Mari Baghdasaryan malishka

Նոր անուն երգարվեստում

Հարցազրույց սկսնակ երգիչ Միհրան Առաքելյանի հետ

-Միհրա՛ն, պատմի՛ր քո մասին:

-Ես ծնվել եմ Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և սովորել եմ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում` շենքերի նախագծում բաժնում: Երեք տարի սովորելուց հետո ուսումս կիսատ եմ թողել, բայց կցանկանայի նկարիչ լինել:

Չորս տարի առաջ եմ սկսել զբաղվել երգով, ասեմ, որ չունեմ երաժշտական կրթություն:

Երգի, երաժշտության հանդեպ սերը ժառանգել եմ մորական կողմիցս, փոքր ժամանակ միշտ երգում էի քեռուս հետ:

-Երաժշտական ժանրերից ո՞րն ես նախընտրում, և ո՞րն է եղել քո առաջին երգը:

-Ավելի շատ նախընտրում եմ փոփ, ռոք, հիփ հոփ ժանրերը: Հիմնականում ստեղծագործում եմ փոփ ժանրի մեջ: Առաջին երգս «Վստահիր» երգն է եղել՝ 2015 թվականին:

-Մոտ ժամանակներս պատրաստվո՞ւմ ես նոր երգ-տեսահոլովակ ներկայացնել երգարվեստի սիրահարների դատին: Կա՞ն հայտնի աստղեր, որոնց հետ կցանկանայիր համագործակցել:

-Այո, շուտով ինձ լսողների դատին կներկայացնեմ իմ նոր «Դու-դու-դու» երգը՝ տեսահոլովակով:

Ասեմ, որ տեսահոլովակի նկարահանումներն անցել են շատ հետաքրքիր և ուրախ, տեսահոլովակի նկարահանման գործում ընկերներս են օգնել և ընկերներս են նկարահանվել:

Երազանքս է համաշխարհային աստղերից համագործակցել Ջեյմս Արթուրի հետ, իսկ հայ աստղերից Արտեմ Վալտերի հետ կցանկանայի համագործակցել:

-Երգելուց բացի՝ ի՞նչ նախասիրություններ ունես, ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում:

-Հիմնականում ազատ ժամանակ չեմ ունենում: Վերջերս բացել եմ երաժշտական բլոգ, որը չկա Հայաստանում, աշխատում եմ այդ ուղղությամբ: Սեր ունեմ նաև առևտրային բիզնեսի հետ, նաև սիրում եմ նկարել: Հիմնականում բնապատկերներ եմ նկարում:

-Ե՞րբ որոշեցիր ձայնագրման ստուդիա բացել: Հե՞շտ է ստուդիայում աշխատելը:

-Մոտ 3 տարի առաջ գումար էի հավաքում, որ ձայանգրվեի, ու նպատակ դրեցի իմ առաջ, որ պետք է իմ սեփական ստուդիան ունենամ:

Start studio կոչվող ստուդիան բացել եմ մոտ 6 ամիս առաջ իմ լավ ընկերոջ հետ: Հեշտ չէ, բայց երբ սիրածդ գործով ես զբաղվում, նույնիսկ դժվարություններն են հաճելի դառնում:

-Ինչպե՞ս ես ընտրում երգերի թեմաները:

-Երգերի համար թեմաներ չեմ ընտրում, ինչ-որ պահի մտքերս գալիս հավաքվում են, և այդպես ստեղծվում է երգը:

Մեծ ցանկություն ունեմ հայերենով ստեղծել այնպիսի երգեր, որոնք կսիրվեն նաև արտերկրում:

-Երաժշտական գործիքներից ո՞րն ես սիրում, և կա՞ որևէ գործիք, որ նվագում ես:

-Երաժշտական գործիքներից սիրում եմ կիթառը, դաշնամուրը, շվին: Ցավոք, դեռ չեմ նվագում որևէ գործիք:

-Հիմա սոցցանցերը հնարավորություն են տալիս որոշակի ճանաչում ձեռք բերելու, քո կարծիքով՝ սոցցանցերի միջոցով հնարավո՞ր է հայտնի դառնալ, թե՞ հայտնի դառնալու ճանապարհն ավելի դժվար է:

-Միայն սոցցանցերի միջոցով դժվար է հայտնի դառնալ, կան երաժշտական նախագծեր, որոնք շատ են օգնում սկսնակ արտիստներին: Ես որոշել եմ մասնակցել «Ազգային երգիչ» նախագծին:

-Միայն երգելով հնարավո՞ր է գումար ձեռք վաստակել, թե՞ երկրորդ աշխատանքի անհրաժեշտություն է լինում:

-Եթե հայտնի ու սիրված լինես, երկրորդ աշխատանքի կարիք չի լինի:

Իսկ հայտնի ու սիրված լինելու գրավականը, ըստ իս, որակով և ճաշակով երգերի մատուցումն է։