ինչքան հնարավոր էր, հեռու էի մնում եղբորիցս, բայց նա, միևնույնն է, ջրիկանում ու սկսում էր «քսմսվել»: Եվ հաջորդ օրը՝ դում-դում տարարամ (ինչպես հնդկականներում է ասվում). գրիպ: Այդ պահին ինձ միայն օգնության են գալիս իմ ամենահավատարիմ ընկերները՝ ջերմաչափը, վերմակը, թեյը, գիրքը, երաժշտությունը և վառարանը: Այս ամենը հերիք է, որ լավանամ:

Ջերնաչափ, իմ հավատարիմ ընկեր, եթե չլինեիր, ի՞նչ պետք է անեի: Ջերմությունը չափել ու տեսնել, որ արդեն ջերմություն չունես, նույնն է, ինչ հիվանդ մարդուն հանգստացնող ներարկել: Իմ վերմակ, երբ ես փաթաթվում եմ քեզանով, կարծես, մայրիկիս ձեռքերը տասնապատկվել ու ինձ գրկել են: Իսկ թեյը, գիրքը, երաժշտությունը և վառարանը կարծես տանեն ինձ այս աշխարհից:

Ինձ այս վիճակում տեսնելիս հիշում եմ մայրիկիս խոսքերը. «Ես որ քո տարիքում էի, թեյը ձեռքիս, վերմակով փաթաթված, նստում ու դաս էի անում՝ մոռանալով ամեն ինչի մասին, կտրվում աշխարհից և չէի նկատում՝ ինչպես եմ քնում վառարանի կողքին»:

Երևի այս հարցում մայրիկիս եմ նման:

melsida malkhasyan





Քնկոտը

-Շուտ արա՛, ուշացար:
-Լավ էլի, մա՜մ, 5 րոպե, ու վերջ:
-Ի՞նչ 5 րոպե, արդեն 8:30 է, արագացրո՛ւ: Եթե արձակուրդներին մինչև կեսօր չքնեիր, հիմա հեշտ ու հանգիստ կարթնանայիր:
-Ո՜ւֆ, մամ, գնա՛, հիմա կգամ:

Ինձ թվում է, բոլոր դպրոցակաները կհասկանան ինձ: Արձակուրդներին քնում ենք մինչև 11, 12-ը ու հետո լաց լինում, որ չենք կարողանում արթնանալ:

Մի կերպ վազելով հասա դպրոց.
-Կարելի՞ է, ընկեր Բոշյան:
-Ինչո՞ւ ես ուշացել, ի՞նչ է, քնա՞ծ էիր մնացել:
-Դե…
-Լա՛վ, լավ, արի՛, նստի՛ր, քնկոտ:
Դասից անցավ 5 րոպե, ու մի գեղեցիկ ձայն մեղմ շշնջաց ականջիս.
-Հե՜յ, քնկո՜տ:
-…
-Հը՞, տեղդ լա՞վ է:
-Ըհը, շա՜տ:
Հետո հասկացա, որ մեր տանը չեմ․․․Տեղիցս ցատկեցի ու գոռացի.
-Կներե՜ք, այլևս չի կրկնվի:
Բայց դե ինքս էլ գիտեի, որ 5 րոպե էլ չեմ դիմանա:
-Լավ, լա՛վ, նստի՛ր քնկո՛տ:
Բոլորը սկսեցին ծիծաղել, իսկ ես, միևնույն է, երազում էի քնել․․․

melsida malkhasyan

Մենք քեզ սպասում էի՞նք, որ եկար

Այսօր արթնացա ու տեսա անսպասելին. մեր գյուղը հագել է «ճերմակ զգեստ»: Ձյունը ծածկել է ամբողջ գյուղը: Ոմանք ուրախ էին, ոմանք` տխուր: Գյուղի բոլոր մարդիկ մտահոգ էին, քանի որ ոչ բոլորն էին վերջացրել գյուղատնտեսական աշխատանքները: Տատիկս նայում էր դուրս և տխուր հայացքը հառելով ձյանը ասում:

-Մենք քեզ սպասո՞ւմ էինք, որ եկար: Բա ժողովուրդը մեղքը չե՞ն՝  կարտոլը մնաց, մրգերը ցուրտը տարավ:

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Դեռ այսպիսի դեպք չէր եղել մեր գյուղում: Ո՞վ է տեսել կանաչ տերևի վրա ձյան հաստ շերտ:
Երեկ երբ ձյուն էր գալիս, շատ ուրախացա, բայց այսօր տեսնելով ձյան ծանրությունից «խոնարհ հարսի» պես գլուխները կախ ծառերը, արդեն հասկացա, որ վիճակը այդքան էլ լավ չէ:
Դուրս գալով տնից տեսա, որ բոլորը շփոթված այս ու այն կողմ են վազում` բահերը ձեռքները: Մի քիչ առաջանալով տեսա մյուսներին` դույլերը ձեռքները: Մեկը բահով ձյուն է մաքրում, մեկը մրգեր է քաղում, և այդ ամենը անում են շնչակտուր:

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Տեսա տատիկիս, ով արագ-արագ խնձոր էր քաղում, մոտեցա և հարցրեցի.
-Տատ, ինչի՞ ես էսպես խառնվել իրար: Խնձորը հաստատ չի փախչի:
-Բա որ փախչի՞: Ցուրտը տարավ: Էսքան չարչարվել ենք, բա ջո՞ւրը գցենք:
Ուզում էի մի քիչ էլ նայել, բայց ցուրտ էր, արագ եկա տուն: Խեղճ տատս էս ցրտին խնձորն է փրկում:

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Լուսանկարը` Մելսիդա Մալխասյանի

Էհ, չգիտակցելով այս ամենը, երեխաներն ուրախ են, ես էլ, քանի որ սիրում եմ ձյունը, ձնագնդին, ձյան մեջ իրար հետևից ճչալով վազող երեխաներին, դպրոցից տուն գալուց վախի զգացումը, թե` երբ են մի ձնագնդի գլխիդ տալու, ձնեմարդ պատրաստելու համար որոնվող գազարը, և այս ամենի մեջ եղած երջանկությունը զգալով, ուզում եմ, որ ձմեռը չվերջանա: