arman arshak-shahbazyan

Առաջին անգամ թանգարանում

Դու, հա, հա, հենց դու՝ էկրանի մյուս կողմում նստածդ, հիշո՞ւմ ես առաջին անգամ երբ ես թանգարան գնացել և ո՞ր թանգարանը: Իսկ ես հիշում եմ: Պատմեմ` լսեք…

Հերթական կիրակին էր: Հայրիկս տանն էր, իսկ իմ ու եղբորս համար տոն էր դառնում ցանկացած կիրակին, երբ հայրիկը տանն էր:
-Հագնվեք, տանեմ Աբովյանի թանգարան:
-Թանգարա՞ն, էդ ի՞նչ ա,- հարցական հայացքով նայեցի մերոնց, դե, 4 տարեկան էի: Չգիտեի` ինչ է թանգարանը:
-Հին իրեր են պահում էդտեղ,- մի կերպ փորձեց հասկացնել մայրս:
Հագնվեցինք, բռնեցինք հայրիկի ձեռքը ու գնացինք: Եղբայրս մեծ էր, երևի էլի էր թանգարանում եղել, իսկ ես ամբողջ ճանապարհին մանկական երևակայությամբ փորձում էի մտովի պատկերել թանգարանը:
-Պապ, այ պապ, ի՞նչ կա էդ սառնարանում:
-Ի՞նչ սառնարան, տղա ջան:
-Դու ասացիր, որ սառնարան ենք գնում,-դե փոքր երեխա էի, թանգարանը սառնարան էի հիշում: Ու միչև հիմա թե՛ պապան, թե՛ ապերը հիշում են այդ խոսքերս:
Ու այդպես ամբողջ ճանապարհին միայն ես էի խոսում, անդադար հարցեր էի տալիս: Վերջապես հասանք թանգարան, ու առաջին բանը, որ մտածեցի, այս էր. «Փաստորեն թանգարանում մենակ աշխատողներն են լինում»: Շրջում էինք ամբողջ թանգարանում ու կանգնեցինք մի հին տարազի առաջ: «Իսկ սա իմ տատի տարազն ա»,- մինչև հիմա հիշում եմ, թե ինչ հպարտությամբ հնչեց այդ արտահայտությունը հորս բերանից: Մի պահ միջիցս դուրս եկավ այն երեխան, ով ողջ ճանապարհին հարցեր էր տալիս «սառնարանի» մասին: Երեխա էի, բայց հպարտություն զգացի. հորս տատի տարազը թանգարանում է:

Անցել է 11 տարի, ու այդ ընթացքում, երբ այցելել եմ Աբովյանի թանգարան, հպարտությամբ բոլորի մոտ նշել եմ, որ այս տարազը հորս տատի տարազն է: Ու այդ 11 տարին իմ մեջ ոչինչ չի փոխել, երբ լսում եմ թանգարան բառը, ակամայից հիշում եմ «սառնարան» բառը, իսկ աչքերիս առաջ հորս տատի տարազն է գալիս: