Պատմություններ Ադրիատիկի ափերից

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Տիպիկ ուսանողի կյանքով ապրելուն արդեն սովորել եմ Ադրիատիկի դպրոցում․․․Դեռ ընթացքի մեջ եմ, դեռ շատ ու շատ նրբություններ կան յուրացնելու, բայց կարող եմ ասել՝ ապրում եմ իմ երազած ուսանողական կյանքով։ Նկատած կլինեք՝ հաճախ եմ ժամանակի մեջ սավառնում, որովհետև երկար ժամանակ է պահանջվել հասնելու այն ամենին, ինչն ունեմ հիմա ու այս պահին, ու եթե անցած ժամանակս աչքիս առաջ անընդհատ չունենամ, չեմ կարողանա ըստ արժանվույն գնահատել ձեռք բերածս։

Դասերը, եռուզեռը, խմբակները, ժողովները, համերգներն ու միջոցառումները, որոնք արդեն իմ առօրյայի անբաժանելի մասն են, ավելի ու ավելի հաճելի են դառնում մշակութային այցերի շնորհիվ։ Ես ուզում եմ անպայման ասել, որ էստեղ եղած էս ամիսների ընթացքում ինձ անբացատրելի երջանիկ եմ զգում՝ հենց Իտալիայում սովորելու համար։ Այն մշակույթն ու պատմությունը, որ էստեղ կա, արժե տեսնել, ճանաչել ու սիրել։ Այս շաբաթ այցելել էինք Պադովա։

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Պադովան Իտալիայի հնագույն քաղաքներից է, իսկ համալսարանը երկրորդն է հնությամբ՝ Բոլոնիայի համալսարանից հետո։ Ուսանողական քաղաք է, մեծաթիվ ուսանողներ կան։ Ամենաշատը այն եմ սիրել, որ քաղաքը կյանքով լի էր, եռուզեռ կար, անցուդարձ։ Չէ, աղմուկ ու աղաղակ չէր․․․ Էդպես չէի սիրի․․․ Ես սիրում եմ, երբ քաղաքը խաղաղ է, հանգիստ, բայց մարդիկ կան, քայլում են, վազում են, շտապում են, զանգում են ճանապարհին, մեքենա են վարում, ականջակալներով երաժշտություն են լսում, ավտոբուսի կանգառում կանգնած են, կամ գնումների ծանր պայուսակներով ճեմում են։ Պադովայում շուկա կար․․․ Կապանում էլ․․․Գիտե՞ք՝ շուկան ուրիշ մաքրություն ու անկեղծություն ունի, այն բաց է բոլորի առաջ, դռներ ու ցուցափեղկեր չկան, վերելակներ կամ աստիճաններ՝ նույնպես․․․ Ու էստեղ էլ, Հայաստանի նման, շուկայում, խորամանկ լինելու դեպքում, սակարկել կստացվի․․․ Ես, ավաղ, երբեք ինքս ինձ էդ տաղանդը մեջս բացահայտելու հնարավորություն չեմ տվել․․․ Շուկայի հարևանությամբ կրակ էին վառել, ինչ-որ մրգեր էին կրակի վրա պատրաստում ու վաճառում․․․ Քոլեջի իտալացիների ասելով՝ դա ձմեռվա սկիզբն է ազդարարում․․․ Ջերմություն զգացի, ես ջերմանում եմ ձմեռվանից (ցուրտը խոչընդոտ չի): Եկեղեցիների մասին չեմ խոսում․ նայելուց կշտանալ հնարավոր չէ։ Համալսարանում էլ եղանք։ Կառույցը հին էր, պատմության ու դարերի շունչն էր զգացվում, հին ու արժեքավոր, թանկ ու մնայուն․․․

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Ու գիտե՞ք, ավտոբուսով վերադառնալիս միշտ նայում եմ մայրամուտին․․․Մայրամուտներն իմ տեսած ամենաշքեղ գեղեցկությունն են էստեղ․․․ Մայրամուտին նայելիս կարող ենք հիշել ամեն ինչ, այդ թվում՝ ամենամոռացվածը, ամենահինը, ամենաանցածը․․․ Երկար ճանապարհ գնալիս իմ ամենաշատ հիշածը Թասի ոլորաններն են, Վայքի բենզալցակայանն ու այն մե՜ծ, կարմիր հինգ տառերը, որոնք իրար միացնելիս իմ քաղաքի անունը կտեսնենք` Կապան․․․ Իմ ամենաերկար ճանապարհների վերջին կետը միշտ էդ հինգ տառերն են եղել, երբ սիրտս կարծես համաչափորեն ու հանգիստ իր տեղն է ընկել, սկսել եմ շնչել ավելի ազատ ու ժպտալ ավելի լայն․․․ Բայց էստեղ էլ հինգ տառ կա, որոնք տեսնելիս էլի հարազատություն ու ջերմություն եմ զգում, էստեղի վերջին կետս, էստեղի տունս ու էստեղի «ջերմատեղիս»՝ իմ Դուինոն․․․ Ու ամեն գիշեր քնելիս, ամեն առավոտ արթնանալիս ու ամեն-ամեն անգամ, ես շնորհակալ ու երջանիկ եմ: Երկու վերջակետ ունեցող նախադասության ու, Վարդգես Պետրոսյանի ասած՝ բազմաթիվ անհայտներով հավասարման նման երջանիկ․․․