lia avagyan portret

Մութ պատմություն լուսավոր քաղաքում

Մոտ  երկու տարի առաջ՝ Բերդում:

Հիշեցնեմ, որ Բերդ քաղաքը գտնվում է Տավուշի մարզում, մեր գյուղից՝  Ներքին Կարմիրաղբյուրից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա: Մի խոսքով, Բերդում տեղադրվեց  գնդապետ Վազգեն Ղավալյանի կիսանդրին:  Վազգեն Ղավալյանը Վերին Կարմիրաղբյուրից էր: Այս գյուղի մասին պատմել եմ, բայց քիչ , մեր գյուղի հետ զույգ «եղբայրներ» են: Ես հաճախ եմ Բերդ այցելում, ամիսը մոտ երկու-երեք անգամ: Ու, երբ  նոր էին տեղադրել արձանը, մինչև պաշտոնական բացումը ջարդեցին:  Չէ,  ամբողջությամբ  չէ, միայն քիթը: Ու, երբ լսեցի այդ մասին, տատիս-պապիս պատճառ բռնած, մերոնց օրերով համոզում էի, որ գնանք Բերդ:  Գնացինք, բայց ահագին ժամանակ էր անցել արդեն, ու քիթն էլ վերանորոգել էին:

Ու հետո, որ Բերդ էի եկել, չգիտես ինչու, մտքովս անցավ, թե ինչու են էդ մարդու քիթը ջարդել, վերջիվերջո գնդապետ մարդ էր: Ու այս հարցիս պատասխանեց տատիկս, որին հյուր էի գնացել: Դե ինքն էլ իր հարևան ծանոթներից էր լսել: Պատմում է, որ վերջին կռիվների ժամանակ, երբ կրակում էին, մեր գնդապետ Ղավալյան Վազգենը չի թողել հակահարված տան մերոնք, դրա համար ջարդեցին: Ու տատս էլ բան չպատմեց, որովհետև  ինքն  էլ չգիտեր: Բայց պապս, ինչպես միշտ, հակաճառեց տատիս, կապ չունի՝ ճիշտ-սխալ, տեղի-անտեղի:

Ասում է.

-Չէ հա, տրա հըմար չի, տա վիրևների արած պան ա…

Դե պարզ է, տատս տակ չի մնում, մի երկու բան ավել էլ ինքն է ասում: Ու այդպես ամեն օր՝ տարբեր թեմաների շուրջ: Միայն թե թեմա լինի: Իսկ թեմա միշտ էլ կա ի դեմս Շամշադինի առաջին գնդապետ պարոն Ղավալյանի: