Միլենա Անտոնյանի բոլոր հրապարակումները

milena antonyan (aragacotn)

Հանուն փափուկ արջուկի

Ես այսօր անցել եմ Ն.Զ.Պ. առարկայի դաշտային պարապմունք:

Ոչինչ չասող նախադասություն, չէ՞: Դա նշանակում է, որ ես գնացել եմ կրակադաշտ ու կրակել եմ իսկական, իրական զենքից: Էլի համարյա ոչինչ չասող նախադասություն: Ախր, պատկերացնո՞ւմ եք իրական զենք, որը հնարավոր է, որ բռնում ես առաջին ու վերջին անգամ, իրական կրակադաշտ, որտեղ հնարավոր է, որ գտնվում ես առաջին ու վերջին անգամ:

Երևի չկարողանամ նկարագրել՝ ինչ էր կատարվում հետս, երբ էնտեղ էի, երբ մի քանի մետրից լսում էի կրակոցների ձայներ, երբ ձեռքումս բռնել էի պահեստատուփը, երբ ականջներս սկսեցին խլանալ առաջին կրակոցից հետո, երբ մտածում ես, որ քեզ շրջապատող երիտասարդների ու հենց քո ձեռքում է հայրենիքի ապագան, ու դու ուղղակի իրավունք չունես սխալվելու:

Շատերից եմ լսում՝ աղջիկներ են, թող չկրակեն, կարող է՝ վախենան: Էստեղ ուղղակի մի բան կասեմ, մեր էպոսից՝ առյուծը առյուծ է, լինի՝ էգ, թե որձ:

Ուղղակի այս ամենն ասելուց հետո, մի բան եմ ուզում: Եթե պիտի կրակեն, թող որ Հայաստանում մարդիկ կրակեն ամենաշատը խաղահրապարակների հրաձգարաններում՝ փափուկ արջուկ նվաճելու համար:

milena antonyan (aragacotn)

Եթե ոսկե ձկնիկ ունենայիր

Շատ հաճախ հասկանում ես, որ կյանքումդ ամեն ինչ նույնն է. 24 ժամը քեզ չի բավականացնում գործերդ ավարտելու համար, բայց միևնույնն է՝ ամեն ինչ ձանձրալի է, իսկ դա կարող է մի բան նշանակել: Ժամանակն է ինչ-որ խենթ, զվարճալի բան անելու, մի բան, որը մարդիկ անիմաստ կհամարեն ու ևս մեկ անգամ կհիշեցնեն քեզ, որ դու աննորմալ ես:

Եվ այսպես, երբ որոշեցի, որ ամեն ինչ ձանձրալի է, որոշեցի մարդկանց հարցնել, թե ինչ կուզեին, եթե ոսկե ձկնիկ բռնեին: Ես միանշանակ գիտեի՝ որն է լինելու իմ ցանկությունը:

-Շատ գումար կուզեի:

Օ՜, ոչ, մի՞թե աշխարհում ավելի կարևոր բան չկա, քան գումարը:

-Շատ փող:

-Շատ փող:

Երեք հոգու հարցնելուց հետո մտածեցի, որ չեն կարող բոլորը մտածել միայն փողի մասին ու քանի որ այս ամենն անում էի նյութիս համար, որոշեցի հարցնել իմ հասակակիցներին՝ կարծելով, որ պատանիները ավելի երազկոտ են ու հետաքրքիր պատասխաններ կտան:

-Ի՞նչ կուզեիր, եթե ոսկե ձկնիկ բռնեիր:

-Ընդամենը մեկ ցանկության հնարավորությո՞ւն ունեմ:

-Այո:

-Ուրեմն սկզբում կուզեի, որ նա կատարեր բոլոր ցանկություններս:

-Իսկ կնշե՞ս ցանկություններիցդ մի քանիսը, որ հետո պիտի խնդրես կատարել:

-Դե, շատ գումար, մեծ առանձնատուն…

Օ՜, ոչ: Այս պատասխանից հետո որոշեցի այլևս ոչ մեկին չհարցնել: Ու, ինչպես նկատեցիք, այս անգամ հարցումս չստացվեց: Ոչինչ, էլի կփորձեմ:

Հ.Գ. Եթե կուզեք իմանալ, ասեմ, որ ես կցանկանայի ժամանակի մեքենա ունենալ, որ ամեն պահի կարողանայի հետ գնալ մանկություն:

milena antonyan (aragacotn)

Դուրս եկեք

Այժմ, երբ հիշում եմ իմ ու ընկերներիս մանկության խաղերը, ժպիտները, որոնք դաջված են մտքերիս մեջ, ափսոսում եմ…

Ո’չ, ո’չ, սխալ հասկացաք, ես այն հնի համար չեմ ափսոսում, այլ այս նորի, գալիքի համար: Դուրս եմ գալիս տնից, քայլում եմ փողոցով, նայում հարազատ ու ծանոթ տներին, հերթով գիտեմ, որտեղ քանի երեխա կա, բայց դրսում ոչ ոք չկա, նույնիսկ չկա մեկը, որ նայեմ ու ժպտամ: Նայում եմ շուրջս, ի՞նչ են հիշելու այս մանուկները: Հա~, գուցե համակարգչային նոր խա՞ղը, չէ’, չէ’, գուցե վերջին թրենդին համապատասխան պլանշե՞տը, որ խլելու է իրենց առողջությունը: Իհարկե չեն հիշելու, հաստատ չեն հիշելու ոչ մի բան: Հանգիստ նստած ժամանակ անկախ իրենցից չեն ժպտալու, գիտե՞ք ինչու` ոչ մի բան չկա, որ կստիպի իրենց ժպտալ: Ու հա’, ինչպես նկարագրեցի շատերի մանկությունը, այդպես էլ անցնում է հիմա իմ պատանեկությունը: Գրում եմ այն մարդկանց համար, ովքեր ինձ նման դեռ ուզում են հետ բերել մեր հինը, մեր էն պարզը և ուրախը: Եթե ինչ-որ մեկը կարդաց, դուրս եկեք բակ, ես կարոտել եմ մեր պահմտոցին, դե, հե’տ եկեք…

milena antonyan (aragacotn)

Ինչ է կարոտը

Ուսուցչուհիս հարցրեց.

-Իսկ ի՞նչ է կարոտը:

Լռություն էր: Երևի բոլորի համար էլ բարդ հարց էր: Նստած լսում էի ընկերներիս անունները, որոնց դիմում էր ուսուցչուհիս հարցի պատասխանը ստանալու համար: Հաստատ համոզված լինելով, որ իմ անունն էլ է տեղ գտնելու այդ շարքում՝ սրտիս խորքում աղոթում էի, որ այդպիսի բան չլիներ: Միաժամանակ հետաքրքրությամբ լսում էի բոլորի պատասխանները: Կարծես ոչ ոք էլ հարցին լիովին պատասխան չէր տալիս, ինչ-որ բաներ էր խոսում, շրջանցում թեման ու նստում: Ամեն նստողի հետ մտածում էի՝ ինչ կլինի իմ պատասխանը, և…

Լսվեց անունս: Կանգնած էի, բոլորը ինձ էին սպասում, իսկ ես… «Օ՜, Աստված իմ, ի՞նչ ասել, ես գաղափար չունեմ՝ ինչպես նկարագրել «կարոտ» բառը, չեմ էլ ուզում ինչ-որ խուսափողական պատասխաններ տալ»:

Վերջապես որոշեցի անկեղծ լինել ու ասացի.

-Ինձ համար կարոտը դատարկություն է, ես կարոտում եմ շատերին՝ հորս, տատիկիս ու պապիկիս, ընկերներիս, նույնիսկ այստեղ՝ կողքիս նստած մարդկանցից մի քանիսին: Ու դա զգում եմ դատարկությամբ:

Հանդիպեցի հարցական հայացքների: Դե, հա, ավելի հիմար պատասխան չէի կարող տալ:

Մեր զինվորները

Լուսանկարը` Միլենա Անտոնյանի

Լուսանկարը` Միլենա Անտոնյանի

Երեկ մեր դպրոցում կարծես ամեն ինչ նույնն էր, ամեն օրվա նման։ Ամեն ինչ փոխվեց, երբ մեր դասարանի աղջիկներից մեկը նկատեց, որ դպրոց են մտնում անցած տարվա շրջանավարտ տղաները։ Մեր դպրոցում մի ավանդույթ կա՝ բոլոր բանակ գնացող տղաները գալիս են դպրոց, հաջողություն են մաղթում բոլորին ու գնում։ 

Այս անգամ ամեն ինչ մի տեսակ այլ էր։ Դասերի կեսից տնօրենը մտավ դասարան և հայտարարեց, որ ամբողջ դպրոցը պիտի պատրաստի «Նամակ հայ զինվորին», որոնք մեր ապագա զինվորները իրենց հետ կտանեն իրենց զորամասեր։ Ամբողջ դպրոցը մեծ հպարտությամբ ու խանդավառությամբ գրեց, ամեն մեկը մի բան մաղթեց հայ զինվորին, բայց բոլոր բառերը սրտի խորքից էին ասված։ Ոմանք նկարել էին նամակի վրա կամ շատ գեղեցիկ զարդարել։ Նույնիսկ 12-րդ դասարանցիները բանաստեղծություն էին հորինել։ Իմ նամակը շատ պարզ էր, առանց ոչ մի զարդարանքի, բայց գրված էր շատ մեծ հուզմունքով։ Շատ բան ունեի գրելու, բայց այդպես էլ չկարողացա շատ բան ասել հայ զինվորին։ Ուղղակի գրեցի այն, ինչ պահել էի սրտումս այս նամակի համար։ Գրելու ընթացքում անընդհատ բարկանում էի դասընկերներիս վրա ու լռություն պահանջում, ուզում էի, որ իմ նամակը լավը լինի, որ զինվորը կարդա ու մեծ ջերմություն զգա։ Բայց որքան էլ ցանկանայի կենտրոնանալ նամակիս վրա, լսում էի ամեն ինչ։ Մեկն ասում էր, թե բանակում ոչ ոք չունի ու չգիտի ինչ գրել։ Մյուսը, որ երկու եղբայր ունի։ Ու մտածեցի՝ ես էլ ոչ ոք չունեմ, դրա համար նամակս պիտի գրեմ բոլորի համար, կկարդա մեկի եղբայրը, մեկի տղան, մյուսի ամենալավ ընկերը և այլն, բայց հաստատ կկարդան։ Ու գրեցի։

Լուսանկարը` Միլենա Անտոնյանի

Լուսանկարը` Միլենա Անտոնյանի

Նամակները ավարտելուց հետո ամբողջ դպրոցով երգեցինք հիմնը մեր ապագա զինվորների համար ու, մեր տնօրենի հպարտ ու քաջալերող խոսքերը լսելով, հենց ամենավերջին վայրկյանին հասկացա, որ պիտի գրեմ այս նյութը։ Առհասարակ, միշտ այդպես է, մեր տնօրենը միշտ լավ, բարի ու խրատական խոսքեր է ասում։

Այսպես ճանապարհեցինք մեր տղաներին, իսկ երբ օրվա վերջում, դասերը վերջացրած տուն էի շտապում, նկատեցի, որ հիմա էլ դպրոց են եկել արդեն մեզ պաշտպանած ու զորացրված տղաները։ Եկել էին երկու տարի անց կրկին տեսնելու իրենց երկրորդ տունը։ Ու հենց այդ ժամանակ տեսա տնօրենի և ուսուցիչների փայլող ժպիտը, քանզի կարողացել էին դաստիարակել հայոց ազգի քաջերին, ու ես էլ ժպտացի:

milena antonyan (aragacotn)

Մի բան կորցրել է այս փողոցը

Ինչպես բոլոր բարձր դասարանի աշակերտները, ես նույնպես ամեն օր շտապում եմ պարապմունքի նույն ճանապարհով, հերթով նայում եմ բոլոր տներին։ Կան տներ, որոնց նայում եմ շատ մեծ հետաքրքրությամբ, կան նաև այնպիսիները, որոնց նայելիս հայացքս կախում եմ։ Միայն տներին չէ, որ այդպես մեծ ուշադրությամբ եմ նայում, գրեթե ամեն ինչն է ինձ հետաքրքիր։ Հիմա, երբ ձմեռ է, ամեն անգամ այդ փողոցով անցնելիս մի բան եմ նկատում՝ դատարկություն։ Չգիտեմ ինչու։ Երևի այնքան ցուրտ է, որ մարդիկ որոշել են փախչել ու թաքնվել իրենց տներում։ Լա՛վ, մարդկանց ներում եմ՝ ինձ այսքան երկար ճանապարհին մենակ թողնելու համար ու սպասում կենդանիներին, որոնք պիտի հարձակվեին ինձ վրա ամեն անգամվա նման, բայց… Բայց կենդանիներն էլ չկան։ Երևի այնքան ցուրտ է, որ նրանք էլ են որոշել թաքնվել մի տաքուկ տեղում։ Դե ինչ, նրանց էլ եմ ներում։ Ու շարունակում եմ նայել ամեն քարին ու բույսին մեծ հետաքրքրությամբ։ Առաջին տարին չէ, որ ես շտապում եմ պարապմունքի այս փողոցով, բայց առաջին անգամ է, որ փողոցն այսքան լուռ ու դատարկ է։ Կարծես ինչ-որ բան կորցրած լինի։ Չգիտեմ, միգուցե, իր պատանիներին է կորցրել, որ սառած ու հոգնած, ցեխերի վրայով ցատկոտելով ու աղմուկով, տուն են շտապում։ Երևի այն ժամանակ այդ պատանիների համար (որոնց ուրախ շարքերում նաև ես էի) ցուրտն այնքան էլ վախենալու չէր:․ Երբ այսքան մեծ հետաքրքրությամբ նայում եմ այս փողոցի դարավոր ծուռ ու մուռ քարերին, հասկանում եմ, թե նրանք որքան շատ մարդկանց ուրախ ու տխուր հիշողություններ կարող են լուռ ու մունջ պահել իրենց մեջ։ Հասկանում եմ, որ նախկինում ժամանակ չեմ ունեցել նկատելու այս ամենը։ Ես այն ժամանակ իսկապես շտապել եմ դասի գնալու, կամ երևի ընկերներիս հետ եմ եղել։ Հիմա ես հույսով սպասում եմ, որ ինչ-որ մեկը կընկերակցի ինձ, ինչպես հին ժամանակներում։ Այս ճանապարհով դասի շտապողները այնքան շատ էին, որ ես ուղղակի անզոր էի մնալ միայնակ։ Իսկ հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ հետևում թողել եմ ճանապարհի մեծ մասը ու դեռ մենակ եմ։ Մտքումս հարց եմ տալիս՝ ո՞ւր ես, ի՛մ ընկեր, միգուցե դու նո՞ւյնպես վախեցել ես ցրտից ու որոշել թաքնվել տանը։ Այլևս ոտնաձայներդ չեմ լսում, որ շրջվեմ և ուրախանամ, որ մնացած ճանապարհը մենակ չեմ գնալու։ Լա՛վ, քեզ էլ եմ ներում։ Իսկապես ցուրտ է։ Հաստատ ինչ-որ բան կորցրել է այս փողոցը, եթե կորցրած չլիներ, ես առաջվա նման՝ արագ քայլելով կանցնեի։ Բարև կտայի մարդկանց, չէի էլ նկատի, որ տարիների հետ փոխվում է ամեն ինչ, ու հաստատ փողոցում ինչ-որ մեկի տեսնելիս՝ մտքումս ուրախ-ուրախ չէի ասի՝ վա՜յ, մարդ։ Մի բան փոխվել է, նույնիսկ ես։ Միգուցե ես է՞լ եմ կորցրել այն ուրախ-զվարթ ընկերական շրջապատը, որ անցնում էր այս ճանապարհով ու աղմկում՝ թույլ չտալով լռությանը հաղթել իրեն։ Իսկ հիմա լռությունը հաղթել է և ինձ, և խանդավառ փողոցին։ Ասե՞մ՝ ինչ էինք անվանում այդ մարդկային ուրախ ամբոխին՝ «Մայլի ավտոբուս»։ Խմբակից հետո բոլորը նստում էին իրենց «մայլի» ավտոբուսները ու շարժվում դեպի տուն։ Հիմա, հասկանալով, որ երբեք ուզածս չի լինելու կրկին, միայն մի բան եմ ուզում՝ կրկին նստել «մայլի» ավտոբուսն ու գնալ խմբակի դասերին։ Դե ինչ, հասա պարապմունքի, կրկին մենակ, ինձ հաջողություն մաղթեք:

milena antonyan (aragacotn)

Հեռախոսս ու ականջակալներս

Ինձանից մեծերը երանի են տալիս այն ժամանակներին, երբ չկային բազմատեսակ սարքավորումները: Իսկ երբեք չեմ կաողանում պատկերացնել կյանքս առանց այդ ամենի: Ինձ շատ հաճախ տրվող հարցին, թե արդյոք չե՞մ մոռացել վերցնել հեռախոսս, ես շատ հանգիստ պատասխանում եմ.

-Եթե նույնիսկ մոռանամ վերարկուս, պայուսակս, կոշիկս, հաստատ երբևէ չեմ մոռանա հեռախոսս ու ականջակալներս:

Ես համարյա ամեն ինչ անում եմ ականջակալները ականջիս՝ մտածում եմ, նկարում, կարդում և այլն: Հաճախ ես էլ եմ մտածում, որ այս բոլոր սարքերը խանգարում են մարդուն: Ստեղծում են մի շարք անբուժելի հիվանդություններ: Նաև ըստ ինձ, մարդիկ իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են համակարգչով կամ հեռախոսով ինչ-որ բան անելով: Բայց այս ամենը իմանալով, ես չեմ կարողանում հաղթահարել հեռախոսս կորցնելու վախը: Երբ մի օր որոշեցի ջնջել հեռախոսիցս ամեն ինչ ու այն հանձնել մայրիկիս, հասկացա, որ նրա մեջ են իմ ողջ պատանեկությունը, իմ մտքերը, իմ երազանքներն ու նպատակները, իմ նախասիրությունները, իմ ընկերներն ու ամեն ամեն ինչ: Երևի միայն մեծ կամքի ուժը կարողացավ ստիպել ինձ ջնջել ամեն ինչ, բայց… Բայց երբ ամեն ինչ ջնջված էր ու պատրաստ, ես վերջին վայրկյանին հասկացա, որ չեմ կարող ուղղակի կորցնել այն: Հասկացա, որ 21-րդ դարի հիվանդությունը դարձել է իմ միակ ընկերը:

Հոգեբաններն այս ամենը կանվանեն «կախվածություն հեռախոսից»: Երևի այդպես էլ կա, բայց ինձ համար շատ դժվար է կորցնել հեռախոսս ու իրենից անբաժան ականջակալներս:

milena antonyan (aragacotn)

Լինել պատանի

Ես կարծում եմ, որ պատանեկությունը մարդու կյանքի ամենահետաքրքիր հատվածն է: Հենց այս ժամանակ է, որ իրար են խառնվում երգերն ու դեպքերը, գրքերն ու գիտելիքները, մտքերն ու հեքիաթները: Փորձությունների շարան է սկսվում: Մենք` պատանիներս, փորձում ենք ամեն ինչին նայել փիլիսոփայորեն: Մեզ թվում է, թե այնքան ենք լսել նույն արտահայտությունները ու տեսել ուրիշի սխալները, որ արդեն անգիր ենք արել կյանքի ճիշտն ու սխալը, բայց… Բայց հետո հասկանում ենք, որ կյանքում ճիշտն ու սխալը տարբեր են ամեն մեկիս համար: Ու մենք, որ մի պահ դարձել էինք իմաստուններ, ճանապարհի մեջտեղում զարմացած կանգ ենք առել ու հետ ենք նայում մանկությանը՝ այնպես կարոտով… Մտածում ենք. երևի այն ժամանակ լավ էր, երբ չկար կեղծիք, միայն անկեղծ ժպիտներ էին, անկեղծ ընկերություն, անկեղծ ու մանկական խաղ ու ոչ թե ճակատագրի խաղ, որը ստիպում է քեզ որոշել՝ թաքնվե՞լ, թե՞ փնտրել, ցատկե՞լ, թե՞ քարանալ:

Հենց այս տարիքում ենք գործում մեծ սխալներ ու խախտում կյանքի կարևոր թեորեմները: Բայց հենց այս տարիներն ենք հիշում փայլող ժպիտով, երբ արդեն ուշ է լինում խենթությունների համար: Երբ հասկանում ենք, որ սառել ենք ամեն ինչի հանդեպ: Որ առաջվա նման այլևս չենք ուզում վայրկենական պատասխանել ընկերուհու նամակին: Երբ ավելի հաճելի են մթությունն ու մենությունը, քան ամբոխն ու երաժշտությունը: Բայց ցանկանում եմ, որ բոլորն ունենան ուրախ ու հետաքրքիր, իրադարձություններով լի պատանեկան կյանք: Ժպտացե՛ք, ինչքան էլ դժվար թվա պահը: Ամեն ինչ կանցնի, ինչպես պատանեկան տարիները: Միայն հիշողությունն է մնայուն:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Քանի որ դու ինքդ այդ տարիքում ես, մենք ավելի մեծ հետաքրքրությամբ կկարդանք այն նյութերը, որոնք պատանեկան տարիքից կոնկրետ դրվագներ են: Ինչպես եք ապրում, ինչպես եք լուծում բարդ խնդիրները, ինչն է ձեզ ավելի շատ հուզում, ի վերջո, ինչպես եք հասունանում: Դե ինչ, սպասում ենք ոչ միայն քո, այլ քո հասակակիցների հոդվածներին: