«Հայը մեկ ոսկի»

“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում

Արզականում՝ հյուրընկալ ընտանիքներում ապրելու ընթացքում, հանդիպեցի մի կնոջ, ում ծնողները Արևմտյան Հայաստանից էին եկել։ Յաղջյան Ռոզան, չնայած նրան, որ ծնվել է Հայաստանում, շատ մանրամասներ գիտեր Եղեռնից և պատմում էր իր ընտանիքի պատմությունը։ Նրա ծնողները եղել են բնիկ սեբաստացիներ։

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Նա պատմում էր, թե ինչպես են երիտթուրքերը կառավարության գլուխ գալով, մեծ խոստումներ տալիս, որ կբարելավեն հայերի կարգավիճակը։ Հետո ավելացրեց.

-Բայց այդ ամենը խաբեություն էր։ Ինչպես միշտ, հայերը օգտագործվել են թուրքերի կողմից։

Հետո սկսվում է Ցեղասպանությունը, և ամենաշատ տուժած շրջանները լինում են Խարբերդը և Սեբաստիան։ Իհարկե, շատ հայեր կային, ովքեր փորձել են դիմադրել և պաշտպանվել։ Նրա պապն էլ՝ Յաղջյան Հարությունը, դիմադրողներից մեկն է եղել։ Նա զենքեր, երկաթե իրեր և փայտեր է բերել կառքով.

-Թուրք ժանդարման եկել և ստուգել է, թե ինչ է բերել։ Տատս ասել է, որ վառելափայտ է։ Փայտերը զինամթերքի վրա են շարել, որ չնկատեն։

Դրանից հետո նրա տատը լուր է ուղարկել պապին, թե թուրքերը «հոտն առել են»: Յաղջյան Հարությունը, այնուամենայնիվ, զենքերը հասցրել է Խարբերդ։

Բայց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, թուրքերը հավաքում են ամբողջ զենք-զինամթերքը, պատճառաբանելով՝ դրանք պետք են պատերազմին։ Իսկ տղամարդկանց զորակոչման պատրվակով տանում են, երեք օր պահում բանտում, իսկ հետո սպանում։

Այնուհետև սկսում են խաղաղ ժողովրդի տեղահանումը։ Նրա ընտանիքը բավական հարուստ է լինում։ Նրա տատը հավաքում է ոսկիները և տալիս թուրքերին, որ նրանք ապահով պահեն։ Թուրքերը նաև թուղթ են տալիս տատին, որ կարողանա հետագայում ոսկեղենը հետ վերցնել.

-Դե, այդ բոլորը կեղծություններ էին,-կրկնում է Յաղջյան Ռոզան։

Նրա տատը երկու ձիերով կառք է վերցնում, և քառասուն հոգով ճամփա են ընկնում՝ սկեսուրի և վեց երեխաների հետ.

-Էս ձիերը չեն ուզում քաղաքից հեռանալ, մեծ հոտառություն ունեն ու գիտեն, որ տերը քաղաքում է։ Ստիպված ոտքով են գնում։ Քաղաքից մի փոքր հեռանում են, և սկսվում է իրենց ջարդը։ Վեց երեխաներից չորսը մահանում են… սովից։ Տատս իր ձեռքով է թաղում նրանց։

Այսպես գնալով հասնում են մինչև Մալաթիա՝ լրիվ պատառոտված շորերով։ Եղել են դեպքեր, որ ջրի բաժակը մեկ ոսկով են առել, ծարավին դիմանալու համար։

Նրա պապին՝ Հարություն Յաղջյանին, սպանում են, ինչպես մյուս տղամարդկանց, որ տարել էին.

-Երեք տարի էդ ճանապարհներին, նույն շորով, նեղություններով հասնում են մի բաղնիք, որտեղ լողանում են։ Նրանց ամբողջ մազերը թափվում են և մնում են ճաղատ։ Մյուսները շարունակում են իրենց ճանապարհը, շարունակում են մինչև Դեր Զոր։

Նա նաև պատմում է, որ Հռոմի պապը կոնդակ է ուղարկում, որ կաթոլիկներին չվնասեն։ Իսկ իրենք կաթոլիկ են եղել.

-Քառասուն հոգուց վերադառնում են երեք հոգի՝ հայրս, տատս, հորեղբոր տղան։

Բայց վտանգը դեռ կար, դրա պատճառով նրանք գնում են Պոլիս։ Այնտեղից 1922 թվականին ֆրանսիական կառավարության օգնությամբ նրանք տեղափոխվում են Ֆրանսիա։ 1936 թվականին, նրա հայրը, արդեն ամուսնացած, գալիս է Սովետական Հայաստան։

«Սեբաստիա» միությունը Երևանում շենքեր է կառուցում, որ հայրենադարձվածներին ընդունեն։ Սկսած այդ պահից, նրանք ապրում են Հայաստանում.

-Մորս պատմություն էլ գրեթե նույն է,-ավելացրեց նա։

Յաղջյան Ռոզան իր պատմությունը եզրափակեց պատմելով այն մասին, թե ինչպես են տարիներ հետո «Սեբաստիա» միության անդամները «Հայը մեկ ոսկի» նախաձեռնությամբ, ազատում այն հայ երեխաներին, ովքեր գտնվում էին թուրքերի ձեռքում։