Ու եթե պետք լինի…

Հայրենիքի մասին շարադրությունը Պատվական Հարությունյանը փոքր տարիքում ավարտել էր այսպես՝ «․․․ու եթե պետք լինի, կյանքս էլ կտամ հանուն հայրենիքիս»։ Նա չէր կարող պատկերացնել, որ տարիներ անց պե՛տք է լինելու, ու ինքը կյանքը զոհելու է հանուն հայրենիքի, հանուն բոլորիս։

Պատվականը մարզիկ էր․ 7 տարի սամբո-ձյուդո մարզաձևով էր զբաղվում և հայաստանյան տարբեր մրցույթներում իր քաշային կարգում միշտ լավագույնների մեջ էր։ Մինչև ծառայությունը Պատվականի պատկերացումները ուսումը շարունակելու մասին հստակ չէին, բայց բանակում արդեն որոշել էր՝ ընդունվելու է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։

Որոշել էր, որ զորացրվելուց հետո միանգամից ընտանիք պիտի կազմի, ամուսնանա․ ընտանիքի դերը նրա համար առաջնային էր։

Պատվականը մանկուց ագրեսիան ու կոնֆլիկտները չէր ընդունում: Երբեք ոչնչից չէր բողոքում։ Քույրն ասում է՝ ծառայության ընթացքում ավելի կարգապահ, ուշադիր էր դարձել մանրուքների նկատմամբ։

Սեպտեմբերի 29-ին նա Ջրականում էր՝ ամենաթեժ դիրքում, որտեղ սկզբնական օրերին թշնամու ամենամեծ ուշադրությունն էր կենտրոնացած։ Երեկոյան ընտանիքի հետ էր խոսել զրնգուն ու հուսադրող ձայնով․ մի քանի ժամ անց զոհվել ԱԹՍ-ի հարվածից․․․

2020թ․-ի հոկտեմբերին Պատվականը Արցախի նախագահի հրամանով հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Պատվական Վաչագանի Հարությունյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։