lilit vardanyan

Նամակ, որը հասավ հասցեատիրոջը

-Վայ, նամակ,- ասացի ես՝ վերցնելով «նամակը»,- տա՛ր ինձ Վեներիկի մոտ:

Ես փչեցի «նամակը» և վազեցի «նամակի» հետևից:

Այդ ժամանակ ես 7-8 տարեկան էի: Իմ ընկերուհին գնացել էր Ֆրանսիա:

Հիշում եմ՝ ինչպես էի վազում նամակի հետևից, մինչև հասա փողոց, և նամակը բարձրացավ այնքան վերև, որ այլևս չէի տեսնում այն…

-Լիլիթ, նայի, Վեներիկից «նամակ» եկավ,- ասաց եղբայրս,- ասում ա, որ գալու ա:

Այդ օրը ես իմացել էի, որ Վեներիկը մի քանի օրից գալու էր:

-Հա,- ասացի ես ու հիշեցի այն օրը, երբ գնում էի «նամակի» հետևից:

Նամակը տեղ էր հասել 8 տարի անց:

Օգոստոսի սկզբին Վեներիկը եկավ Հայաստան:

Հաջորդ օրը ես գնացի նրան տեսնելու: «Տեսնես ես իրանից բոյո՞վ եմ, թե՞ նույն բոյի ենք»,- միայն դա անցավ մտքովս, երբ ես մտնում էի ներս: Երևի այն պատճառով, որ մեր տարիքային տարբերությունը ընդամենը 3 օր է (ես նրանից փոքր եմ):

-Բարև:

-Բարև,- ասացի ես:

Չէ, ես նրանից բարձրահասակ էի:

8 տարի անց նորից հանդիպեցինք: Վեներիկի մեջ համարյա ոչինչ չէր փոխվել, եթե ես նրան տեսնեի ուրիշ տեղ, երևի կճանաչեի:

Բայց 8 տարվա ընթացքում ես նրա հետ մի քանի անգամ էի խոսել: Դրա համար էլ մենք չգիտեինք, թե ինչի մասին խոսել:

Վեներիկը նայում էր իր հին ալբոմները: Նա ցույց տվեց իմ ծննդյան օրվա նկարները, որտեղ ինքն էլ կար: Մենք խոսեցինք այն մասին, թե որտեղ ենք սովորում: Ես իմացա ֆրանսիական կրթական համակարգի մասին: Հետո խոսեցինք մեր սիրած ֆիլմերի մասին:

Մեր կապը այսքան տարիների ընթացքում չէր պահպանվել: Մենք շատ փոքր էինք, երբ իրար հետ խաղում էինք:

Մի քանի օր անց ես գնացի հանգստանալու: Վեներիկը պետք է Ֆրանսիա գնար այն օրվա գիշերը, երբ ես պետք է հետ գայի: Այսինքն՝ ես կկարողանայի տեսնել նրան մինչև Ֆրանսիա գնալը: Բայց ես չգնացի: Եթե հարցնեք՝ ինչու չգնացի, ես կասեմ, որ ինքս էլ չգիտեմ՝ ինչու:

Հետո, իհարկե փոշմանեցի, որ չեմ գնացել նրան տեսնելու:

Հաջորդ օրը ընկերուհուս հետ իջել էի բակ: Մենք զբոսնում էինք, երբ ես տեսա մի «նամակ»:

-Վայ, «նամակ»,- ասացի ես՝ «նամակի» հետևից գնալով:

-Լսի, մանկությո՞ւնդ ես հիշել,- հարցրեց ընկերուհիս:

-Չէ,- ասացի ես՝ բռնելով «նամակը»:

Բայց իրականում ընկերուհիս ճիշտ ասաց. ես հիշել էի մանկությունս: Այդ «նամակը» Վեներիկի կողմից էր: Երևի ասում էր, որ արդեն տեղ է հասել: Ես էլ «նամակը» հետ ուղարկեցի՝ ներողություն խնդրելով, որ չգնացի նրան տեսնելու…

-Լիլիթ, նայի Վեներիկի կողմից «նամակ» ա էկել,- ասաց եղբայրս,- ասում ա, որ հասել ա:

-Ո՞ւր ա,- հարցրի ես՝ մտածելով, որ Վեներիկը սքայփով է գրել:

-Հեսա,- ասաց եղբայրս՝ ցույց տալով «նամակը»:

Ես գնացի նամակի հետևից և վերցրի այն: Տեսնես՝ այս անգամ ի՞նչ էր ասում Վեներիկը…