1C5BFD88-447F-48F6-B0AD-F2DA49BC509B

«Միայն դու ու խոսափողն եք, ուրիշ ոչինչ պետք չէ»

Հարցազրույց «Բաց միկրոֆոն» (“Открытый микрофон”) հաղորդաշարի 3-րդ եթերաշրջանի ֆինալիստ, սթենդ-ափ կոմիկ Բագրատ Ղազարյանի հետ։

-Փոքր ժամանակ ի՞նչ էիք ուզում դառնալ։

-Երազում էի ֆուտբոլիստ դառնալ, միշտ բակում ու դպրոցում խաղում էի, բայց ծնողներս դեմ էին ու ինձ չտարան պրոֆեսիոնալ դպրոց։ Իսկ հետո էլ ծնկիս հետ խնդիր ունեցա, այդ պատճառով էլ այդ երազանքս այդպես էլ չիրականացավ։

-Դուք մասնագիտությամբ ատամնաբույժ եք։ Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել սթենդ-ափով և արդեն քանի՞ տարի է, որ զբաղվում եք սթենդ-ափով։

-Հենց բժշկական համալսարանում էլ սկսել եմ զբաղվել։ 2015 թվականն էր՝ 3-րդ կուրս էի, ընկերս որոշեց սթենդ-ափ կազմակերպել համալսարանի ներսում ու կանչեց ինձ, իսկ ես անգամ չգիտեի էլ, թե դա ինչ է։ Որոշ սթենդ-ափներ նայեցի ու գնացի ներկայանալու։ Այդ օրը շատ լավ ներկայացա ու այդ ժամանակվանից էլ որոշեցի ավելի լուրջ զբաղվել։

-Հիշո՞ւմ եք, թե այդ առաջին սթենդ-ափ ելույթից հետո ի՞նչն էր Ձեզ հատկապես դուր եկել։

-Ինձ շատ էր դուր գալիս, որ ուշադրության կենտրոնում եմ ու մարդիկ ծիծաղում են իմ ասած կատակների վրա։ Բայց հիմա, երբ վերանայում եմ այդ ելույթները, հասկանում եմ, որ շատ վատ էի ելույթ ունենում։

-Այդ ժամանակ ունեի՞ք արդյոք բեմում ելույթ ունենալու փորձ։

-Բեմում ելույթ ունենալու փորձ եղել է դպրոցում՝ տարբեր պարոդիաներ էի անում։ Այդպիսով ունեի փորձ, բայց լրիվ այլ ժանրում։

-Արդյոք ևս մի մասնագիտություն ունենալը օգնում է սթենդ-ափին։

-Ես ուղղակի չեմ կարող միայն մի բանով զբաղվել։ Ընդհանուր առմամբ, ատամնաբուժությունը սթենդ-ափին օգնում է միայն գումարով։

-Ինչո՞ւ չեք կարող մի բանով զվաղվել։

-Ես չեմ կարող մի բանով զբաղվել, քանի որ այնպիսի զգացում է, որ կարծես ինչ-որ բան բաց թողնեմ, ուզում եմ շատ ուղղություններում զարգանալ, այդ պատճառով էլ չեմ ուզում միայն մի բան անել։

-Ինչո՞ւ եք ընտրել հենց սթենդ-ափը։

-Որովհետև այն համեմատաբար նոր ուղղություն է։ Միայն դու ու խոսափողն եք, ուրիշ ոչինչ պետք չէ։ Ու դե շատ կարևոր է, որ, իմ կարծիքով, սա երբեք ոչ ոքի չի հոգնեցնի՝ միշտ ակտուալ կլինի։

-Ձեր մասնագիտություններից ո՞րն է Ձեզ ավելի դուր գալիս։ Ինչո՞ւ։

-Երկուսն էլ շատ տարբեր ուղղություններ են՝ դժվար է համեմատել։ Ես շատ եմ սիրում իմ ատամնաբույժի աշխատանքը՝ մարդկանց օգնելը, նրանց գեղեցիկ ժպիտներ պարգևելը։ Բայց ես բեմում էլ եմ շատ սիրում ժպիտներ ստեղծել։ Դա լրիվ ուրիշ էներգետիկա ու հաճույք է։

-Ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս սթենդ-ափերի մասնագիտության մեջ։

-Սթենդ-ափում ինձ դուր է գալիս այն, որ դու բեմ ես դուրս գալիս, ասում ես մտքերդ ու փորձում ես այնպես անել, որ քեզ լսեն։ Փորձում ես ուշադրություն գրավել, ու եթե ստացվում է, դու ամեն ինչի էպիկենտրոնն ես։

-Եղե՞լ են արդյոք ելույթներ լռության մեջ։ Կպատմե՞ք դրա մասին։

-Կարծում եմ՝ բոլորի մոտ էլ եղել են, ու ես բացառություն չեմ, բայց անկեղծ ասած՝ ես շատ քիչ եմ այդպիսի սթենդ-ափներ ունեցել ու հպարտանում եմ դրանով։ Պատմելու առանձնապես բան չկա, առհասարակ, եղել են հանդիսատեսներ, որ ոչ թե սթենդ-ափի են եկել, այլ ուղղակի խմելու։ Նրանք ոչինչ չեն ուզել, ուզել են ուղղակի խմել, հանգստանալ, իսկ ես այդ ժամանակ րոպեներն եմ հաշվել, թե երբ եմ այդտեղից գնալու։

-Ո՞րն է Ձեզ համար իդեալական հանդիսատեսը։

-Առհասարակ, ինձ համար իդեալական է յուրաքանչյու հանդիսատես, ով եկել է հենց հումոր լսելու ու ուզում է լավ անցկացնել իր ժամանակը, այլ ոչ հենց սկզբից էլ եկել է դատելու, մտածելով, որ եթե գումար է տվել, ուրեմն բոլորը պետք է ուրախացնեն իրեն։

-Ինչքա՞ն ժամանակ է գնում կատակներ գրելու վրա։

-Միշտ տարբեր է լինում, ես չեմ կարողանում նստել ու գրել, ինչ-որ բան պիտի մտքիս գա։ Երբեմն շատ երկար է տևում, բայց ես հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ ու փորձում եմ ավելի լավ ու շատ գրել։

-Բեմում իմպրովիզացիա անում եք, թե՞ դա շատ ռիսկային է։

-Հիմա սկսել եմ շատ իմպրովիզացիա անել, քանի որ իմ հումորը միշտ իրավիճակային է։ Ես կարծում եմ, որ դա այդքան էլ վատ չի ստացվում, ու ինձ շատ է դուր գալիս բեմում իմպրովիզացիա անել, պատասխանել մարդկանց ու անել հումոր այնտեղ և այդ պահին՝ դա միշտ էլ մարդկանց ավելի հասանելի է։

IMG_1111

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ հատկություններ պիտի ունենա մարդը, որպեսզի դառնա սթենդ-ափ կոմիկ։

-Ես կարծում եմ, որ պետք է լինել վստահ, խարիզմատիկ, արտաքնապես հաճելի՝ խնամված։ Ես չեմ հասկանում կոմիկներին, որոնք անխնամ տեսք ունեն։ Ցավոք սրտի, մարդկանց հոգեբանությունն այնպիսին է, որ եթե դու տհաճ ես՝ նրանք քեզ չեն լսի, այդ պատճառով էլ պետք է խնամված լինել, որ հաճելի լինի քեզ նայելը, իսկ եթե հաճելի է նայել, ապա նրանք քեզ լսել էլ կցանկանան։

-Կարելի՞ է արդյոք սովորել կատակել, թե՞ այն կա՛մ մարդու մեջ կա, կա՛մ չկա։

-Կարծում եմ՝ ամեն բան կարելի է անել, բայց հարցն այն է, թե ո՞րը կլինի որակն ու հնարավոր սահմանը։ Միշտ էլ ավելի տաղանդավոր մարդն ավելի բարձր կլինի ու կտեսնի այն, ինչ դու չես տեսնում, բայց աշխատասիրությունը միշտ կարող է շատ բան հաղթահարել։

-Ձեր հարազատներն ու շրջապատը ինչպե՞ս ընդունցին այդ փաստը, որ սկսել եք զբաղվել սթենդափով։

-Ընդհանուր առմամբ՝ դրական, բայց մինչ չհասա որոշ բաների, նրանք դա առանձնապես լուրջ չէին ընդունում։

-Դուք մի քանի անգամ մասնակցել եք «Բաց միկրոֆոն» հաղորդմանը ու անգամ հասել եզրափակիչ։ Ի՞նչ դժվարություններ կային հաղորդմանը մասնակցելու ժամանակ։

-Նախ, նշեմ, որ ես դրանից առաջ 4 ամիս ելույթ չէի ունեցել և առհասարակ չէի պատրաստվում մասնակցել այդ հաղորդմանը։ Բայց ընկերս համոզեց, որ գնամ, ու ես գնացի։ Դրա հետ կապված հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ այնտեղի մասնակիցները հաճախ ելույթ ունեցող հումորիստներ էին, իրենց համար դա կյանք է, ու այդ պատճառով էլ շատ կատակներ ունեին, իսկ ես ունեի-չունեի մի մոնոլոգ ունեի, իսկ այնտեղ նորը գրելու ժամանակ քիչ կար։ Երևի թե դա էլ միակ բարդությունն էր։ Ես սկզբում ուղղակի հանգստացա ու ուղղակի ուզում էի հաճույք ստանալ ամեն բանից՝ նրանից, որ գտնվում եմ այնտեղ, բեմից, մասնակիցներից։ Հետո ես ստիպված էի ինքս ինձ վրա զայրանալ, որովհետև կատակներ գրելը չէր ստացվում։ Միայն կարողանում էի գրել այն ժամանակ, երբ զայրացած էի ու հասկանում էի, որ ուղղակի պետք է գրել։ Չեք կարող պատկերացնել, թե ինչ դժվար է այդքան կարճ ժամանակում կատակներ գրելը։ Մի նյուանս էլ կար՝ այն ամենն, ինչ գրում էի ես, չէի կարող փորձարկել մարդկանց վրա մինչ բեմ բարձրանալը։ Այսպիսով 5-ից 3 մոնոլոգը գրվելուց հետո միանգամից ներկայացրել եմ նկարահանումներին՝ մինչ այդ ոչ մի տեղ չեմ կարողացել ներկայացնել ու հասկանալ՝ ինչքանով է ծիծաղելի։

-«Բաց միկրոֆոն» հաղորդմանը մասնակցելը ի՞նչ է Ձեզ տվել։

-Մասնակցելը խթանեց լրջորեն սթենդ-ափով զբաղվելս։ Եվ ինչ-որ չափով այն ինձ տվեց որոշ ինքնաընդունում ու ինքնաճանաչում։ Շատ հավես է, երբ մոտենում են փողոցում ու խնդրում նկարվել, դա շատ հաճելի է։

-Սթենդ-ափ կոմիկներին դիտողներ են պետք, որպեսզի նրանք ներկայանան, իսկ հիմա կարանտին է։ Ունե՞ք ներկայացումներ, որ հետաձգվել կամ չեղարկվել են։

-Այո, իհարկե, պատրաստվում էի որոշ նոր բաներ գրելով, հինը վերագրելով, ու պետք է 5 քաղաք գնայի՝ ելույթ ունենալու։ Բայց ոչինչ, ուղղակի երևի թե ներկայացումները կտեղափոխվեն մի քանի ամսով։

-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կարող է կարանտինը խանգարել սթենդ-ափ կոմիկի ստեղծագործական գործունեությանը։

-Ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում՝ հետևաբար ոչ մի տեղ չի լինում ներկայացում ունենալ, ընդհանուր առմամբ բարդ է այդքան ելույթ չունենալը։ Բայց մյուս կողմից էլ՝ կա հոյակապ հնարավորություն ու ժամանակ շատ նոր կատակներ գրելու։ Յուրաքանչյուր մարդ պետք է այս իրավիճակում գտնի իր օգուտը։

IMG_1110

-Կոմիկներից ովքե՞ր են Ձեզ ոգեշնչում։

-Չգիտեմ, երևի ոչ ոք էլ չի ոգեշնչում։ Ինձ այլ բաներ են ոգեշնչում։ Բայց Արթուր Չապարյանը խրախուսում է։ Ես իրեն շատ եմ սիրում, նա հայերից ամենալավն է, դե․․․ գիտեք ումից հետո։

-Ո՞ր դեպքում Դուք կթողնեք սթենդ-ափը։

-Ես մի քանի անգամ այն թողել եմ ու շատ ժամանակ եմ կորցրել, որը կարող էի սթենդ-ափի վրա ծախսել ու ավելի լավ արդյունքների հասնել։ Բայց դա եղել է որոշ պատճառների ու հանգամանքների պատճառով։ Հիմա վերադարձել եմ սթենդ-ափ ու հաստատ չեմ թողնի այն․ շատ նպատակներ կան ու պետք է հասնել դրանց:

-Ինչո՞ւ էիք թողել սթենդ-ափը։

-Թողել էի անձնական խնդիրների պատճառով, ուղղակի չէի կարող զբաղվել սթենդ-ափով ու դրան նաև ավելացավ ստեղծագործական ճգնաժամ, բայց այժմ այդ ամենն անցյալում է, այլևս երբեք չեմ թողնի։ Ուզում եմ հասնել նպատակներիս ու ցույց տալ բոլորին, որ ես դուրս չեմ մնացել այդ ամենից։

-Կա՞ն արդյոք տաբու թեմաներ սթենդ-ափ կոմիկների համար և հենց Ձեզ համար։

-Տաբու շատերի մոտ չկա։ Կոնկրետ ինձ մոտ էլ չկա, բայց ես չեմ կարող կատակել որոշ թեմաների շուրջ, ուղղակի որովհետև հենց ինձ անհասկանալի կլիներ դա լսել։ Որոշ թեմաներ էլ ուղղակի չեն համատեղվում ինձ հետ։

-Կարո՞ղ եք խորհուրդ տալ սկսնակ կոմիկի։

-Այնքան շատ են արդեն եղել այդ խորհուրդները․․․ Այսպիսի խորհուրդ կտամ՝ եթե ուզում ես սթենդ-ափով զբաղվել, ապա պիտի հստակ ինքդ քեզ հարցնես՝ թե ինչո՞ւ։ Եթե ուղղակի որովհետև դա լավ է նայվում կամ ուղղակի ուզում ես հեռուստացույցում երևալ, ապա ավելի լավ է չսկսել։ Բայց եթե դու գլոբալ նպատակներ ունես, ապա եղիր այնպիսին, ինչպիսին կաս՝ պետք չէ հատուկ ձայնն իջեցնել ու սկսել դանդաղ խոսել։ Եղիր ինչպիսին կաս՝ մարդիկ միանգամից կհասկանան, որ ինչ-որ բան այն չէ, որ անկեղծ չես, այնպես որ մի՛ ձևացրու։

-Եղե՞լ եք Հայաստանում։

-Իհարկե, եղել եմ։ Ամեն ամառ մայրիկս եղբորս հետ ինձ հարազատ քաղաք էր ուղարում՝ տատիկի ու պապիկի մոտ։ Դե հիմա նույնպես լինում է, որ գալիս եմ՝ մորաքույրս ու երկու եղբայրս այդտեղ են ապրում։ Բայց ես չեմ կարողանում երկար մնալ այդտեղ՝ հաճախ ինձ անհարմար եմ զգում, հատկապես՝ տեղացիների մեքենա վարելուց։

-Դուք հայերեն գիտեք։ Ինչքանո՞վ է Ձեզ համար կարևոր մայրենի լեզվի իմացությունը։

-Տանը հայերեն ենք խոսում։ Ես շատ լավ չեմ խոսում՝ բարբառներս խառն են, բայց ամեն բան հասկանում եմ ու խոսել էլ կարող եմ, ուղղակի ռուսերեն ավելի հեշտ է։ Ես սովորական եմ դրան վերաբերվում։ Առաջ չէի հասկանում նրանց, ովքեր չգիտեն լեզուն, բայց հիմա ընդհանուր առմամբ հանգիստ եմ վերաբերվում։ Լավ է, որ գիտեմ հայերեն, բայց ընդհանուր առմամբ չէի ասի, որ այն ինձ ինչ-որ կոնկրետ ձևով օգնում է։

-Օգնու՞մ է արդյոք ազգությունը սթենդ-ափում, թե՞ հակառակը։ Ի՞նչ կերպով։

-Սթենդ-ափում չկա ազգություն ու առհասարակ ոչ մի օգնություն չկա։ Նաև, ես այդքան էլ հայի նման չեմ, այնպես որ, ոչինչ չի օգնում՝ բացի քրտնաջան աշխատանքից։

-Մտածե՞լ եք արդյոք Հայաստանում ելույթ ունենալու մասին։

-Այս էտապում չեմ ուզում Հայաստանում ելույթ ունենալ։ Եթե անգամ Մոսկվայում ամեն ինչ սկզբնական փուլում է, Հայաստանում մարդիկ դեռ սովոր չեն նորմալ սթենդ-ափին։ Ինձ թվում է՝ այդտեղ իմ կատակները այդքան էլ համապատասխան չեն լինի։ Այդ իսկ պատճառով էլ դեռ չեմ պատրաստվում այդտեղ ելույթի։

-Ի՞նչ նկատի ունեք «նորմալ սթենդ-ափ» ասելով։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է կապված այդ անպատրաստությունը։

-Հայաստանում ամեն բան սկզբնական էտապում է ու կատակները պրիմիտիվ են։ Մարդիկ պատրաստ չեն իմ հումորին, որովհետև ունեմ որոշ անվայելուչ կատակներ, իսկ դա դժվար թե ընդունվի։ Եվ ընդհանուր առմամբ, հիմա ուղղակի դեռ չկա ցանկութկուն Հայաստանում սթենդ-ափ անելու։