marat sirunyan

Ստալինի որդին ու ապրելու արհեստը

Իրապատում՝ Սարգիս Պողոսյանի հետ անցկացված հարցազրույցիս հիման վրա…

1946 թվականն էր: Պարսկաստանի ձմեռային սովորական օրերից մեկը՝ դեկտեմբերի 21-ը, դարձավ արյունոտ: Ադրբեջանցիները հարձակվեցին իր խաղաղ կյանքով ապրող մի հայ օջախի վրա:
Առաջին բանին, որ ականատես եղան ընտանիքի անդամները, երկու տարեց այրերի սպանությունն էր, հետո սպանվեցին նաև երկու երիտասարդներ, մեկին վիրավորեցին: Սպանություններին հաջորդեց թալանը: Սրբեցին ամեն ինչ, այն աստիճանի, որ նրանց գնալուց հետո հարուստ տան մեջ մի լաթի կտոր անգամ չգտնվեց արնաքամվող վիրավորի վերքը կապելու համար:

Թալանի ընթացքում տան չորս-հինգ երեխաներին լցրին թոնիրը, որ վառեին ողջ-ողջ, բայց ինչ-որ հրաշքով կամ էլ «ոսկու փայլից» կուրացած, մոռացան սպանելու մոլուցքն ու գնացին: Վախեցած երեխաներին տատը հավաքեց թոնրի շուրջ, ու այդպես կուչ եկած սպասում էին, թե ինչ է լինելու: Եվ հանկարծ գիշերվա մի ժամի երդիկը բացվեց: Տատը, կարծելով, թե վերադարձել են իրենց էլ վերացնելու, երեխաներին քաշեց մի անկյուն.
-Եկել են գիշերով սաղիս մորթեն:

Այդ պահին վերևից լսվեց կնոջ ձայն.
-Ես եմ, Շանին եմ,- թուրք կին էր,- գիտեմ, հայասպանություն ա եղել, ձեզ հաց եմ բերել…

Լավաշը կապել էր փորին, մի ամանով կաթ, մի ամանով էլ մածուն, պարանով երդիկից իջեցրեց անօգնական մնացած հայերին.
-Կերե՛ք, մենակ չասեք, որ ես հաց եմ բերել …

Այսպես մի կերպ փրկվեցին,  բայց դժբախտությունները նրանց հանգիստ չթողեցին…
Բանտարկեցին նրան, ում ոտքից վիրավորել էին ադրբեջանցիները՝ Ստալինին: «Ստալինը» նրա մականունն էր. նրան այդպես էին անվանում բռնապետ Ստալինին արտաքնապես շատ նման լինելու պատճառով: Իսկ իրական անուն ազգանունը Պողոս Պողոսյան էր: Այն չարաբաստիկ օրը սպանված տարեց այրերից մեկը իր հայրն էր, մյուսը՝ կնոջ հայրը, սպանված երիտասարդներից մեկը՝ իր եղբայրը, մյուսը՝ կնոջ քրոջ տղան: Ինքը սկսել էր զբաղվել հայրենիք ներգաղթի կազմակերպմամբ: Առաջին խումբն ուղարկել էր արդեն հայրենիք, երկրորդ խմբի մեջ պետք է լինեին նաև ինքն ու ընտանիքի անդամները, բայց ձերբակալեցին:
Բանտից դուրս գալուց հետո իրեն էլ, ընտանիքին էլ աքսորեցին, իրենց հետ ևս մի հայ և մի ասորի ընտանիքի: Աքսորավայրը Պարսկաստանի ամենատաք վայրն էր՝ Լորիստանը, ուր կիսավայրենի ժողովրդի հետ էին ապրում: Չորս կողմը փշալարեր էին, փախչելու ելք չկար:
Մի գետ էր հոսում այդտեղով: Դրա մեջ մի օր Պողոսը ձուկ  նկատեց: Եկավ տուն  և սկսեց թոռ գործել: Հաջորդ օրը, որդու՝ Սարգսի հետ գնացին ձուկ բռնելու: Նրանց այնտեղ էլ ոստիկաններ էին հսկում:
Սարգիսն այդ ժամանակ ինը, թե տասը տարեկան էր. ադրբեջանցիների վայրագությունից փրկված երեխաներից մեկը:
Փաստորեն գետում ձուկն այնքան շատ էր, որ թոռը գցելն ու ամբողջությամբ ձկով լցվելը մեկ եղավ: Այսպես իրենց ձկնորսությունն էին անում, երբ նկատեցին իրենց մոտեցող մարդկանց. հարևան գյուղից էին: Երբ եկան, մի պահ նայեցին Պողոսի ուղղությամբ, ապա շրջվեցին ու փութով շարժվեցին գյուղի կողմը: Անցավ մոտ տասը-տասնհինգ րոպե: Հայր ու որդի այն տեսան, որ քիչ առաջ գնացած մարդիկ վերադառնում են մեծ բազմությամբ, ձեռքերին առած փայտ, մուրճ, բահ, և ինչ ձեռքները կընկներ: Դա տեսնելով՝ հսկող ոստիկանն ասում է, որ փախչեն, որովհետև այդ կատաղած մարդիկ գալիս են իրենց վրա: Իսկ պատճառն այն էր, որ Պողոսի թևին Մարիամ Աստվածածնի պատկերն էր դաջած: Այդ դաջվածքը տեսնելով՝ գյուղացիներն ասել էին.
-Կիկո՜ն, Կիկո՜ն, Կիկոյի ցեղից են…

Այդ Կիկոն Պարսկաստանի բանակի փոխգնդապետ էր: Կռիվների ժամանակ հենց նա էր գրավել Լորիստանը:
Կատաղած ամբոխը հետապնդում էր հայր ու որդուն, որ բռնեին ու իրենց ոխն առնեին: Պողոսն ու Սարգիսը թաքնվեցին դարպասների հետևում, իսկ ամբոխը, չգտնելով նրանց, հետ դարձավ: Վտանգն այդ պահին անցավ, բայց վախը մնաց նրանց սրտում. վախենում էին դուրս գալ: Եթե դուրս գային, կարող էին սպանել:

Այդպես նրանց տեղափոխեցին Քաշամ քաղաք: Քաշամ քաղաքում այդ ժամանակ հայ չկար, կամ էլ գուցե ծպտյալ էին:
Պողոսը շատ մտածելուց հետո, թե ինչ անի, վերցրեց մի քանի տախտակ, մեխեց իրար, երկու լաթ գտավ. Կոշիկի քսուկ և օր ու գիշեր սկսեց կոշիկներ էր մաքրում: Պողոսը մաքրում էր կոշիկները, իսկ Սարգիսը դրանք հասցնում էր հարուստներին կամ խանութներին, փողը բերում, տալիս էր հորը: Այդպես գոյատևում էին…

Օրերից մի օր էլ, երբ Սարգիսն իր սովորական գործին էր, կոշիկներն էր տարել հարուստի տուն ու հետ էր վերադառնում, փողոցով քայլելիս նկատեց, որ երկու հոգի իր հետևից գնում են: Մեկի անունը Նազար էր, մյուսինը՝ Բենո: Հանկարծ այդ երկուսն սկսեցին խոսել.
-Նազա՛ր,- Բենոն դիմեց ընկերոջը:

-Ի՞նչ ա:
-Էս էրեխեն, որ գնում ա, է, արունս  իրա վրա եռում ա, ոնց որ հայ էլնի…
-Ա՜,- անհավատ ձայնեց Նազարը,- դու էլ բան ասիր. էս քաղաքում հայ կա՞ որ: Հայն էստե ի՞նչ ա  անում:

Այդ միջոցին Սարգիսը շրջվեց .
-Քեռի՛, հայ եմ:
Այդ լսելուն պես երկու ընկերները վազեցին ու փարվեցին Սարգսին:

-Քեզ ո՞վ ա բերե ստեղ, ո՞վ ա գողացե բերե,- զարմացած հարցրին հուզված ընկերները:
-Չեն գողացել: Մենք աքսորված ենք: Ստեղ մնում ենք, կոշիկները տանում եմ, պապաս մաքրում ա, բերում եմ տալիս հարուստներին:
Հետո Սարգիսը ցույց տվեց իրենց տան տեղը: Նոր ծանոթները խոստացան, որ երեկոյան կայցելեն: Երբ հորը պատմեց, որ շատ հարուստ հայերի է հանդիպել ինքը, ու նրանք ասել են, որ երեկոյան կգան, Պողոսը պատասխանեց՝ չեն գա…
Այնուամենայնիվ երեկոյան այդ հայերը եկան: Եկան ու կարծես արդեն որոշած, ասացին նրանց.
-Էստեղ դուք չպետք է մնաք, ձեզ անպայման պետք է տեղափոխել. ո՛չ եկեղեցի կա, ո՛չ գերեզմանատուն կա, ո՛չ հայ կա, ոչ մի բան չկա: Աստված ոչ անի, մի բան պատահի…

Հայեր մնում էին Իշվահան քաղաքում: Այդ քաղաքում էլ հենց ապրում էին այդ երկու հարուստ հայերը: Պողոսի ընտանիքին էլ գետն անցկացրին, տարան իրենց մոտ՝ իրենց հարևան: Տուն վարձեցին նրանց համար: Այսպես վերջապես բախտը մի փոքր ժպտաց այս դժբախտ հայ ընտանիքին…
Անցավ մի տարի: Մի տարի հետո Սարգսենք ընտանիքով տեղափոխվեցին Թեհրան: Պատերազմական ժամանակ էր: Պատերազմի մի ընթացքում ֆաշիստները փորձեցին Թուրքիայով մտնել Պարսկաստան, այնտեղից էլ ճակատ բացել՝ Սովետական Միության վրա հարձակվելու համար: Բայց այդ ընթացքում սովետական բանակն արդեն մտավ Պարսկաստան:
Սովետական բանակի շատ հայերի հետ կար նաև մի փոխգնդապետ՝ Չարխչյան ազգանունով: Պողոսենց տունը գտնվում էր այն շենքի հարևանությամբ, որտեղ աշխատում էր այդ փոխգնդապետը: Նա, տեսնելով Սարգսին, շատ է կապվում նրա հետ: Ամեն երեկո գալիս է, նրան վերցնում ու իր ձիու վրա դրած իր հետ տանում զորամաս: Զորամասը գտնվում էր մոտակա գյուղից դուրս գտնվող սարի տակ: Իր քայլը Չարխչյանը Սարգսին բացատրում էր այսպես.
-Ես էլ քո տարիքի մի երեխա ունեմ, որին շատ եմ կարոտել:

Երեկոները տանում էր, առավոտյան բերում: Հետո Սարգիսը պետք է արհեստ սովորեր ու դարձավ աշակերտ: Չորս տարի սովորելով՝ ձեռք բերեց խառատի մասնագիտություն: Բացի դա նաև երաժշտական կրթություն ստացավ. ակորդեոն էր նվագում ու երգում:
Հետո եկավ բանակ գնալու ժամանակը: Բանակը երկու տարով էր, բայց Սարգիսը ծառայեց տասնհինգ ամիս: Հայաստան տեղափոխվելու համար նրան գումար ու քսանչորս ժամ ժամանակ տվին, որ Պարսկաստանից դուրս գա: Ու նա եկավ: Եկավ Պարսից ծոցի ափը, այնտեղից նստեց ռուսական «Пионер» նավը: Առավոտյան ժամը ինին նստեց նավը ու հաջորդ օրը նույն ժամին իջավ Բաքվում:

Երբ իջավ, հեռվից տեսավ, որ մեկը ձայն է տալիս.
-Սերո՜ժ, Սերո՜ժ, Սերո՜ժ…
«Իյա՜,- մտածեց նա ,- Սովետական Միություն, Բաքու, առաջին անգամ եմ եկել, ի՞նչ իմանամ` Սերոժն ով ա. հո էդ մենակ իմ անունը չի՞»: Մտերիմները Սարգսին անվանում էին Սերոժ:
Հետո, անցակետն անցնելով, տեսավ ընկերոջ մեծ եղբորը, որը սահմանն ավելի շուտ արդեն անցել էր: Գրկախառնվեցին և հենց այդ պահին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ այն ժամանակվա «кгбеичник»-ները, եկան ու բռնեցին այդ տղային: Հարց ու փորձ արեցին, թե որտեղից է ճանաչում նոր եկած երիտասարդին՝ Սարգսին, և պատասխանն ստանալուց հետո թողեցին, որ գնան: Սարգսին տարավ ու տեղավորեց մի հյուրանոցում, որտեղ տասնհինգ օր մնաց մենակ, հետո ընտանիքն էլ միացավ իրեն ու բոլորով տեղափոխվեցին Հայաստան:
Երբ եկան Հայաստան, հաստատվեցին Վանաշեն գյուղում: Սարգիսը գնաց շրջանի զինկոմիսարիատ ներկայացավ, տեղեկացրեց, որ ծառայել է պարսկական բանակում:
Հետո ընդունվեց հարևան գյուղի «Հայգյուղտեխնիկա» աշխատանքի՝ որպես բանվոր:

Աշխատանքի անցնելուց հետո, երբ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր, արհեստանոցի վարիչը եկավ ու հանձնարարություն տվեց նրան, որ կցորդիչի համար հեղյուսներ պատրաստի.
-Ի՞նչ կարգի ես,- նորեկ աշխատողին հարցրեց արհեստանոցի վարիչը:

«Այ մարդ, կարգն ի՞նչ ա, կա՞ռք ա, ֆայտո՞ն ա…»,- մտածմունքի մեջ ընկավ Սարգիսը՝ չիմանալով, թե ի՞նչ է՝ «կարգը»:
-Գործը կանեմ՝ տես,- ելքը գտավ Սարգիսը:
Գործն արեց, վարիչը նորից եկավ.
-Հը՞ն, արե՞լ ես:

-Հա:
-Քանի՞ հատ:
- Երեսունութ հատ:
- Ո՜ւ, դու հլը սորվելու տեղ ունես,- դժգոհեց վարիչն ու խոսքն ուղղեց հին աշխատողներին,- Արմո՛,  Զու՛լիկ, քանի՞ հատ եք տաշում օրեկան:
-Օրեկան հարյուր հիսուն- հարյուր վաթսուն հատ: Էդքան տաշում ենք,- պատասխանեցին աշխատողները:
Ապա վարիչը նորից խոսքն ուղղեց Սարգսին.
-Ո՞ւր ա գործդ:
Երբ Սարգիսը պատրաստած հեղյուսները հանձնեց նրան, վարիչը պոռթկաց.
-Դավայ, քելե, գնում ենք դիրեկտորի մոտ:
Գնացին տնօրենի մոտ: Երբ ներս մտան, արհեստանոցի վարիչը խոսեց.
-Ընկե՛ր Սարգսյան, վարպետին ո՞նց վարձատրենք:
«Մինչև էս պտի սորվեի, հմի ասում ա՝ վարպետ». մտքում զարմացավ Սարգիսը:
-Քանի՞ հատ է սարքել,- հարցրեց տնօրենը:
-Երեսունութ հատ,- պատասխանեց արհեստանոցի վարիչը:
-Օ՜, չէ՜, տար տղերքից մեկի մոտ, թող սովորի:
-Ընկե՛ր Սարգսյան, ինքը չի սովորելու, ինքը պետք է սովորեցնի…- Սարգսի պատրաստած հեղյուսներից մի քանիսը դնելով սեղանին՝ վստահ պատասխանեց  արհեստանոցի վարիչը:
Զարմացած տնօրենը խոսքն ուղղեց նորեկ բանվորին.

-Շիլիֆովկա՞ ես արել:
-Չէ:
Պարզվում է` մյուսները բարձր հաճախությամբ աշխատող սարքի միջոցով էին պատրաստում, առանց մանր բաների հետևից ընկնելու, իսկ Սարգիսը՝ ձեռքով աշխատող սարքով՝ մանրակրկիտ:
-Տա՛ր, վարձատրիր էնպես, ոնց որ պետքն է,- կարգադրեց տնօրենը:
Երբ դուրս եկան տնօրենի սենյակից, արհեստանոցի վարիչը Սարգսին պատվիրեց, որ տեսնի, թե ինչպես են պատրաստում մյուսները, և այդպես էլ ինքը պատրաստի: Եկավ հաջորդ օրը.
-Հը՞, տաշե՞լ ես:
-Հա:
-Քանի՞ հատ:
-Երկու հարյուր հիսուն հատ:
-Ես քեզ փչացրի: Սրանից հետո, որ գործ լինի, ու ես կգամ քեզ կասեմ, դու քո իմացած ձևով կսարքես, եթե չէ՝ տես տղերքը ոնց են անում, տենց էլ դու արա:

Այդպիսով Սարգիսը քիչ-քիչ դարձավ արհեստանոցի ամենալավ բանվորը:
Մի օր զինկոմիսարիատից նրան նորից կանչեցին:  Կանչել էին, որ առաջարկություն անեին:
-Կուզե՞ս մեզ մոտ սովորել, աշխատավարձն ու մնացած բաները կպահպանվի, տարին երեք ամիս:
Սարգիսը համաձայնվեց: Հետախույզ էին պատրաստելու: Մտածում էր, որ կարող է պատահի իրեն ուղարկեն Պարսկաստան, որտեղ սպանել էին հարազատներին, և վրեժը կլուծեր: Ոչ, նա այնտեղ բոլորի հանդեպ չէր վրեժով լցված, միշտ ասում էր, որ ադրբեջանցիների մեջ էլ շատ լավ մարդիկ կան: Ու որպես ապացույց ասում էր.
-Ասենք՝ հենց Շանին: Դրա ձեռի պոպոքն օրը ցերեկով չէիր ուտի, բայց ես էդ թուրք կնգա արածը կարո՞ղ ա պատահի` մոռանամ. օրը հազար անգամ դրան ողորմի կտամ:

Բայց արի ու տես, պարզվեց իրեն ուղարկելու են Թուրքիա: Սկսվեցին պարապմունքները: Սախարով ազգանունով մեկը սովորեցնում էր քարտեզն ու դրա հետ կապված բաները, մի ազգությամբ ադրբեջանցի ավագ լեյտենանտ սովորեցնում էր թուրքերեն և  Սարգսյան ազգանունով մեկն էլ սովորեցնում էր Մորզեի այբուբենը: Պարապմունքները զորամասի փոխարեն անցկացվում էին մի սովորական շենքում:
Եկավ առաջին առաջադրանքը կատարելու ժամանակը: Եկան ու հայտնեցին Սարգսին, որ պետք է իրեն ուղարկեն Թուրքիա: Հոկտեմբերյանի մոտից սահմանն անցկացրին և ուղարկեցին: Մոտ երեք-չորս կիլոմետր խորանալուց հետո նրան դիմավորեցին ու տարան: Երկու օր մնաց Սարիղամիշում: Թղթեր պետք է տար՝ տվեց, նրանցից էլ թղթեր վերցրեց, հետո բերեցին նույն տեղն ու ճանապարհեցին հետ: Յոթ տարի, տարին երեք ամսով աշխատեց որպես հետախույզ ու այդ ընթացքում երեք անգամ գնաց Թուրքիա:
Մի օր, երբ մի սեղանի շուրջ խմում էին, ինքն ու այն ադրբեջանցի սպան, հանկարծ սպան մի խոսք բերանից թռցրեց.
-Ես սխալվեցի եկա, դու ինչի՞ եկար:
-Ո՞նց թե,- զարմացավ Սարգիսը:
Ադրբեջանցի սպան խառնվեց իրար.
-Ոչ մի բան, ոչ մի բան:
-Չէ՜, պիտի ասես: Թե չես ասել, իրիկունը կգա Սախարովը, Սախարովին կասեմ:
-Խնդրում եմ, տենց բան չանես, ես կասեմ պատճառը:
-Ասա:
-Հիմա, թե մե սխալ բան անես կամ ստեղ գլուխդ կուտեն կամ եթե գնացիր, ուղարկեցին արտասահման, էնտեղ կվերացնեն:
-Բա ո՞նց անեմ, որ սրանցից պրծնեմ,- անհանգստացավ Սարգիսը:
-Ոչ մի բան չի փրկի, մենակ թե փրկի՝ Մորզեի վրա էդ հաղորդել-ընդունելուց սխալներ պիտի շատ անես, որ քեզ հեռացնեն:

Այս իմանալուց հետո Սարգիսը սկսեց այդպես էլ անել: Սխալներ էր թույլ տալիս, Սարգսյանը, ով Մորզեի հետ կապված դասավանդողն էր, բարկանում էր.
-Դու լավ գիտեիր, ախր, լավ էիր սովորում…
-Եսիմ, էլի լավ գիտեմ, ի՞նչ ա եղել,- իրեն միամիտի տեղ էր դնում Սարգիսը:
Մի օր էլ, երբ տարել էին Գառնիի կողմ, ու այնտեղից հաղորդումներ էր տալիս, հեռվից մի մեքենա նկատեց: Ասացին, որ գեներալն է գալիս: Գեներալը եկավ, այն էլ ինչ գեներալ. ֆաշիստ սպաներից էլ գեշ: Թե մինչ այդ Սարգիսը սխալներ էր թույլ տալիս, նրան տեսնելուց հետո էլ ավելի սկսեց սխալվել: Եվ դրա արդյունքում նպատակը կատարվեց. գեներալը կարգադրեց՝ հեռացնել աշխատանքից…
Նորից եկավ իր գործին:
1971 թվականին մարշալ Բաղրամյանը եկավ Արարատի մարզ: Գործկոմի նախագահը կանչեց Սարգսին:
-Քեռի՛, Բաղրամյանը գալու ա Վեդի, Վեդիից էլ գալու ա գյուղ՝ ճաշկերույթի: Տղերքին կվերցնեք, կգաք նախագահի տունը, որ նվագեք:
Սարգիսը համաձայնվեց: Բաղրամյանը շրջելուց հետո եկավ գյուղ՝ նախագահի տուն, Սարգիսն էլ երաժիշտ ընկերների հետ գնաց այնտեղ: Առաջին բաժակը բարձրացրին, որ խմեն Բաղրամյանի կենացը: Մեկը մյուսին հերթ չտալով՝ խոսեցին. հերթը հասավ Բաղրամյանին: Նա շնորհակալություն հայտնեց, ուզում էր խմել, երբ Սարգիսը ձայն տվեց.
-Ընկե՛ր մարշալ, մի՛ խմեք՝ Ձեր բաժակին երգեմ:
Բաղրամյանը բաժակը ցած դրեց: «Անդրանիկ»-ը նվագեցին: Չորս կողմից ձեռքով-ոտքով հասկացնում էին, որ դադարեցնեն, որովհետև այն ժամանակ դա արգելված երգ էր: Դա նկատելով՝ Բաղրամյանը սանձում է.
-Ջահելին մի՛ խանգարեք,- հետո խոսքն ուղղում է Սարգսին,- շարունակի՛ր երգը:
Երբ ավարտեց երգը, Բաղրամյանը պատվիրեց, որ նորից երգի, հետն էլ՝ մի այլ ֆիդայական երգ: Դրանք էլ երգելուց հետո Բաղրամյանը բաժակը վերցրեց  ու ասաց.
-Չենք խմում Բաղրամյանի կենացը, բոլորս մի մարդու պես խմում ենք Անդրանիկի կենացը. Անդրանիկը մի մարդ էր, եկավ ու գնաց… Բաղրամյանը կյանքում Անդրանիկ չի դառնա, Անդրանիկն ուրիշ մարդ էր:
Վերջում գնալու ժամանակ Սարգիսը մոտեցավ Բաղրամյանին: Երբ ուզում էր մոտենալ, շրջկոմի քարտուղարը ձեռքով հրեց նրան՝ ասելով, թե մարշալին չանհանգստացնի: Բաղրամյանն այդ պահին բռնեց Սարգսի ձեռքն ու իր մոտ քաշեց.
-Ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում:
-Ուզում եմ՝ իրար հետ նկարվենք, եթե կարելի է:
Երաժիշտներից մեկի զուռնան վերցրեց Բաղրամյանն ու այդպես՝ զուռնան ձեռքին էլ նկարվեցին:
Ժամանակի ընթացքում Սարգիսը հասարակ բանվորից դարձավ արհեստանոցի ավագ վարպետ, աշակերտներ ունեցավ: Աշակերտներից հատկապես առանձնացնում էր Գառնիկին՝ որպես լավագույն:
Մի օր գործ անելիս զգաց, որ մոռացել է, թե ինչպես էր պետք անել: Որոշեց զանգել Գառնիկին:
-Գառնի՛կ ջան, էս գործը ո՞նց էր արվում:
-Այ վարպե՞տ, ձե՞ռ ես առնում ինձ: Ախր, դու ես էդ ինձ սովորացրել, հիմա ինձնից ես հարցնում:
-Է՜, մեծացել եմ, Գառնի՛կ ջան, մոռացել եմ:
Այդպիսով վարպետն աշակերտի բացատրությամբ վերհիշեց ձևն ու ավարտին հասցրեց գործը:
Աշխատանքի վայրը փոխեց, հետո առողջական խնդիրների պատճառով անցավ թոշակի:
Մի անգամ էլ որոշեց հաղթանակի օրը գնալ Երևան՝ Հաղթանակի զբոսայգի: Գնաց՝ հետը վերցնելով Բաղրամյանի հետ ունեցած նկարը: Հավաքված տարեց մարդկանց մոտով անցնելիս, որոնց կրծքերը զարդարված էին բազում շքանշաններով, լսեց, որ նրանցից մեկն ասում է, թե եղել է Բաղրամյանի զինվորը.
-Որ Բաղրամյանի նկարը ցույց տամ, կճանաչե՞ս ,- քմծիծաղ տալով ու հավաքվածներին մոտենալով հարցրեց նա:
Երբ նկարը ցույց տվեց, այն ծերունու զարմանքը քար կտրեց.

- Յա՜հ: Բաղրամյանը: Բարեկա՞մ եք դուք:
Այսօր ծիծաղով պատմում էր այս դեպքը իր տարեկից հարևանին ու նրա թոռանը: Ծերացել է արդեն այդ կյանքի փորձություններ տեսած մարդը, ով մինչև կոկորդը լցված է վրեժով, որն այդպես էլ մնաց անկատար: Ծերացել է, բայց աշխատանքից ձեռք չի քաշում. 1952 թ.-ից աշխատում է՝ տասը տարի Պարսկաստանում, 1960 թ.-ից մինչև 2000 թ.-ը աշխատեց Շիրազլուի (Ոսկետափ) «Հայգյուղ տեխնիկայում» որպես ավագ վարպետ, դրանից հետո էլ 2000թ.-ից մինչև 2016 թ.-ը «Վեդի Ալկո»-ում, բայց յոթանասունութամյա Սերոժ պապը մինչ օրս էլ աշխատում է: Իր ձեռքերով տարբեր սարքավորումներ է ստեղծել՝ ցորեն մշակող, ու իհարկե, իր արհեստի գործիքը: Իր կյանքի վատ օրերը համարում է նրանք, երբ չի աշխատել, ու զարմանում է, որ  տեսնում է հիմա երիտասարդները չեն աշխատում: Ամենալավ օրն էլ համարում է այս օրը, որ տարեկից դրկիցի հետ նստած կողք-կողքի հին օրերն են հիշում:
Հետո սկսեց երգել այն երգը, որը Բաղրամյանի կենացին էր երգել.

«Կարկուտն ելավ Խանասորա դաշտումը, Ֆիդայիներ՝ հայրենասեր, վրեժ լուծող, ջան ֆիդայ…
Մեկ ժամվա մեջ մզրա ցեղը ջնջվեցավ, Խանասորա կանաչ դաշտեր, արյան գույնով ներկվեցան»

…-Էն ժամանակ ավելի լավ էի երգում: Է՜, հմի ատամ չկա…

-Ատամ չկա՞, ասա մի երկու հատ պարտքով տանք,- կատակեց տարեկից-դրկիցը:
-Հա՜ բա: Ատամ էլնի` կքցես քո բերան, էլի, ինձ խի՞ կտաս ,- կատակը շարունակեց ինքն, ու սկսեցին ծիծաղել:

Ասեց-խոսեց, հետո վեր կացավ ու գնաց. գործ կար անելու…