Կյանքը տեսախցիկի առաջ և առանց տեսախցիկի

Սեպտեմբերի 6-ն էր: Առավոտյան գնացել էի դասի և հեռախոսս մոռացել էի տանը: Երբ տուն վերադարձա, մայրս ինձ ասաց, որ «Մանանա» կենտրոնից են  զանգահարել: Ես անմիջապես վերցրեցի հերախոսը ու զանգահարեցի տիկին Ռուզանին:

-Ալո, բարև Ձեզ, տիկին Ռուզան, ինչպե՞ս եք: Մաման ասաց, որ զանգել էիք:

-Դավ ջան ուզում էինք գալ ձեր գյուղ` ձեր ֆիլմերը նկարելու:

Ուրախությանս չափ չկար: Երկար ժամանակ է, որ քննարկել էինք մեր ֆիլմերի գաղափարները, և անհամբեր սպասում էի նրանց գալուն: Օրը երեք անգամ զանգում էի Հոնին, տեսնեմ` ինչ էին որոշել: Վերջին անգամ, երբ խոսում էինք, Հոնն ասաց, որ վաղը դասերից հետո գալիս են:

Վերջապես եկավ սպասված պահը, երբ երեկոյան 7-ի սահմաններում Բաղանիսի խաչմերուկում, այն խաչմերուկում, որի մասին գրել էի իմ հոդվածներից մեկում (Բաղանիսից դուրս եկող երկու ճանապարհների, որոնցից մեկը վտանգավոր է թշնամու դիրքերից արձակվող կրակահերթերի պատճառով, իսկ մյուսը` «ապասնի») հանդիպեցի «Մանանայի» նկարահանող խմբին` Հոնին, Լիլիթին,Դիանային, Աշոտին: Մի քիչ զրուցելուց հետո որոշեցինք հաջորդ օրը առավոտյան հանդիպել նույն տեղում, որպեսզի սկսենք նկարահանումները:

Առավոտյան հանդիպեցինք պայմանավորված տեղում: Հոնը օգնում էր նկարահանել ռմբապաստարանում, իսկ Աշոտը` բաղանիսցի տղաների առօրյա կյանքը: Մեզ միացան մեր գյուղի մյուս թղթակիցները` Դավիթը, Սերյոժան, Էրիկը: Ամբողջ օրը տեսախցիկը հետևում էր ինձ, իսկ Հոնը գյուղի երեխաներին էր նկարում: Աշոտի հետ գնացինք իմ գաղտնի աշխատասենյակը (այդ մասին էլ եմ գրել, մեր գյուղի վերևի սարի մասին, ուր ես տանում եմ մեր խոզերին արածեցնելու և բացատի կոճղերի վրա գրում եմ իմ հոդվածները), հետո գնացինք կարտոֆիլ ու դամբուլ հավաքելու: Դե, ափսոս խոտի սեզոնն արդեն վերջացել է, թե չէ կգնային նաև խոտհարքերում նկարահանելու: Հա, մեկ էլ` մոռացա, տատիկս հաց էր թխում, դա էլ նկարեցինք, որովհետև այնտեղ էլ էի օգնում:

Գյուղի տղաների կյանքը տարբերվում է քաղաքի տղաների կյանքից, երևի այդ պատճառով էլ որոշեցին նկարել իմ, իմ ընկերների և իմ գյուղի մասին ֆիլմը:

Որ ճիշտն ասեմ, սկզբում ամաչում էի խոսել տեսախցիկի առաջ, բայց գնալով բացվեցի, սկսեցի ազատ խոսել: Պատմում էի այն ամենի մասին, որ կատարվել էր իմ շուրջը: Ես սկսեցի պատմել անասնագողության, գյուղական գործերի՝ հողագործության, անասնապահության, առևտրի և դասերիս մասին: Հետո գնացինք ընկերոջս տուն` ֆիլմի մյուս մասը պետք է նկարեինք իրենց ապաստարանում:

Մինչ մենք նկարահանում էինք մեր գյուղում, մյուս խումբն աշխատում էր Ջուջևանի մեր թղթակիցների ֆիլմի վրա նրանց գյուղում: Իսկ հաջորդ օրը  պետք է գնային Կոթի` կոթեցի մեր թղթակիցների ֆիլմը նկարելու: Ես խնդրեցի ինձ էլ իրենց հետ տանեն: Ֆիլմը պետք է նկարեինք Կոթիում գետնի տակ գտնվող ապաստարանի մասին, որը կառուցել էին գյուղի մարդիկ, 90-ական թվականներին` թշնամու հրետակոծությունից պաշտպանվելու համար:
Հասանք Կոթի: Հանդիպեցինք մեր թղթակիցներից Սերինեի և Տիգրանի հետ և ուղևորվեցինք դեպի այն տուն, որտեղ ապաստարանն է: Տանն ապրում էր մի տատիկ, որի անունը Լաուրա էր: Լաուրա տատին պատմեցինք մեր ֆիլմի գաղափարի մասին և խնդրեցինք, որ մի քանի մարդ կանչի, ովքեր ապաստարանում պատսպարվել են այդ տարիներին: Լաուրա տատը վերցրեց հեռախոսը և սկսեց մարդկանց կանչել:

-Ալո, Գայան լա րեխանցն էլ վիկալ, արի: Մարդիկ են եկել` ուզըմ են ապաստարանի մասին կինո նկարին:

Մինչ ժողովուրդը կհավաքվեր, մենք աթոռներ, լամպ տարանք ապաստարան, որ մարդիկ նստեն և մեզ պատմեն իրենց դառը անցյալը: Լաուրա տատը մի ծալովի մահճակալ էլ բերեց և ասաց.

-Էս լեժանկի վրին իմ մարդն ա ապաստարանըմը հիվանդ պառկած էլել: Մի քանի րոպե անց մարդիկ հավաքվեցին: Նրանց մեջ էր նաև Ռաֆիկ պապը, ով այդ ապաստարանը կառուցողներից մեկն էր: Նա էլ սկսեց դեպքեր պատմել կռվի ժամանակներից:

-Էն որ մենք ստի տապ արած էինք ու սկսեցին կրակիլը, Դոստլու գնացող մի մարդ իրա ընտանիքի հետ ստի փրկվիլ ա: Ավտոն կանգնացրիլ ա էն պատի տակին (ձեռքով ցույց տալով ապաստարանի դիմացի պատը), հետո փախիլ-էկիլ ին ստի: Դե մի 40-50 հոգի մեռնելուցը փրկվել ա:Նաև հիշեց, որ երբ կառուցումը նոր էին սկսել, այդ ժամանակ թուրքերը սկսել են կրակելը: Դառը անցյալը մոռանալ չի լինի:Նկարահանումների ժամանակ լսում էի մարդկանց պատմությունները, իմանում շատ նոր բաներ Տավուշի մարդկանց դառը անցյալի մասին ու նաև` մեր կյանքի, գյուղացի տղաներիս կյանքն էլ մի նոր կողմից էր պատկերվում մեր առաջ:

Ապրում ենք: