lilit grigoryan

Նրա հետ և առանց նրա

«Մի կողմ դիր հեռախոսդ», «Աչքերդ ափսոս են, բալա ջան», «Ախր մեր ժամանակներում, որ չկար, ի՞նչ էինք անում», «Հերիք ա, էլի, ո՞նց չես հոգնում» արտահայտությունները ուղղակի տանել չեմ կարողանում, թեև ամեն վայրկյան դրանք ականջիս են հասնում իմ հարազատներից: Հեռախոսով քիչ զբաղվել, իսկ եթե հնարավոր է, էլ չօգտագործել: Իսկ հետո՞: Հետոն կասկածելի է, ավելի ճիշտ՝ չմտածված ու անկանխատեսելի: «Հետոյի» մասին խոսք չկա այդ արտահայտություններում: Դժվար է հասկանալ:

Առաջ չկար հեռախոս, ինտերնետ նույնպես: Մարդիկ, հա, ապրում էին, ես չեմ հակառակվում, ապրել են, բա ինչ են արել: Իսկ հիմա կա հեռախոս ու համացանց, բայց էլի ապրում են մարդիկ՝ արդեն քիչ-քիչ զարգացնելով թե՛ իրենց կյանքը, թե՛ այդ կյանքն ապրելու միջավայրը: Շատերը սկսում են տեսողության հետ խնդիրներ ունենալ (ես ինքս կարճատես եմ), շատերն օրը անգամ 12-13 ժամ համակարգչով կամ հեռախոսով զբաղվելուց հետո ուժեղ տեսողությամբ և առանց առողջական խնդիրների ապրում են: Սրանից կարելի է, չէ՞, եզրակացնել, որ մարդու տեսակից, օրգանիզմից են կախված նրա առողջական խնդիրները: Բայց խնդիրը բարդված է հեռախոսի վրա: Կարճ ասած՝ հեռախոսն ու համակարգիչը մեր կյանքը կրճատում են, էլի: Բա ինչո՞ւ ստեղծվեցին, ինչո՞ւ ենք մենք հիմա ավելի հեշտ ապրում: Բայց մի բանի մեջ վատը տեսնելուց, թեկուզ հետո էլ նայենք ու տեսնենք, գուցե էդ խեղճը գոնե մի փոքր դրական բա՞ն ունի: Պարզվում է, որ ունի: Սեփական օրինակով կպարզաբանեմ:
Ես քիչ թե շատ հաջողակ մարդ եմ: Մեծ շրջապատ ունեմ, բոլոր մարզերից լավ-լավ ընկերներ, արտասահմանից լիքը ծանոթներ: Մասնակցել եմ 30-ից ավելի ծրագրերի ու հաջողություններ գրանցել: Ծրագրերի մեծ մասի մասին ինձ օգնել է իմանալ ֆեյսբուքը: Համացանցը թույլ է տվել գրանցվել, իսկ էլեկտրոնային հասցեիս եկել են դրական պատասխանները: Բարեկամներս հպարտ են ինձնով, ինքս ինձ չեմ գովում, ինչ կա՝ ասում եմ: Գիտեն, որ միշտ խառը ծրագրերի մեջ եմ, որ ազատ ժամանակ շատ քիչ ունեմ, որ չեմ սիրում հանգստանալ: Հպարտ են մարդիկ: Բայց սա չի արդարացնում, մեկ է՝ հեռախոսով պետք է քիչ զբաղվել: Այս ամենին հասել եմ օրը 24 ժամ օնլայն լինելով ու ամբողջ համացանցը փորփրելով, անընդհատ ընկերներիս հետ հաղորդագրություններով կապ հաստատելով: Իսկ եթե ես քիչ զբաղվեմ, կկորցնեմ լիքը հնարավորություններ: Հասանք ճիշտ կետին, որին հասնելու էինք էսպես թե էնպես:
Ես հասկանում եմ, որ հարազատներս իմ լավն են ուզում, ուզում են, որ տեսողությունս վերականգնվի, բայց և դրա հետ ախր ասում են, որ հեռախոսը ու համացանցը լավ բաներ չեն, է: Նեղվում եմ, որ իմ հաջողությունների հարթակը վիրավորանքների է ենթարկվում:

Ես բոլորից շատ եմ ուզում լավ տեսողություն ունենալ, բայց դրանից վեր լիքը գաղափարներ ունեմ, առաջնայինը՝ ապագայիս հետ կապված լիքը բաներ պլանավորել ու այս տարիքից սկսել գործել: Տեսողությունը վիրահատությամբ հետ կգա, բայց այ, հնարավորություններ բաց թողնելը քեզ ու սիրտդ շատ ուժեղ կցավեցնեն, ու այդ ցավը երբեք չի անցնի:
Ու այսքանից հետո մի քանի օր առաջ մի ծրագրի համար հարցազրույց տալիս «Մի բան, որ 10-րդ դարից կբերեիք 21-րդ դար» հարցին պատասխանեցի. «Առանց համացանցի, հեռախոսի ու համակարգչի լիարժեք ապրելը»: Ինչո՞ւ: Ես էլ չգիտեմ: