hayrapi baghdasaryan

Մոտ լինելու արվեստը

Իրար հասկանալու համար շատ բառեր պետք չեն: Պետք է ընկղմվես հայացքի մեջ, սուզվես ներսը: Ոնց Տերյանն էր գրում. «Ձեռքդ կբռնեմ, ցավդ կըմբռնեմ…»: Բռնես ձեռքն ու զգաս ներսի տիեզերքը. Անէ, անգո, անկյանք, բայց լիքը տիեզերքը:

Պիտի ձեռքդ գցես մտքին ու քեզ անջատելով կիսատությունդ լրացնես մոտ լինելով:

Մենք կիսատ ենք: Մեր ամեն ինչը կիսատ է: Մեր կարդացած գրքերն էլ են կիսատ, մեր նայած ֆիլմերը, մեր թաքուն կամ բացահայտ սերերը: Մեր մտքերը, լսած երգերը: Լրիվության համար պիտի տիրապետես մոտ լինելու արվեստին:
-Էլ մի՛ օգտագործի «երբեք», «միշտ» ու «հավերժ» բառերը: Երբեքը երբեք չի, միշտը միշտ չի, հավերժն էլ հավերժ չի…դրանք էլ են կիսատ,- Գևն էր ասում:

-Կհետևեմ խորհրդիդ: Դու բառերին մի նայի, իմաստին նայի: Հայերը սովոր են բառերից կախվել:

-Ես նախ մարդ եմ. ազգը կապ չունի, իսկ բառերը ստեղծված են իմաստի համար:

-Իրար հասկանալու համար բառեր պետք չեն:

-Որ աչքերիս նայեիր, կարող ա առանց դրանց էլ հասկանայի, չաթում աչքեր չկան:

-Չաթում աչքեր չկան, բայց կա ներշնչանք, կապվածություն՝ իրար քաշող:

-Մենք մո՞տ ենք:

-Ի՞նչ ես կարծում:

-Երևի…

-Ուրեմն մոտ ենք:

-Ինչի՞ մասին գրեմ:

-Մոտ լինելու արվեստի…