Միջազգային խճանկար

Դեպի ԱՄՆ իրականացվող ընտանեկան փոքրիկ ճանապարհորդությունները իմ կյանքի բաղադրիչ մասն են կազմում։ Սակայն ամեն անգամ այստեղ հայտնվելիս տարբեր զգացողություններ եմ ունենում։ Երբեմն ուրախությամբ եմ լցվում անծանոթ երևույթների առնչվելիս, երբեմն էլ՝ ուղղակի խուսափում եմ դրանց հետ հանդիպելու հնարավորությունից։

ԱՄՆ-ում անցկացրածս առաջին ժամերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ զարմանք։ Այս երկիր ոտք դնելուն պես փորձում էի գտնել ինձ հետաքրքրող հարցերից մեկի պատասխանը՝ ինչո՞ւ են իմ հայրենակիցները լքում իրենց երկիրն ու գալիս այստեղ։ Օդանավակայանից դուրս գալուն պես խառնվել էի մի նոր մշակույթի, որն իրենից ներկայացնում է հազարավոր այլ մշակույթների խառնուրդ։ Նայում էի շուրջբոլորս ու մտածում, որ եկվորների համար այստեղ զրոյից կյանք սկսելը ուղղակի անհնար է։ Սակայն, երբ հասանք տուն, ես նորից ինձ վերագտա Հայաստանում։ Թաղամասը ոչնչով չէր տարբերվում Հայաստանից։ Հայ տատիկներ, պապիկներ, խանութներ՝ լցված դժգոհ վաճառողուհիներով ու հայկական երգեր։ Ու մի պահ մտածեցի, որ ժողովուրդս լքում է իր հայրենիքը, որ գա մեկ ուրիշ Հայաստան՝ օվկիանոսից այն կողմ։

Առաջին օրվան հաջորդող մեկ ամիսը լցված էր բազմազան նոր հայտնագործություններով ու բացահայտումներով։ Ամեն առավոտ զարթնում էի, դուրս գալիս փոքրիկ Հայաստանից ու վերադառնում այնտեղ երեկոյան։ Անընդհատ փնտրում էի հարցիս պատասխանը ու ամեն օր գտնում էի տարբեր պատասխաններ։ Վերադարձա Հայաստան անմոռանալի տպավորություններով ու անպատասխան նոր հարցերով։

Հիմա, երբ արդեն քաջատեղյակ եմ այստեղի ապրելակերպից, սովորություններից ու ավանդույթներից, օվկիանոսից այն կողմ տեսնում եմ մեկ ուրիշ աշխարհ։ Այստեղ տեսնում եմ բազում նոր հնարավորություններ ու անակնկալներ, որ կարող են մատուցվել քեզ յուրաքանչյուր պահի։ Սակայն մինչ այսօր զարմանում եմ՝ տեսնելով, որ այստեղ հավաքվել է տարբեր ազգեր, մշակույթներ ու պատմություններ ներկայացնող անհատներ ու ստեղծել են մի մեծ խճանկար։ Ամեն անգամ խճանկարը փոխվում է՝ մանկական ժպիտներով, կոտրված հույսերով ու նոր ծնվող նպատակներով։ Սակայն խճանկարի բաղադրիչ մասերը միշտ ներդաշնակ են միմյանց նկատմամբ։ Երևի թե հենց այդ ներդաշնակությունն էլ կանչում է բոլորին այստեղ՝ իր մի մասնիկը դառնալու։