anahit baghshetsyan

Նորմալը, չափն ու սևակի չիբուխը

Մարդաշատ օդանավակայանում գտել եմ մի անկյուն, որտեղ և՛ վարդակ կա, և՛ նստելու տեղ, և՛ ինտերնետ՝ օդանավակայանի դրախտը։ Ու քանի որ այս փոքրիկ դրախտը հնարավորություն է ընձեռում կապ հաստատել ընկերներիս հետ, դրանով էլ զբաղված եմ։ Մատներս արագ-արագ հպվում են հեռախոսիս էկրանին ու հաղորդագրություններ ուղարկում տարբեր երկրներ։

-Լա՛վ, մի հատ ասա` ինչի՞ մասին նյութ գրեմ։

Պատասխանը երկար չի սպասեցնում։

-Նորմալի։

-Այսի՞նքն։

-Նորմալ երևույթի մասին։ Թե ով ա ասել, ինչն ա նորմալ։

-Լավ, իսկ քո համար ի՞նչ ա նորմալը։

-Ցանկացած բան, որից ոչինչ չի տուժում։

Նույն հարցը տալիս եմ ինձ։ Պատասխանը չի տարբերվում։ Փորձում եմ հիշել երևույթներ, որոնք ինձ համար եղել են աննորմալ։ Հիշողություններս արդեն տասնմեկերորդ անգամ ընդհատվում են օդանավակայանի աշխատակցուհու ձայնով, որը խնդրում է դեպի Թել-Ավիվ թռչող ինքնաթիռի վերջին ուղևորուհուն մոտենալ տերմինալին։ Հասկանում եմ, որ այս երևույթը հաստատ նորմալ չէ։ Հարյուրավոր մարդիկ օդանավում նստած սպասում են ինչ-որ կնոջ, որը հայտնի չէ` կժամանի՞, թե՞ ոչ։ Գեղեցիկ երևույթ չէ։ Բայց եթե Սևակը, չիբուխը բերանին,  կողքիս նստած լիներ, կասեր.

«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ,

Իսկ ո՞րն է չափը, ո՞վ է սահմանել,

Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել․․․»։

Ես էլ լուռ կլսեի ու չէի իմանա՝ ինչ պատասխանել։ Շուրջս Սևակի տված հարցն ու նորմալի սահմանումն է։ Նորմալի սահմանումից որոշում եմ ազատվել։ Ինքս նոր սահմանում հորինել։ Որոշում եմ, որ նորմալը քայլերն ու երևույթներն են, որոնք կատարելիս ստանում ես ուզածդ, բայց չես խախտում դիմացինիդ իրավունքները։ Նորմալ եմ համարում դասից ուշանալը, ավտոբուսում տարեցներին տեղդ զիջելն ու ուրիշի հետ չհամաձայնվելը։ Հարցը համարում եմ փակված։ Մնում եմ Սևակի հետ մենակ։ Մնաց պարզեմ, թե ո՞վ է չափը սահմանել։ Չափը սահմանել է հասարակությունը։ Կազմված հազարավոր հասարակ մարդկանցից, որոնք վախենում են իրենց իրական կերպարներից։ Վախենում են դիմացինի կարծիքից ու կողքինի հայացքից։ Հասկանում եմ, որ Սևակի նման անչափ նվիրվել ու ուրախությունից գոռալ եմ ուզում։ Բայց անչափ նորմալ ապրել կլինի՞։

Օդանավակայանի աշխատակցուհին արդեն հիսուներորդ անգամ խնդրում է դեպի Թել-Ավիվ թռչող ինքնաթիռի ուղևորուհուն մոտենալ տերմինալ։ Հետո էլ նույն բանը խնդրում է դեպի Երևան չվերթի բոլոր ուղևորներին։ Հանգցնում եմ Սևակի չիբուխը, վերցնում եմ հեռախոսս, վերջին տխուր հայացքը նետում վարդակին ու գնում եմ նորմալ անչափ կյանքս շարունակելու։