Մեր նապաստակները

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Իրականում մենք երբևէ այդքան շատ նապաստակներ չենք ունեցել, որքան այս երկու տարիների ընթացքում:

Նապաստակներ պահել ենք վաղուց: Ունեցել ենք տարբեր ծագում ունեցող նապաստակներ, բայց նրանք այդքան երկար չեն ապրել և ձագեր չեն ունեցել: Եթե անգամ ունեցել են, ապա ցավոք սատկել են:
Իսկ թե ինչպես ձեռք բերեցինք այդ մայր նապաստակին, շատ հետաքրքիր է:

Բացի նապաստակներից մենք պահում էինք նաև շներ և ունեինք շատ ձագուկներ: Մի անգամ եղբորս դասարանցին եկավ մեր տուն և շան ձագ ուզեց, իսկ եղբայրս փոխարենը նապաստակի ձագ ուզեց իրենից: Երբ բերեց նապաստակին, շատ փոքրիկ էր, և կարծում էինք, թե արու է, բայց երբ մեծացավ, պարզվեց, որ իրականում էգ է: Մեզ մնում էր միայն որևէ մեկից արու նապաստակ գտնել և բազմացնել մեր նապաստակներին:
Մեր թաղում ոչ մեկը չուներ նապաստակ: Ես ու եղբայրս` Վոլոդյան, գնացինք նրա դասարանցիներից մեկի տուն, և բախտի բերմամբ, նա ուներ արու նապաստակ ու յոթ օրով տվեց մեզ: Տալուց առաջ մի պայման դրեց նապաստակի տերը, որ եթե նապաստակը հետ տանք իրեն, ու մեկ օր հետո սատկի, մենք պիտի վճարենք նապաստակի դիմաց: Սակայն նման բան չեղավ, ու իրենց նապաստակը չսատկեց, իսկ մեր նապաստակը քսանութ օր հետո ունեցավ երեք ձագուկ` երկու արու և մի էգ:

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը՝ Լաուրա Սեկոյանի

Ու այդպես մինչև օրս մենք բազմացնում ենք նապաստակներ, և այժմ էլ մեր նապաստակը սպասում է իր ձագուկներին, և ըստ մեր հաշվարկի, նա պետք է ձագուկներ ունենա մեր գյուղի ուխտի օրը: Արդեն առանձնացրել ենք մայր նապաստակին մյուսներից, և նա արդեն պոկել է իր մազիկները ու տեղ պատրաստել իր ձագերի համար: Հիմա ունենք տասներեք նապաստակ ու սպասում ենք նորերին: