serine harutyunyan

Մի օր հետո գուցե ուշ լինի

Ճիշտ են ասում. միայն կորցնելուց հետո ես հասկանում կորցրածիդ գինը: Մարդ տեսակն անընդհատ ավելի լավն է ուզում` թերագնահատելով ինքն իրենը, բողոքելով սեփականից: Բայց չէ, ամեն ինչից առաջ կարելի է մի քիչ մտածել:

Այ, օրինակ ծնողներից վերջին մոդելի հեռախոս պահանջելուց առաջ մտածեք, որ ինչ-որ մեկը անգամ նրանից չունի, որից դուք դժգոհում եք:

Կամ, չէ՛, ավելի վատ. պատկերացում անգամ չունի հեռախոսի մասին, կամ, ուղղակի երազում է մի օր թեկուզ արդեն իսկ փչացած հեռախոս ունենալ:

Երբ մտածում եք, որ ձեր սենյակը վատն է, անվերջ բողոքում եք, ու ստիպում ծնողին վերանորոգել այն, ուղղակի պատկերացրեք, որ ինչ-որ տեղ, մի մանուկ երազում է գոնե 4 պատ, գոնե գլխավերևում ծածկ ունենալու մասին:

Երբ բողոքում եք անընդհատ կրկնվող ուտելիքից ու ինչ-որ համեղ, թանկարժեք ուտելիք եք ուզում, այն էլ՝ ռեստորանում, հիշեք, որ ինչ-որ տեղ մի մանուկ երազում է գոնե մի կտոր հաց ունենալ:

Ու էլի շատ բաներ անելուց առաջ, ուղղակի մի քիչ մտածեք: Չէ՛, չեմ ասում դադարեք մտածել կամ երազել լավ բաների մասին, ուղղակի, չափ գոյություն ունի:

Երբ ուզում եք գնալ ուրիշ երկիր շրջագայության, իսկ ծնողը հնարավորություն չունի այդ ամենը ձեզ համար ապահովելու, լացելու, գոռալու ու նեղանալու փոխարեն մտածեք ու հասկացեք նրան: Մի ասեք, որ դուք ոչ մի լավ բան չեք տեսնում: Ուղղակի հիշեք, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը երազում է տեսնել կարողանալու մասին:

Երբ բարկանում են ձեզ վրա, իսկ դուք բարկանում ու փակում եք ձեր ականջները, ուղղակի հիշեք, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը երազում է լսել կարողանալու մասին:
Լավ, նյութականն էլի կարող ենք մի կերպ հասկանալ, իսկ մարդկանց դեպքու՞մ…

Երբևէ ինչ-որ մարդուց բողոքելուց առաջ հասկանո՞ւմ եք, որ այդ մարդը մի օր հետո պարզապես կարող է ձեր կողքին չլինել:

Երբ բողոքում եք ձեր փնթփնթան պապիկից, ով բարկանում է ձեզ վրա, ծերացած տատիկից, ում ուզածը ընդամենը մի բաժակ ջուր է, իսկ դուք ալարում եք բերել, խիստ ծնողից, ով միայն ձեր լավն է կամենում, ձեր ծեր հարևանից, ով ձեզ միշտ կոնֆետ էր տալիս, երբ փոքր էիք, գոնե մի պահ, պատկերացնո՞ւմ եք, որ վաղը կարող եք չտեսնել նրան, որ վաղը կարող եք մահու չափ կարոտել… Չէ՜, շատերը միայն կորցնելուց  հետո են սկսում գնահատել, կարոտել: Հետո, ասում են, որ շատ էին սիրում:

Ձեր փնթփնթան պապիկին, ծերացած տատիկին ու բոլոր նրանց, ում սկսում եք գնահատել միայն կորցնելուց հետո, սեր ու թեկուզ չնչին ուշադրություն ավելի շուտ էր պետք, երբ նրանք ձեր կողքին էին…

Հ.Գ. Գնահատեք այն, ինչ ունեք: Սիրեք նրանց, ովքեր ձեր կողքին են այսօր: Մի օր հետո գուցե ուշ լինի… Ասեք, որ սիրում եք ու մի մտածեք, որ նրանք դրա մասին գիտեն…