Shushan stepanyan

Մի ծաղկի պատմություն

Մարտի ութն էր: Կանգառում կանգնած սպասում էի: Օրը սովորականից մարդաշատ էր. դե, տոն էր: Ինչպես ամեն տարի, այդ օրը նույնպես ծաղիկներ էին բաժանում կանանց և աղջիկներին: Մի կին իր տղայի հետ եկավ, կանգնեց կողքիս: Այդ կնոջ ձեռքին մի ծաղիկ կար, իրեն էլ էին նվիրել: Ասեմ, որ չափազանց շատ եմ սիրում նայել մարդկանց աչքերին, փորձել կարդալ ամենքի հայացքը, տեսնել էությունը: Հիմա նայում եմ այդ կնոջը, հետո իր տղային. մոտ տասը տարեկան կլիներ, մեծ, շատ սիրուն աչքեր ուներ, երկար թարթիչներ, բարի հայացք, թուշիկներին էլ պեպեններ կային: Մայրը ծաղիկը տվեց որդուն, ու սկսեցին զրուցել:

-Մա՜մ, ա՜յ մամ, կլինի՞ դասատուիս տամ էս ծաղիկը: Իրան շատ եմ սիրում:

-Չէ, կտանենք, կտանք քույրիկին, ա՜յ տղա:

-Մա՜մ, բայց ես դասատուիս եմ ուզում նվիրել:

-Ա՜յ տղա, սիրուն բռնի ծաղիկը, տուն պիտի տանենք: Լավ, է, որ ուզում ես, դասատուիդ կնվիրենք: Տանը քուրիկին կասենք` կզարդարի, դասի գնալուց կտանես:

-Հա, մամ ջա՜ն:

-Տղե՛ս, կարո՞ղ ա տատիկին նվիրենք էս ծաղիկը: Ուզում ես, արի իրան նվիրենք, հա՞:

Ամբողջ ժամանակ լսում եմ ուշադիր, այդ տղային եմ նայում, որ զգույշ ծաղիկը բռնած՝ համ մայրիկի հետ է զրուցում, համ էլ անընդհատ մի քայլ առաջ է գալիս, տեսնի՝ չեկա՞վ ավտոբուսը: Նայում եմ ու ժպտում իրեն: Մեկ էլ ինքն ինձ ժպտաց ու ասաց.

-Մա՛մ, վերջ, ծաղիկը էս քույրիկին եմ նվիրում:

-Նվիրի, բալե՛ս, լավ քույրիկ ա:

Սիրտս լցվեց. իրենց ունեցածը ընդամենը մի ծաղիկ էր, բայց բոլորին նվիրեցին: Գուցե Աստված իրենց բարեկեցիկ կյանքով չէր ապահովել, բայց շատ մեծ սիրտ էր նվիրել…

Ծաղիկը չվերցրի ու ասացի, որ դա հենց այդ կնոջ նվերն է ու թող իրենն էլ լինի: Ո՛չ իմ ավտոբուսն էր գալիս, ո՛չ իրենց, ինչ լավ էր. սկսեցինք զրուցել: Պահը չկորցրի ու ասացի.

-Ինչքան սիրուն ու լավ տղա ունեք:

-Հա՞:

-Շա՜տ:

Իրենց ավտոբուսն եկավ, ու նստելիս այդ տղան ինձ ժպտալով ասաց.

-Հաջող, քույրիկ ջա՛ն:

Ամբողջ օրը աչքերիս առաջ այդ հայացքն էր. ծաղիկ նվիրող այդ բարի հայացքը: Այնքան կուզեի նորից տեսնել այդ տղային, մի բարի ժպիտ նվեր ստանայի նրանից ու պարզեի, թե ի վերջո, ո՞ւմ նվեր հասավ բարի հոտով այդ ծաղիկը: