Նոր երգ, նոր անուններ

Մի քանի շաբաթ առաջ youtube-ում հայտնվեց Հայկ Աթոյանի ‘’Imagination’’  երգը, որն արդեն մի քանի հազար դիտում ունի։ 

Հայկը Արցախից Դիլիջան է տեղափոխվել երկու տարի առաջ։ Սովորում է Դիլիջանի ավագ դպրոցում։ Վերջին երկու ամիսների ընթացքում իր ընկերների հետ միասին, աշխատելով, ստեղծել են մի երգ, որը շատ է սիրվել հատկապես դիլիջանցիների կողմից։ Մենք զրուցել ենք Հայկի հետ նրա առաջին և ապագա քայլերի մասին։ 

-Հայկ, շատ գեղեցիկ երգ եք ներկայացրել հանդիսատեսին։ Կխնդրեմ պատմեք, թե ո՞վ է բառերի հեղինակը, երաժշտության հեղինակը, որտե՞ղ է երգը ձայնագրվել։

-Երաժշտությունը գրել ենք ես և իմ ընկեր Ասատրյան Նարեկը, երգի բառերի հեղինակը ես ու քույրս ենք` Մանեն Երեմյանը, իսկ երգի ձայնագրումը տեղի է ունեցել իմ փոքրիկ սենյակի մի համեստ անկյունում։

-Ինչի՞ մասին է Քո երգը, ինչու՞ առաջին երգդ եղավ անգլերեն լեզվով, այլ ոչ հայերեն։ 

-Երգը երևակայական անձնավորության մասին է, ում սիրահարվում ես ու հետո գիտակցելով, որ այդ ամբողջը պակերացումներ էին (imagination), հրաժարվում ես նրանից: Ինչու անգլերեն, որովհետև մենք ուզում ենք մեծ ճանաչում ձեռք բերել, իսկ անգլերեն լեզուն միջազգային ու գրեթե բոլորին հասկանալի լեզու է։ Ինչու չէ, նաև հետագայում, երբ մեզ կճանաչեն, կփորձենք մեր երգերով բարձրացնել Հայաստանի խնդիրները։

- Եթե մի քիչ ավելի հետ նայենք, ինչպե՞ս որոշեցիր, որ պետք է հայտնվես Յութուբում, որպես երգիչ։

- Անկեղծ եթե ասեմ, ապա ես չէի պլանավորում հանդես գալ որպես երգիչ, ես ավելի շատ ցանկություն ունեի լինել պրոդյուսեր, սակայն մեր թիմի որոշմամբ երգեցի ես։ Երգը ինձ էր սազում,- ծիծաղում է։ 

-Հայկ, իսկ երաժշտական կրթություն ունե՞ս։

- Այո, դաշնամուրի եմ գնացել, վոկալի, երգչախմբի։

- Նոր երգերի սպասե՞նք։ Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը։ 

- Իհարկե։ Շարունակել ակտիվ լինել, նոր երգեր թողարկել, նոր արտիստներով հանդես գալ և անուն ձեռք բերել։