milena sedrakyan

Սլանալուց առաջ

Երբ ասում էին, որ ժամանակը թռչում է կամ արագ է անցնում, ինձ համար ծիծաղելի ու անհասկանալի էր հնչում: Ժամանակը չէր անցնում, ես էի գլորում օրս, օրը տարի էր թվում ու կարծում էի՝ հավետ մնալու եմ 6 տարեկան:

Հիշում եմ՝ խոսում էի մտերիմ ընկերուհուս՝ հայելու միջի Միլենայի հետ.

-Պատկերացնո՞ւմ ես՝ դառնանք չորրորդ դասարան: Արդեն մեծ, տարրական դպրոցն ավարտած, ինչքան շատ բան կիմանանք:

Տառերը կիմանայի ու հաշվել մինչև հարյուրը: Ու ինքս ինձ սթափեցնում էի.

-Հե՛տ արի, դա այնքան հեռու է:

Հիշում եմ, որ միշտ չեմ սիրել մեծանալը, փոքր լինելը ահագին հարմար է:

Իսկ հիմա՞: Տասներորդ դասարանում եմ ու հիշում եմ, որ ասում էին՝ աչքերդ թարթես, կյանքդ կանցնի: Ինձ թվում էր` հիշում եմ մանկությունս:

Տատիկի ու պապիկի հետ էինք ապրում, տան փոքրն էի, բայց, չգիտես ինչի, բոլորն իմ երեխաներն էին ու ես՝ մայրիկը:

-Բալես, արի հաց ուտելու,- ասում էի ես ու բոլորին հատ- հատ կերակրում՝ հեքիաթներ պատմելուն համընթաց:

Մի քանի օր առաջ հասկացա, որ իրականում չեմ հիշում, այլ ձայնագրության մեջ եմ տեսել: Ախր, ոնց կարող եմ հիշել հենց իմ պատկերը. իմ աչքերից չնայել, այլ նայել իմ աչքերին: Շատ նեղվեցի, ախր, ուզում եմ հիշել: Ժամանակը չի անցնում. վազում է, սլանում:

Արթնանում եմ՝ մի երկու գործ, երկու երգ, ֆիլմ, ու գիշեր է: Չէ, ախր կանգնի՛ր, ո՞ւր ես գնում, ես դեռ լիքը բան ունեմ անելու: