Մեր նոր թղթակիցները. Կապան

ruzanna stepanyanԵս Ռուզաննան եմ, այդքան էլ չեմ սիրում անունս, բայց արդեն համակերպվել եմ: Մտերիմերս ինձ գիտեն որպես փոփոխական, բարդ, բարի և միշտ քնի պակաս զգացող մարդու: Մեկ շաբաթվա մեջ որոշում եմ տասից ավելի մասնագիտություն, որոնք կցանկանայի սովորել: Արդեն ընտրել եմ երկուսը՝ լրագրություն և ատամնաբուժություն, որոնց մեջ նույնպես պետք է կողմնորոշվեմ: 

Լրագրության կողմնորոշումը տվել է մայրիկս, ասելով, որ ճտպտան լեզու ունեմ: Իսկ ատամնաբույժ դառնալու միտքն առաջացավ, քանի որ կյանքիս կեսը անց եմ կացրել և անց եմ կացնում ատամնաբուժարանում:

Բնավորությանս պատճառով շատ եմ տուժում, քանի որ ամեն ինչ սրտիս մոտիկ եմ ընդունում, նեղացկոտ եմ: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչպես են դիմանում ինձ: Չգիտեմ այնպիսի մեկին, որը ավելի փոփոխական է, քան ես: Մեկ ժամում բնավորությունս ունենում է հազար երանգ՝ մեկ ուրախ եմ, մեկ՝ տխուր, կոպիտ կամ բարի: Ինքս ինձնից գլուխ չեմ հանում: Ընկերասեր եմ, ընկերներս քիչ են, բայց՝ իրական: Խանդում եմ բոլոր ընկերներիս և մտերիմներիս, ինչի պատճառով էլ հաճախ կռիվների մեջ եմ ընկնում:

Հուսով եմ, որ ճիշտ մասնագիտություն կընտրեմ և կկայանամ այս կյանքում:

Ռուզաննա Ստեփանյան, 14 տ.

***

tamara aghayanԵս Թամարան եմ, սիրում եմ, երբ ինձ անվանում են Վրաստանի թագուհու անունով՝ Թամար թեև ինձ անվանել են ոչ թե նրա, այլ տատիկիս անունով: Շատ ինքնավստահ եմ և, միաժամանակ, շուտ կոտրվող: Ճիշտ է, արդեն բավականին հասուն մարդ եմ, բայց դեռ ինքս չեմ ճանաչում իմ բնավորությունը և ինձ նոր եմ բացահայտում:

Ցանկանում եմ ապագայում դառնալ քաղաքական գործիչ, ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր: Ընկերներիս այդ ցանկությունը դուր չի գալիս, և նրանք չեն հավատում, որ այն մի օր կիրականանա: Բայց, ինչպես ասացի, ինքնվստահ եմ և կհասնեմ իմ նպատակին:

Սիրում եմ ուրախանալ, հատկապես շատ եմ ուրախանում, երբ Հայաստանը աչքի է ընկնում աշխարհում որևէ հաջողությամբ: Այդ ժամանակ ես հպարտանում եմ իմ հայրենիքով: Ընդհանրապես, տարօրինակ եմ: Կարող եմ մեծ հաճույքով քննադատել մարդկանց, հետո հանգիստ այդ նույն մարդկանց հետ շփվել և ընկերանալ: Ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ լինի ազատ: Ազատությունը չպետք է լինի սահմանափակ:

Թամարա Աղայան, 14 տ.

***

Բարև, ես Սվետան եմ: Ես բնավորությամբ հանգիստ եմ: Սիրում եմ միշտ ժպտալ և այդ ժպիտը փոխանցել մարդկանց: Ունեմ նաև պեպեններ: Ընկերներս բարի նախանձով միշտ ասում են, որ իրենք էլ են ցանկանում իմ պեպեններից: Ես օգնում եմ ընկերներիս ցանկացած ժամանակ և բոլոր հարցերով: Սիրում եմ նայել զինվորական կյանքի մասին ֆիլմեր և ինքս միշտ ցանկացել եմ ծառայել բանակում: Բայց մայրս, ինչպես և բոլորը, ասում են, որ բանակը աղջկա տեղ չէ: Ծառայելը դարձել է իմ մեծ ու լուսավոր երազանքը: Երբ մեծանամ, ուզում եմ բարեգործական աշխատանքներ իրականացնել: «Իմփակտ» ծրագրի շնորհիվ մեկ անգամ արդեն բարեգործություն եմ արել՝ անապահով երեխաներին ամանօրյա նվերներ ենք բաժանել:

Սվետա Մովսիսյան, 14 տ.