Մոմը՝ հարյուր, Սպունգ Բոբը` երեք

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Երկու օր մեր խմբով մնացինք Արզական գյուղում և երկու օր շարունակ լսում էինք, որ ուխտ է լինելու: Նույնիսկ մեզ հյուրընկալող տան փոքրիկը (ի դեպ, անունը Սուրեն էր), անընդհատ հարցնում էր, թե արդյո՞ք գնալու ենք եկեղեցի ուխտի՝ երթը նկարելու: Հասկանում էինք, որ գյուղը շատ մեծ կարևորություն է տալիս, հետևաբար, հետաքրքրությունն անընդհատ մեծանում էր: Այսպիսով, արդեն գյուղամիջում ենք. հավաքվել են նրանք, ովքեր բարձրանում են եկեղեցի: Ճանապարհը դժվար էր. արև, փոշի, մարդկանց միջով արագ ընթացող մեքենաներ…

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Վերջին բլուրն էլ մնաց հետևում, ու մեր առջև վեր խոյացավ եկեղեցին: Դրա հետ մեկտեղ մեկը մյուսի հետևից երևացին բազմաթիվ վաճառականներ, ովքեր վաճառում էին ամեն ինչ, բացի ուխտի հետ կապ ունեցող բաներից` քաղցր բամբակ, «դուխով» վերնաշապիկ, տարբեր տեսակի խաղալիքներ: Միանգամից այնպիսի զգացողություն եղավ, որ ոչ թե   ուխտի, այլ տոնավաճառի եմ մասնակցում: Մինչև եկեղեցի հասնելս չգիտեմ քանի անգամ մոմ, քաղցր բամբակ կամ ծամոն գնելու առաջարկ եմ ստացել: Հասնելով եկեղեցու մուտքին, ամբողջությամբ համոզվեցի, որ ես «բազառ» եմ եկել: Մուտքի առջևում տարուբերվում էր «Սպունգ Բոբը», իսկ դրա տակ նստած կինը արևածաղիկ էր վաճառում: Եկեղեցին լեփ լեցուն էր, իսկ դրսում շարունակում էր հաչալ խաղալիք շունը…

Եկեղեցում աստիճանաբար խաղաղվեցի: Մարդիկ մոմ են վառում, աղոթում։ Սակայն երբ մոմը վառելու իմ հերթը եկավ, նախկին տպավորությունս էլ ավելի ընդգծվեց։ Մեծամասնությունը մոմը վառելու հետ զուգընթաց «հետաքրքրաշարժ» պատմություններ էր պատմում, սելֆի անում ու Նիկոլից խոսում։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ամփոփելով կարող եմ ասել, որ կարծես աստվածաշնչյան հայտնի պատկերում էի, սակայն Քրիստոսն այստեղ պակասում էր։ Եվ ցավալին այն է, որ վաճառականները, կամ ինչպես գյուղացիներն էի ասում՝ «բոշաները», կշարունակեն իրենց գործը՝ ավելի ու ավելի խորացնելով իրենց բազմադարյա սովորույթները, որոնք գնալով համարվում են սովորական և նորմալ ուխտավորների համար: