787

Մի քիչ ժամանակ

Ժամանակը անցնում է ոմանց համար դանդաղ, ոմանց համար արագ: Արդյունքում գալիս է պահ, որ նայելով ձեռքիդ կապած սև գույնը կրող ժամացույցիդ՝ նկատում ես, որ սլաքները վազում են, և հասկանում ես, որ ուշանում ես ինչ-որ կարևոր հանդիպումից:
Ամիսների, տարիների ընթացքում այնքան ես շտապել գործերով, որ մնացածի համար ժամանակ չի մնացել, մնացածի մասին չես մտածել:
Իսկ այդ մնացածն էլ երևի զրույցներն են՝ կիսատ թողած, հանդիպումներն են, որոնցից ուշացել ես, սուրճն է, որ աշխատանքի շտապելու պատճառով չես խմել, զբոսանքներն են քաղաքի մայթերով, որոնց համար անգամ ժամանակ չես ունեցել:
Իսկ հիմա շտապում ես, որ չուշանաս, կանգնեցնում ես ժամիդ սլաքները, որ քեզ համոզես թե շատ ժամանակ ունես, որ կյանքը առջևում է…

Քնիր

Եթե արթնացել ես առանց նպատակներդ իրագործելու ցանկության, ապա քնիր:
Հա, հենց այդպես է ասում ընկերներիցս մեկը:
Նկատի ունի՝ ում է պետք առավոտյան արթնանալը, եթե ոչ մի քայլ չի անելու նպատակին հասնելու համար, թող ինչքան ուզում է՝ քնի:
Նպատակներին հասնելու ճանապարհներով մարդիկ առաջ են վազում, մեկը ընդունվում է բուհ, սովորում՝ մտածելով, որ դիպլոմ ունենալով՝ հեշտությամբ աշխատանք կգտնի, մեկ ուրիշը այնքան փող ունի, որ գնում է այդ դիպլոմ կոչվածը՝ առանց գիրք բացելու, կարդալու, մեկն էլ, որ հնարավորություն չունի բուհ ընդունվելու՝ սկսում է աշխատել, սկսում է ամենաչնչին աշխատավարձով աշխատել, հավաքում է գումար ու կյանքի է կոչում իր վաղեմի նպատակները:
Մեկը հազար ծանոթ է խառնում՝ ընդունվելով բարձր վարձատրությամբ աշխատանքի, հետո ցած է ընկնում իր հասած բարձունքից:
Մեկ ուրիշն էլ առանց որևէ մեկից օգնություն խնդրելու բարձրանում է վեր ու պայքարում է բարձունքում մնալու համար:
Եթե արթնացել ես ու չես մտածում բարձունքներ նվաճելու մասին, քնիր…

Հրաժեշտ

Հրաժեշտներ կան անժամանակ, հրաժեշտներ էլ կան՝ մտածված:
Երկու դեպքում էլ ցավոտ է, մեկ հրաժեշտ տվողն է ցավ զգում, մեկ էլ նա, ում հրաժեշտ են տալիս: Հրաժեշտներ կան, որոնց ժամանակ լռություն է տիրում: Լավ մնա, գնում եմ, մնաս բարով…
Կարելի է անվերջ թվարկել հրաժեշտի բառերը, կամ մի երկար ճառ գրել:
Հրաժեշտների ժամանակ հրաժեշտ տվողներից մեկը հեռանում է՝ առանց հետ նայելու, մյուսը մնում է տեղում կանգնած՝ սառած հայացքով, թաց աչքերով:
Հաճախ հրաժեշտ են տալիս՝ հետ գալու հույս տալով սպասողին: Բաց են թողնում ձեռքդ դանդաղ՝ աչքերիդ մեջ նայելով, վերջին անգամ գրկելով ու գնում են:
Մեկը միշտ սպասողի դերում է, մինչ այն պահը, երբ գիտակցում է, որ հրաժեշտ տվողը չի գալու: Մնալու են հիշողություններ հրաժեշտի օրվա դրվագներից: Դե չէ, այդ դրվագները հիշելով՝ ֆիլմ չես նկարի, բայց քո պատմությունը գրել կկարողանաս:
Գուցե մի օր ինքդ լինես հրաժեշտ տվողի դերում: Կտա՞ս հրաժեշտ քեզ սիրողին, թե՞ կդժվարանաս բառեր արտաբերել, ու կգնաս՝ լուռ, առանց հետ նայելու:
Հրաժեշտներ կան, որ անխուսափելի են, գուցե և անհրաժեշտ…

Աշուն

Դեղնակարմրավուն տերևները գամվել են ծառերին ու աշնան մասին մի երգ են երգում, որ միայն իրենց է հայտնի: Աշնան մասին բանաստեղծություններ են ձոնվում, երգեր են գրվում, ու դեռ գրվելու են, քանի կան գրողները և անդավաճան մուսան:
Մի սովորական օր արթնանում ես ու հասկանում, որ բոլոր նոյեմբերները անցնում են ու հիշեցնել տալիս աշնանային օրերի յուրահատուկ պահերը, որ ունեցել ես: Աշունը անցնում է, իսկ հիշողությունները այն մնայուններն են, որոնցից ազատվելու տարբերակներ չկան:
Բոլոր նոյեմբերներն անցնում են՝ իրենց հետևում թողնելով աշունները, և ձմեռների սկիզբն ազդարարվում է:
Աշուններին կարոտ մի աղջնակ դեռ սպասում է աշնան սիրահարի վերադարձին:

Անքնություն

Բա լուսինը արթուն չլինե՞ր, հետը խոսեի:
Մտքեր կան, որ մնում են ներսումդ կուտակված, շուրթիդ ծայրին, բայց դժվարանում ես արտաբերել, դժվարանում ես սիրտդ մեկի մոտ բացել, որովհետև չունես այնպիսի մեկին, որը կհասկանա քո բառերը, քո ներսում տեղ գտած իրականությանը կկարողանա նայել պարզ աչքերով, ու չկա մեկն, ով կհասկանա լռությունդ:
Անուններ կան, որ շուրթերիդ դաջված են մնում, այդ անունները մնում են հոգուդ խորքում, մեկ-մեկ հիշում ես: Բայց բարձրաձայն արտաբերելու իրավունք չունես:
Գիշերները երկնքին ես նայում, ու մտածում ես, թե ինչու է լուսինը ամպերի տակն անցել, գոնե մտքերով կկիսվեիր հետը, իսկ լուսինը չէր մեղադրի, կլսեր:
Անքուն գիշերներիդ զրուցակիցը կլիներ լուսինը, մինչ այն պահը, երբ սև ամպերը կծածկեին նրան, կամ կբացվեր առավոտը: Իսկ առավոտյան տխրությունդ թաքցնող դիմակը կվերցնես ու կշտապես դասի կամ աշխատանքի:
Լուսինը արթուն լիներ, անքուն գիշերներիս մտքերը պատմեի, մտքերս առներ, տաներ հետը, գոնե լուսադեմին քնեի…