hovik vanyan

Բակային խաղեր

«Մին, էրկու, իրեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը… Պա՜-ռա՜-յա՜, բացում եմ, ում, որ տեսա, թքում եմ…»:

Կարծում եմ, նոր սերնդի ներկայացուցիչների համար այս նախադասությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում: Բայց իմ տարիքի երեխաների համար, որքան էլ որ զարմանալի թվա, այն մեր մանկության անբաժանելի մասն էր կազմում: Ավելին, օրդ օր չէր լինում, եթե այդ օրվա ընթացքում քեզ գոնե մեկ անգամ չէին թքում:

Այսօր հենց ինքը՝ «բակային խաղեր» արտահայտությունը տարօրինակ է հնչում: Ընդհանրապես, 21-րդ դարում բակային խաղերը կարելի է վստահորեն գրանցել Միջազգային կարմիր գրքում: «7 քար », «Գործագործ», «Պահմտոցի», «Գետնից բարձր», «Անուն գոռոցի» և այլ բակային խաղերի հետ մեկտեղ վերացել է նաև «բակային ընկեր» հասկացողությունը, չէ որ հիմա մարդիկ ոչ թե ընկերանում, այլ պարզապես միմյանց «ֆռենդում» են:

Ես ինքս բակային խաղերը հիշում եմ որպես մի ամբողջ արարողություն: Նախ և առաջ, բակի երկու «ամենաուժեղ» խաղացողները «ցելա» կամ «ոտք» են գցում, որպեսզի պարզեն, թե ով է առաջինն իր թիմի համար թիմակիցներ ընտրելու: Առաջինը քայլում է. մեկ, երկու, երեք: Հետո դիմացինը. մեկ, երկու, երեք: Կամ, կարելի է «ծիպուկ» անել, այսինքն՝ առաջ շարժվել ոչ թե մեկ, այլ կես քայլով: Հաղթում է նա, ով առաջինը դիմացինի ոտքին կկանգնի, ու սովորաբար դա այն խաղացողն է, որի ոտքերն ավելի մեծ են: Այնուհետև, բաժանվում ենք երկու թիմի: Սկսում ենք «գործնագործից»: Առաջին թիմը կանգնում է բակի երկու ծայրերում, երկրորդ թիմը՝ մեջտեղում. ծայրին կանգնածները սկսում են գնդակով խփել մեջտեղում կանգնածներին, մինչև բոլորին չեն հանում: Սովորաբար, բակի ամենավատ խաղացողին նշանակում ենք «պիտուշ», այսինքն նա, ով բոլոր խաղացողների դուրս գալուց հետո 10 հարվածի ընթացքում կարող է բոլորին ազատել: Բայց քանի որ բոլոր խաղացողներին շատ դժվար է խաղից հանել, խեղճ «պիտուշը» նստում է «բոռդյուռին» ու սպասում բախտին: Հետո հոգնում է ու տուն բարձրանում, թե՝ «մաման կանչում ա»: Իսկ մենք խաղում ենք մինչև ուշ գիշեր և տուն բարձրանում միայն այն ժամանակ, երբ գնդակը մթի մեջ էլ չի երևում:

Գրող և հոգեբան Քեյ Ռեդֆիլդ Ջեյմիսոնը բակային խաղերին մեծ նշանակություն է տալիս: Նա գրում է. «Երեխաներին ազատություն է պետք: Բակային խաղերը ոչ թե ընտրություն պետք է լինեն, այլ անհրաժեշտություն»: Եվ իսկապես, հոգեբանները պարզել են, որ հենց բակային խաղերի միջոցով են երեխաները ճանաչում իրենց շրջապատող աշխարհը: Ավելին, բակային խաղերը երեխաներին հնարավորություն են տալիս համատեղել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը:

Կրթական միջավայրի փորձագետ Ռոբին Մուրը համոզված է, որ բակային խաղերը խթանում են երեխաների երևակայությունն ու ստեղծարար մտածելակերպը, քանի որ երեխաներն իրենք են հորինում խաղի կանոնները: Բակային խաղերը նաև օգնում են երեխային զարգացնել բանակցելու հմտությունները, խնդիրներին լուծում գտնելու կարողությունը, ինչպես նաև հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություննեը: Եվ ընդհանրապես բակային խաղեր խաղալը առաջնորդություն սովորելու ամենաարդյունավետ միջոցն է:

Ամերիկացի լրագրող Դենիս Կոշոնը ասում է «Այսօր ԱՄՆ-ում երեխաները կարծես տնային կալանքի տակ գտնվեն»: Եվ իսկապես, երբ փոքր էի, ծնողներս ինձ զոռով էին տուն տանում, մինչդեռ այսօր երեխաներին նույնիսկ զոռով համակարգչի էկրաններից չես կտրի: Փաստորեն, ընդամենը մեկ սերնդի տարբերությամբ մանկությունը բակերից ու ավտոտնակների տանիքներից տեղափոխվեց համակարգիչների էկրանների առջև: Եվ գիտեք, այդ փոփոխությունը նաև ֆիզիկապես է նկատվում: 1960-ական թվականներին ԱՄՆ-ում գիրությունից տառապում էր երեխաների ընդամենը 4%-ը , այսօր այդ թիվը հասնում է 16%-ի: Իլլինոյսի համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն Ֆրենսիս Կուոն նշում է, որ այն երեխաների մոտ, որոնք համակարգչի առջև ավելի շատ ժամանակ են անց կացնում, քան բակում, ուշադրության ապակենտրոնացում է նկատվում:

Եվ վերջապես, հաճախ մանուկների խաղերի մեջ առկա են մեծ իմաստներ, դրա համար եկեք համակարգիչները չդարձնենք նրանց համար էներգիայի միակ աղբյուր, այլ այնպես անենք, որ այդ իմաստների համն ու հոտը չկորչի:

Հ.Գ. Սա իմ TEDx-ի ելույթն է: Մտածեցի, որ 17-ի ընթերցողներին կհետաքրքրի այս թեման, ու ինչ-որ չափով կստիպի պատանիներին մտածել բակային խաղերը չմոռանալու մասին: