milena antonyan (aragacotn)

Մի բան կորցրել է այս փողոցը

Ինչպես բոլոր բարձր դասարանի աշակերտները, ես նույնպես ամեն օր շտապում եմ պարապմունքի նույն ճանապարհով, հերթով նայում եմ բոլոր տներին։ Կան տներ, որոնց նայում եմ շատ մեծ հետաքրքրությամբ, կան նաև այնպիսիները, որոնց նայելիս հայացքս կախում եմ։ Միայն տներին չէ, որ այդպես մեծ ուշադրությամբ եմ նայում, գրեթե ամեն ինչն է ինձ հետաքրքիր։ Հիմա, երբ ձմեռ է, ամեն անգամ այդ փողոցով անցնելիս մի բան եմ նկատում՝ դատարկություն։ Չգիտեմ ինչու։ Երևի այնքան ցուրտ է, որ մարդիկ որոշել են փախչել ու թաքնվել իրենց տներում։ Լա՛վ, մարդկանց ներում եմ՝ ինձ այսքան երկար ճանապարհին մենակ թողնելու համար ու սպասում կենդանիներին, որոնք պիտի հարձակվեին ինձ վրա ամեն անգամվա նման, բայց… Բայց կենդանիներն էլ չկան։ Երևի այնքան ցուրտ է, որ նրանք էլ են որոշել թաքնվել մի տաքուկ տեղում։ Դե ինչ, նրանց էլ եմ ներում։ Ու շարունակում եմ նայել ամեն քարին ու բույսին մեծ հետաքրքրությամբ։ Առաջին տարին չէ, որ ես շտապում եմ պարապմունքի այս փողոցով, բայց առաջին անգամ է, որ փողոցն այսքան լուռ ու դատարկ է։ Կարծես ինչ-որ բան կորցրած լինի։ Չգիտեմ, միգուցե, իր պատանիներին է կորցրել, որ սառած ու հոգնած, ցեխերի վրայով ցատկոտելով ու աղմուկով, տուն են շտապում։ Երևի այն ժամանակ այդ պատանիների համար (որոնց ուրախ շարքերում նաև ես էի) ցուրտն այնքան էլ վախենալու չէր:․ Երբ այսքան մեծ հետաքրքրությամբ նայում եմ այս փողոցի դարավոր ծուռ ու մուռ քարերին, հասկանում եմ, թե նրանք որքան շատ մարդկանց ուրախ ու տխուր հիշողություններ կարող են լուռ ու մունջ պահել իրենց մեջ։ Հասկանում եմ, որ նախկինում ժամանակ չեմ ունեցել նկատելու այս ամենը։ Ես այն ժամանակ իսկապես շտապել եմ դասի գնալու, կամ երևի ընկերներիս հետ եմ եղել։ Հիմա ես հույսով սպասում եմ, որ ինչ-որ մեկը կընկերակցի ինձ, ինչպես հին ժամանակներում։ Այս ճանապարհով դասի շտապողները այնքան շատ էին, որ ես ուղղակի անզոր էի մնալ միայնակ։ Իսկ հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ հետևում թողել եմ ճանապարհի մեծ մասը ու դեռ մենակ եմ։ Մտքումս հարց եմ տալիս՝ ո՞ւր ես, ի՛մ ընկեր, միգուցե դու նո՞ւյնպես վախեցել ես ցրտից ու որոշել թաքնվել տանը։ Այլևս ոտնաձայներդ չեմ լսում, որ շրջվեմ և ուրախանամ, որ մնացած ճանապարհը մենակ չեմ գնալու։ Լա՛վ, քեզ էլ եմ ներում։ Իսկապես ցուրտ է։ Հաստատ ինչ-որ բան կորցրել է այս փողոցը, եթե կորցրած չլիներ, ես առաջվա նման՝ արագ քայլելով կանցնեի։ Բարև կտայի մարդկանց, չէի էլ նկատի, որ տարիների հետ փոխվում է ամեն ինչ, ու հաստատ փողոցում ինչ-որ մեկի տեսնելիս՝ մտքումս ուրախ-ուրախ չէի ասի՝ վա՜յ, մարդ։ Մի բան փոխվել է, նույնիսկ ես։ Միգուցե ես է՞լ եմ կորցրել այն ուրախ-զվարթ ընկերական շրջապատը, որ անցնում էր այս ճանապարհով ու աղմկում՝ թույլ չտալով լռությանը հաղթել իրեն։ Իսկ հիմա լռությունը հաղթել է և ինձ, և խանդավառ փողոցին։ Ասե՞մ՝ ինչ էինք անվանում այդ մարդկային ուրախ ամբոխին՝ «Մայլի ավտոբուս»։ Խմբակից հետո բոլորը նստում էին իրենց «մայլի» ավտոբուսները ու շարժվում դեպի տուն։ Հիմա, հասկանալով, որ երբեք ուզածս չի լինելու կրկին, միայն մի բան եմ ուզում՝ կրկին նստել «մայլի» ավտոբուսն ու գնալ խմբակի դասերին։ Դե ինչ, հասա պարապմունքի, կրկին մենակ, ինձ հաջողություն մաղթեք: