nina arsutamyan portret

Իսկ դուք ասում եք

Հիմա մի քիչ հետ գնամ:

-5, 4, 3, 2, 1 … Շնորհավոր Ամանոր,- գոչում էին տանեցիներս անցյալ նոր տարվա գիշերը:

Բոլորը վերցրել էին իրենց հեռախոսները և զանգում էին մեր մնացած բարեկամներին և շնորհավորում էին:

Ես… Իսկ ես աչքերս ամուր փակել էի և երազանք էի պահում: Այն երազանքներիցս, որ իսկապես ինձ համար դարձել էր բաղձալի. «Տե՜ր, երանի այս տարի մեր գյուղի դպրոցում պարի խմբակ բացվի»: Գուցե մեր երեխաներից մեկի հոգում թաքնված է հենց պարի տաղանդը, բայց հնարավորություն չկա դրսևորելու ու զարգացնելու: Եթե չեք հիշում, ասեմ, որ ես ապրում եմ Սյունիքի մարզի Գորայք փոքրիկ գյուղում:

Այս երազանքս տարբերվում է այն մյուս երազանքներիցս, որ ամեն ամանորյա գիշեր պահում էի: Այս տարի ինքս ինձ ասացի. եթե այս տարի չլինի, ապա մյուս տարի այլևս չեմ պահելու: Այդ երազանքը անկախ ինձանից այնքան սրտանց էի պահում, որ նույնիսկ պահելու պահին ժպտում էի:

Տոներն անցան: Որ ճիշտ ասեմ, նույնիսկ մոռացել էի, թե ինչ երազանք եմ պահել: Ամանորյա տոների հետ մեկ տեղ ավարտվեցին նաև ձմեռային արձակուրդները (Սակայն հիշում եք, որ մի ամիս մնացել ենք տանը): Երկու շաբաթ հետո հանրահաշվիս ուսուցչուհին դասի ժամանակ մեզ ասաց, որ կարող է պարուսույց գա, և մեր դպրոցում պարի խմբակ բացվի: Անկեղծ ասած, անսահման ուրախացա: Այնպես էի ուրախացել, որ գրատախտակի մոտ կանգնած սկսեցի քոչարի պարել: Ասես պարի առաջին դասին լինեի: Այդ դասաժամից հետո մեզ մոտ փոխտնօրենի դասաժամն էր՝ աշխարհագրություն:

-Ընկեր Հարությունյան, ճի՞շտ է, որ մեր դպրոց պարուսույց է գալու:

-Վայ, դպրոցում ինչ լինում է, առաջինը ձեր դասարանն է տեղյակ լինում,- ծիծաղելով պատասխանեց ուսուցչուհիս,- Հա, ճիշտ է, բայց դեռ չեն պայմանավորվել:

-Ջա՜ն, ես էլ մեծ հաճույքով կմասնակցեմ:

-Բայց հնարավոր է, որ խումբը 4-9-րդ դասարանների երեխաներից հավաքի:

Դե, քանի որ ես այդ տարի սովորում էի 10-րդ դասարանում ապա չէի կարող մասնակցել խմբակին: Տրամադրությունս ընկավ:

-Բայց Նինա, մի տխրի: Հնարավոր է, որ երեխաների թիվը չկարողանա հավաքել և ուրիշ դասարանների աշակերտների էլ կանչի,- մի քանի րոպե հետո ասաց ընկեր Հարությունյանը,- լավ կլինի, մի նեղվիր:

Հենց այդ շաբաթը հայտարարվել էր թումանյանական շաբաթ: Վերջին կազմակերպած միջոցառումն էր, բայց այս միջոցառումը տարբերվեց նրանով, որ սկզբից ընկեր Թադևոսյանի կողքին կանգնած էր մի անծանոթ տղամարդ:

-Երեխաներ, ծանոթացեք, ընկեր Հակոբյանն է: Մեր դպրոցի պարուսույցն է լինելու,- ժպիտը դեմքին ներկայացնում էր տնօրենը:

-Ինչպես ներկայացրեց ինձ ձեր տնօրենը, ես ընկեր Հակոբյանն եմ, ձեր պարուսույցը: Պարի խմբակին կարող են մասնակցել 4-11-րդ դասարանի երեխաները: Առաջին պարապմունքը կլինի մարտի 4-ին, ժամը 3-ին: Առաջին պարապմունքի համար ցանկալի է պարի համար նախատեսված մասիկներ: Պահանջում եմ պարի չգալ շատ կիպ ջինսե տաբատներով, այլ ավելի հարմարավետ հագուստով:

Միջոցառման ժամանակ չէի նկատել, որ իմ հետևում նստած է փոխտնօրեն ընկեր Հարությունյանը: Նա ժպտաց ինձ և ասաց.

-Տեսնո՞ւմ ես, որ ասում էի՝ լավ կլինի: Հիմա գնալո՞ւ ես պարի, թե՞ չէ:

-Վա՜յ, բախտս հազիվ բերել ա: Հա գնալու եմ, բա ինչ եմ անելու:

Հենց այդ ժամանակ հիշեցի, թե Նոր տարվա գիշերը ինչ երազանք եմ պահել:

Դե, արդեն այդ դեպքից անցել է մեկ տարի: Պարի խմբակում առաջատարներից մեկն եմ համարվում: Իսկ մեր շատ՜ շատ սիրելի ընկեր Հակոբյանը մեր խմբից նույն պես գոհ է: Իսկ մենք իրեն սիրում և հարգում ենք որպես մեր ավագ ընկերոջ:

Եվ այդ հարգանքի, սիրո և մեր նվիրված աշխատանքի շնորհիվ այս տարի ապրիլի 1-ին Երևանում տեղի ունեցավ <<Նազանք>> պարային համույթների մրցույթ-փառատոնը: Մենք մեր փոքրիկ համայնքի երեխաներով նույնպես ելույթ ունեցանք: Մենք առաջին անգամ էինք ոտք դնում մեծ բեմ: Ունեցանք երկու հաղթանակ. առաջին պատվավոր տեղը զբաղեցրեցինք ազգային պարից, իսկ երրորդ տեղը՝ ժողովրդականից:

Դուք դեռ կարծում եք, թե երազանքները չե՞ն կատարվում: