Աղվերանի մեդիա ճամբար. Նուշիկն ու ձին

Քննարկում ենք ֆիլմերի գաղափարներն, ու ես առաջարկում եմ ֆիլմ նկարահանել մի աղջկա մասին, ում կյանքի անբաժանելի մասն են կազմում ձիերը: Երբ առաջին անգամ լսեցի նրա անունը՝ զարմացած նայեցի դեմքին.

-Բարև՛, Նուշիկ ա անունս:

-Ի՞նչ:

-Նուշիկ, Նուշիկ:

Ժպտացի, մտածեցի, թե մականունն է: Ահա Նուշիկը մի ցատկով նստում է ձիու վրա, ու ձին պոկվում է տեղից: Ես գնահատող հայացքով հետևում եմ նրան: Երևում է, որ ձին հմուտ ձեռքերում է…

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Այսպես էլ սկսվեց իմ ծանոթությունը Նուշիկի հետ: 3 տարի առաջ Նուշիկը հեծնեց իր առաջին ձին, ու սկսվեց նրանց ընկերության պատմությունը… Այժմ նա ծանոթացնում է ինձ իր երրորդ ձիու հետ, քանի որ առաջին երկուսն արդեն կենդանի չեն: Նուշիկը հերթով պատմում է իր բոլոր ձիերի մասին, նկարագրում նրանց արտաքինն ու բնավորությունը: Պատմում է, թե ինչպես է ամեն օր խոսում նրանց հետ ու կերակրում:

-Ձին իմ ամենամտերիմ ու վստահելի ընկերն է, մարդկանցից էլ ավելի վստահելի,- ասում է Նուշիկն ու համբուրում ձիու ճակատը: Ասում է, որ ձիերն իրեն հասկանում են, քանի որ ի պատասխան խրխնջում են կամ օրորում գլուխը:
Նուշիկի մյուս նախասիրությունը ֆուտբոլն է: Ի զարմանս ինձ, նրան հաջողվում է համատեղել իր նախասիրությունները: Շատ հաճախ Նուշիկը հայտնվում է ֆուտբոլի դաշտում իր ձիու հետ ու սովորեցնում ձիուն վազել գնդակի հետևից: Նուշիկի երազանքը բանակում ծառայելն է:

- Պիտի գնամ, պիտի գնամ ծառայեմ, եթե ստեղ չստացվի, կգնամ Իսրայել:

Նրա տարօրինակ ու տղայական երազանքերն ամենից շատ մտահոգում են ավագ քույրերին, որոնց Նուշիկը համարում է իր կատարյալ հակապատկերները:

-Այ աղջի, հերիք ա, քեզ մի քիչ աղջկա նման պահի, էլի:

Իհա՛րկե, Նուշիկին իր որոշումներից հետ պահելը գրեթե անհնար է, բայց քույրերը դեռ չեն կորցնում հույսն ու փորձում են համատեղ ուժերի միջոցով ազդել նրա երազանքների ու ծրագրերի վրա:

-Աղջիկներին չեմ սիրում… Յա, չէ, մի խնդա, լուրջ եմ ասում, չեմ սիրում աղջիկներին… Դե դու բացառություն ես, Եվա ջան, դու` հեչ…

Ես ծիծաղում եմ: Աղջիկ, որը չի սիրում աղջիկներին ու իր գաղտնիքները վստահում է միայն իր ձիուն՝ Կազբեկին: Ըհը, պատմեցի Նուշոյից, ու էլի դեմքիս ժպիտ հայտնվեց…

Շուտով, երբ պատրաստ լինի ֆիլմը, դուք էլ կծանոթանաք Նուշիկի հետ: