unnamed

20 րոպեում

-Տիգրա՛ն ջան, իջի՛ր, հասել ենք:

Մեր ավտոբուսային կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ մտքում հոգոց հանեց ու ուրախացավ: Տիգրանը օրորվելով իջավ տեղից, բռնեց կանգնած մոր ձեռքն ու դուրս եկավ: Ավտոբուսում կաթիլ-կաթիլ կուտակված լարվածությունը հետևեց Տիգրանի օրինակին:

Նրա կողքին նստած երիտասարդը թուլացավ, ինչպես ատամնաբույժի աթոռին են թուլանում գործը ավարտելուց հետո: Իրար մոտ նստած կանայք վերսկսեցին արդեն վաղուց կիսատ թողած` պատուհանը բացել-փակելու վեճը, խորքում կանգնած տղամարդիկ էլ` իրենց քաղաքական դեբատները: Ջահելների ականջակալներից տարբեր ոճերի երաժշտությունները խառնվեցին իրար, հասան վարորդին ու հիշեցրին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ մեկին նկատողություն չի արել: Մեր երջանկացած ավտոբուսը սլացավ հեռու-հեռու, ուր ոչ Տիգրանը կար, ոչ էլ իր մայրը: Շուտով կհասնենք տուն ու բոլորս միահամուռ կերպով կմոռանանք մեր երթուղային կյանքի վերջին 20 րոպեները, որոնց ընթացքում մանկական շորտերով ու լրիվ մեծական դեմքով 30-անց Տիգրանը ավտոբուսի կենտրոնում նստած անդադար խոսում էր, գոռում, պատմում էն աշխարհներից, որտեղ մենք չենք եղել ու հաստատ չէինք ուզի լինել: Իսկ նրա մայրը, որը վաղուց արդեն այն տարիքի չէր, երբ երեխաներիդ պետք է ինչ-որ տեղ ուղեկցես, մեղավոր ժպիտով նայում էր շուրջն ու կրկնում.

-Տղաս է, ինչ արած։

Ինչ արած, մեր կոլեկտիվի անդամներն էլ գլուխերը թմփթմփացնում էին, կարեկցանքով ու վախով նայում, կամ էլ աշխատում հայացքները թաքցնել, մինչև չլսվեցին այնքան երկար սպասված խոսքերը.

-Տիգրան ջան, իջի՛ր, հասել ենք:

Սարոյանն ասում էր, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է: Կարող եք փոխանցել, որ երեքշաբթի օրը մեծ, մանուշակագույն ավտոբուսի ուղևորները սխալը գտել են: