sona mkhitaryan

Նա պարզապես աղջիկ է

Նա աղջիկ է: Առաջին օրը, երբ հանդիպեցինք, կարծես թե տպավորությունը լավն էր: Սկսեցինք շփվել: Ապրում է Երևանում ու միշտ ուշանում է: Մտերմացանք: Ես մտածում էի, որ Երևանում է ապրում, լավ հագուկապ ունի, արտասահմանում` բարեկամներ ու չունի ոչ մի խնդիր:

Նա պատմեց իր առաջին սիրո մասին, լաց եղավ, հետո ժպտաց: Նա սիրել էր, իրեն՝ ոչ: Նոր շրջապատ, նոր ընկերներ, որոնք կեղծ դուրս եկան: Բավականին նվիրվող է, ու դրա համար միշտ լալիս է: Նրա հետ միայն պետք է լուռ նստել ու լսել: Նա կպատմի, որ կարոտում է իր հայրիկին, որ նույնիսկ նրա նկարներից գոնե մեկը չունի իր հեռախոսի մեջ, որ երբ ասեն՝ մամայիդ, պապայիդ նկարը ցույց տուր, տեսնենք՝ ում ես նման, դրան պատասխան ունենա: Նա սիրում է իր հորը, թեկուզ՝ ամսվա մեջ մեկ անգամ է հայրը զանգում, բայց զանգում է, չէ՞: Նա կարոտում է իր հիշողությունները: Որքան շատ կուզեր, որ հիմա հայրն իրեն ուղեկցեր և հասցներ տուն, մեքենա վարել սովորեցներ: Իր հայրն էլ իրեն է շատ սիրում, սա ես եմ արդեն ասում, որովհետև նրան չեն կարող չսիրել: Ոչինչ, որ թեկուզ ամիսը մեկ զանգահարի, բայց զանգում է, չէ՞:

-Գնահատեք ծնողներին, որովհետև նրանք կան ու ձեր կողքին են,- ասաց նա, ու ես սրբեցի նրա արցունքները:

Նա պարզապես աղջիկ է, ու բավական է նրան ցավ պատճառեն: