Mari Baghdasaryan malishka

Մինչև քսանյոթերորդ րոպեն

Լինել իրավաբանականի ուսանողուհի և զբաղվել լրագրությամբ, շատերի համար զարմանալի է լսել նման բան: Ես ինքս էլ զարմացա, երբ լսեցի, որ փիլիսոփայությանս դասախոսը, մինչ համալսարանում դասավանդել սկսելը, ռեժիսոր է եղել:

Իրավաբանությունը չեմ համարել սիրելի մասնագիտություն և դժվար թե համարեմ: Լրագրությամբ զբաղվելն էլ գուցե մի օր թողնեմ: Ես գրում եմ այն, ինչը տեսնում եմ մարդկանց աչքերում:
Գերակշռող սուտը բառերից տարանջատելով, թացը չորից տարբերելով ու անկեղծությունը գնահատողների մտքերին ականջ դնելով՝ մարդը դառնում է կա՛մ փիլիսոփա, կա՛մ էլ վատագույն դեպքում նրան կանվանեն «քիթն ամեն ինչի մեջ խոթող»:
Գրող լինելու համար գրելը հերիք չէ: Գրող լինելու համար բառերն իրար կպցնելն ու պերճախոսությամբ շաղախված տողերը թղթին հանձնելը բավարար չէ: Հիմա հաճախ կարելի է լսել. «Տեղից վեր թռնողը երգիչ է դարձել, կամ գրող է դարձել»:
Համացանցում մի քանի տող գրողին կա՛մ քննադատում են, կա՛մ գովաբանում: Ես քննադատ չեմ և ոչ էլ ժամանակակից գրականությունը չընթերցող մեկն եմ: Լրագրող լինելուց առաջ ես սպիտակ թղթերը գունավոր գրիչներով խզբզող մեկն էի, կամ դեռ շարունակում եմ լինել:
Այդպես էլ չսովորեցի գեղարվեստական ոճը մի կողմ դնել: Եթե հանկարծ դնում էլ եմ, ապա միայն հարցազրույցների ժամանակ: Այն հարցազրույցների, որոնք վարում եմ սկսնակ երգիչների կամ տարիների փորձ ունեցող դասախոսների հետ: Մարդկանց, որոնց պատասխանների հիմքը կազմում է կյանքի փորձը, որոնցից կարելի է սովորել ավելին, ավելացնել երաժշտական գիտելիքների ցանկը որոշ չափով, կամ իմանալ շրջապատում առկա խնդիրները, ինչ-որ մայթով անցնելիս տեսնել անցորդների ու գրել նրանց մասին՝ առանց որևէ չափազանցության:
Պատմվածքներս պատմում են կյանքի ու սիրո մասին, գուցե ոչ այն գրքերում նկարագրված, ֆիլմերում ցուցադրվող, երգերում լսվող, բայց և անկեղծ սիրո:
Գուցե տողերս գիրք չդառնան: Գուցե մի օր ի լուր աշխարհի հայտարարեմ, որ գիրք եմ գրել:
Գրքիս կազմին անձրևի կաթիլներ կնկարեմ՝ իմ սիրած և մեկ ուրիշի չսիրած անձրևի կաթիլները:
Եվ գուցե մի օր մեկն իրեն գտնի տողերումս:
Իրավաբանության ու լրագրության լրջությունից հեռու փախած՝ տողերս գուցե մի օր ողողեն համացանցը: Գրող դառնամ, դե, Դյումային ու Շեքսպիրին չհասնող, մի հասարակ գրող:
Անկեղծությամբ լցված մտորումներիս շարքն ավարտեցի լռությամբ լցված քսանյոթերորդ րոպեին…