mariam tonoyan

Տաք երկիր, ցուրտ ձմեռ

Քույրս լացելով դեսուդեն էր վազվզում ` ցրտահարված ձեռքերը մերթ տաք, մերթ սառը ջրի տակ պահելով: Բանն այն էր, որ մշակույթի տնից մինչև մեր տուն ճանապարհը երկար է, իսկ եղանակն այդ օրը բավականին ցուրտ էր:

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ». այդպես է կոչվում ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի ֆիլմը, որը ցուցադրում էին Գավառի մշակույթի տանը: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, որոնք հիմնականում դպրոցականներ էին: Դահլիճի բոլոր նստարաններն արդեն զբաղեցված էին, այնինչ մարդկանց հոսքը դեռ չէր դադարում:

Լույսերը մարեցին, վերջապես սկսվեց ֆիլմը: Արդեն մի քանի րոպե էր անցել ֆիլմի մեկնարկից, բայց դահլիճում դեռ խառնաշփոթ էր. մեկն իր համար հարմար տեղ էր փնտրում, մյուսը` ծանոթ դեմքեր։ Դա բնական էր, շուտով շարժումները կդադարեին, ու աղմուկը կմարեր: Բայց կատարվեց հակառակը` քանի գնում էր, աղմուկն ավելի ու ավելի էր ուժգնանում, ու ֆիլմից ոչ մի բառ չէր լսվում: Զգուշացումներն անօգուտ էին: Շուրջբոլորս քաոս էր, իսկ ես, ամբողջ ուշադրությունս լարած, զուր փորձեր էի անում որևէ բան հասկանալու: «Չէ՛, Մարիամ, մի՛ զայրացիր,- մտածում էի ես,- մեկը չէ, որ խոսում է, ում կարող ես նախատելով լռեցնել, այլ մի մեծ ամբոխ, որին ֆիլմի ոչ մի դրվագ չի հետաքրքրում»: Լարվածությունից գլուխս սկսեց ցավել: Նայեցի շուրջս. հատակին՝ արևածաղկի սերմեր, անզուսպ քրքիջ, այս ու այն կողմ քայլող, հեռախոսի լապտերով տեղաշարժվող ստվերներ, զրույցներ ամենատարբեր թեմաներով, հեռախոսների մեջ խրված հայացքներ… Լավ էր, գոնե կողքիս նստարանին մի ուսուցչուհի էր նստած, ում հետ վերլուծելով փորձում էինք փոքրիշատե գլուխ հանել ֆիլմից:

Կես ժամ, քառասունհինգ րոպե, մեկ ժամ: Վերջապես աղմուկը մի փոքր մարեց: Շատերը դուրս եկան դահլիճից, ինչն ուրախացրեց ինձ: Եվս տասը րոպե ու դահլիճում մնացինք հաշվով տասը հանդիսատես: Որքան էլ տարօրինակ էր, դպրոցահասակների հետ դահլիճից դուրս էին գալիս նաև մեծահասակները, որոնց պետք է որ հետաքրքրեր ֆիլմը: Զարմանքով մտածում էի. «Մի՞թե այդքան անհետաքրքիր էր»: Համատարած լռություն էր տիրում: Վերջապես կարելի էր վայելել ֆիլմը: Ի՜նչ ափսոս, որքա՜ն վիրավորանք, որքա՜ն ամոթ զգացի, երբ առաջ թերթեցին ֆիլմը: Հետ նայեցի. երեքն էին մնացել հետևում: Ծանրացած սրտով և վիրավորված մեր համաքաղաքացիներից՝ մինչև ֆիլմի ավարտը մնացած հանդիսատեսներով ծափահարում էինք այնքան ուժգին՝ կարծես գնացածների փոխարեն ևս:

Առիթից օգտվելով՝ ուզում եմ ներողություն խնդրել ներկայացուցիչներից նման վերաբերմունքի համար, քանի որ ֆիլմը բավականին հաջողված էր ու մեծ ենթատեքստ ուներ: Հավանաբար, պատճառն այն էր, որ երիտասարդների մեծամասնությանն այնքան էլ չի գրավում կինոարվեստը, կամ էլ հետ են վարժվել հանդիսատես լինելուց: