Աղվերանի մեդիա ճամբար. Նյութե՛ր եմ գրելու, լուսանկարելու՛ եմ, ֆիլմե՜ր. սկսում ենք

Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի անդամներն արդեն սկսել են իրենց ամառային մերդիա ճամբարն Աղվերանում: Դասընթացը կտևի հուլիսի քսանութից մինչև օգոստոսի երեքը, որի ընթացքում մեր երեսունից ավելի թղթակիցներ Հայաստանի տարբեր մարզերից կհասցնեն կատարելագործել իրենց հմտությունները լրագրությունից, լուսանկարչությունից, կինոյից և անիմացիայից: Կենտրոնի դասընթացավարները, մենթորները և կամավորները կօգնեն նրանց գործնականորեն կիրառել իրենց արդեն իսկ ունեցած հմտությունները՝ պատրաստելու ֆիլմեր, լուսանկարելու և նյութեր գրելու: Իրենց փորձով և գործնական խորհուրդներով վարպետության դասեր կվարեն «Մանանա» կենտրոնի կողմից հրավիրված ոլորտի լավագույն լրագրողներ, կինոռեժիսորներ և ֆոտոլրագրողներ:

Եթե հետևում եք մեր կայքին, ապա նկատած կլինեք, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ կենտրոնը «Երիտասարդների արտահայտման ազատությունը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի շրջանակներում դասընթացներ է անցկացնում Հայաստանի տարբեր մարզերի պատանիների համար, որի արդյունքում ստեղծվել է Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը և www.17.am-ը՝ շուրջ յոթ հարյուր թղթակիցներով: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից: Հիմա ամառ է: Մեր թղթակիցներն ունեն շատ ժամանակ և լիքը-լիքը գաղափարներ: Մեդիա ճամբարը հրաշալի հնարավորություն է դրանք իրագործելու համար:

Եթե ձեզ հետաքրքրում է, թե  ինչպես են ստեղծվում մեր նյութերը, ֆիլմերն ու լուսանկարները, ովքեր են մեր թղթակիցները, ինչ են ուզում պատմել ձեզ իրենց նյութերով, ֆիլմերով և ֆոտոպատմություններով, ովքեր են վարպետության դասեր անցկացնելու մեզ համար, ապա հետևեք մեր աղվերանյան մեդիա ճամբարի օրագրին. գուցե հենց այս օրերի ընթացքում կնկարահանենք ձեր ամենասիրելի ֆիլմը, լուսանկարը կամ կգրվի ….

-Շուշա՛ն, նյութ եմ գրել, կնայե՞ս…