emma tovmasyan

Սովորեք շախմատ խաղալ

Հարցազրույց հայրիկիս`շախմատիստ Կարապետ Թովմասյանի հետ

Հայրս բազմակողմանի զարգացած մարդ է: Ունի մի քանի մասնագիտություն: Դրանցից մեկը շախմատն է, որը կարող եմ ասել, իր առաջին,ամենակարևոր և ամենասիրելի մասնագիտությունն է:

-Պապ, պատմիր շախմատում քո առաջին քայլերի մասին:

-Առաջին քայլերս, սկսել եմ մանկուց, սովորել եմ ծնողներիցս և մեծ եղբայրներիցս: Ուսուցիչ չեմ ունեցել, սովորել եմ` նայելով նրանց խաղերը:

-Կարելի է ասել, որ ոգեշնչվել ես նրանց խաղո՞վ:

-Այո, ինչպես նաև քեռիներիս նայելով ցանկացել եմ խաղալ:

-Իսկ հիշո՞ւմ ես քո առաջին պարտությունն ու առաջին հաղթանակը:

-Հիշում եմ առաջին պարտություններս, երբ խաղում էի եղբայրներիս հետ, ու նրանք ինձ հաղթում էին: Կլինեի 6 տարեկան: Ես լաց էի լինում: Հետո արդեն, կամաց-կամաց ուժեղացա, ես սկսեցի նրանց հաղթել, ու նրանք էին արդեն բարկանում: Տատս էլ ասում էր. «Տղ′ա, դու չամչնա՞ս, քո մեծ ախպոր կկրես»:

՞րն է եղել ամենատպավորիչ մրցաշարը:

-Բանակից նոր էի եկել, գնացել էի Նոր Հաճն`քեռուս տուն: Սուրիկ քեռիս ասաց. «Եղվարդի առաջնությունն է, կուզե՞ս մասնակցել»: Ես էլ ասացի, որ եթե հնարավոր է կգամ, ինչի՞, չէ:

Մի քանի հոգով գնացինք: Առաջին փուլում քեռին պարտվեց: Երկրորդ փուլում արդեն ես էի խաղում` նույն շախմատիստի հետ: Արագ հաղթեցի ու գնացի քեռուս մոտ: Նայեց ինձ ու հարցրեց. «Հը՞, հաղթեցի՞ր»:

Ես էլ ասացի. «Քեռի ջան, բա ես կթողնե՞մ մեկը քեզ հաղթի»: Քեռիս իրեն լավ զգաց ու սկսեց հաղթանակներով առաջ գնալ: Քեռուս «դուխ» տվեցի:

՞նչ է տվել, և ի՞նչ է տալիս շախմատը քեզ:

-Շախմատը ինձ տալիս է հանգստություն: Բարկացած պահերին խաղում եմ ու հանգստանում: Բայց պարտվելուց չեմ բարկանում: Շախմատի շնորհիվ ձեռք եմ բերել շատ ընկերներ Հայաստանից ու Արցախից: Ու ամեն տարի անհամբեր սպասում ենք մրցաշարերին, որ տեսնենք մեր ընկերներին, կարոտներս առնենք: Շախմատով զբաղվելով` մենք ջահելանում ենք:

-Իսկ որտե՞ղ են տեղի ունեցել այդ մրցաշարերը, որտե՞ղ ես ծանոթացել ընկերներիդ հետ:

-Խաղացել ենք ոչ միայն քաղաքում և մարզում, այլև Երևանում, Ջերմուկում, Ծաղկաձորում:

-Ըստ քեզ, ինչպե՞ս կարող է շախմատն ազդել մարդու վրա, հատկապես, երբ զբաղվում են վաղ տարիքից:

-Շախմատը, նախ և առաջ, մարդուն տալիս է մտածելու` առաջնայինը երկրորդականից տարբերելու ունակություն, կյանքում, տարբեր իրավիճակներում ` ճիշտ կողմնորոշվելու, գնահատելու, վերլուծելու կարողություն: