Շնորհակալ լինելու մասին

Էս անգամ է՛լ ավելի հետաքրքիր ստացվեց։ Հիմա՝ թռիչքիցս երկու ժամ առաջ, արդեն պատրաստ, դասավորված ճամպրուկիս դիմաց նստած, ուզում եմ գրել երախտագիտության մասին։

Օրեր առաջ հին դպրոցիս իմ ուսուցիչներից մեկն ինձ նամակ ուղարկեց․ իրար հարևանությամբ կոկիկ շարված անգլերեն գրքերի լուսանկարներ էին։ Արդեն հասկացա, գրքերը հասան նաև ի՛մ դպրոց։ Գլենդելի Կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի նախաձեռնությամբ և «Մանանա» կենտրոնի հետ համագործակցությամբ ու ջանքերով մեծ թվով անգլերեն գրքեր են հասել թե՛ իմ նախկին դպրոցին, թե՛ Սյունիքի մարզային գրադարանին, թե տարբեր մարզերի այլ դպրոցների:

Ընկերներս (ավելի պաշտոնական ասած՝ կոլեգաներս), որոնց դպրոցներ նույնպես հասել են գրքերը, գրել են իրենց զգացողությունների, տպավորությունների  մասին։ Ես էլ եմ ուզում իմով կիսվել։

Կապանից, դեռ ավելին՝ Հայաստանից հեռու ապրելով՝ էլ ավելի շատ եմ ուզում մտածել, որ քաղաքիս, երկրիս համար արժանի քաղաքացի եմ։ Ավելի հաճախ եմ ուզում զգալ, որ ինչ-որ բանով կարողանում եմ մի դրական փոփոխության առիթ հանդիսանալ։ Նախ՝ գրադարանավարների, հետո արդեն՝ ուսուցիչներիս ոգևորված ու անակնկալի եկած նամակները ստանալուց հետո ինչ-որ խառը, մի քիչ փշաքաղեցնող բան զգացի։ Էնքան ուրախ էին, էնքան շնորհակալ։ Եվս մի անգամ ուրախ ու հպարտ զգացի, որ 17-ի թղթակիցներից եմ, որ «Մանանայի» հետ համագործակցության հասուն պտուղերը քաղելու հնարավորություն են ստացել նաև ինձ համար շա՜տ կարևոր հաստատությունները։

Ես մեր մարզային գրադարանում եմ մեծացել։ Առաջին դասարանից մասնակցել եմ մեծ ու փոքր բոլոր միջոցառումներին, ասմունքել եմ, երգել, պարել, դաշնամուր եմ նվագել ու հետո արդեն սկսել եմ վարել այդ միջոցառումները։ Դպրոցս փոքր է, շա՜տ փոքր, երևի քաղաքի ամենափոքրը։ Թվով մոտ 30 աշակերտ կա, բայց թվանշանով նկարագրել չկարողանալու չափ ջերմություն, հոգատարություն, կարեկցանք ու հարգանք։

Էստեղ գալով, բնականաբար, ավելի քիչ եմ այցելում գրադարան, դպրոցս քաղաքից մի փոքր հեռու է, ձմռանը՝ բավականին դժվար հասանելի, իսկ ամռանը վերադառնալիս արդեն արձակուրդներ են։ Չեմ հասցնում «մարդավարի» կարոտս առնել, տեսնել, խոսել։ Բայց շնորհակալ եմ՝ ինձ տված ջերմության ու մտերմության համար, իմ հանդեպ դրսևորած հավատի, վստահության ու հպարտության համար։ Ու թող էս գրքերը լինեն էդ շնորհակալության գեղեցիկ դրսևորումը։

Իսկ մյուս, ամենամեծ շնորհակալությունս «Մանանայինն» է։ 17-ին թղթակցելու մեծաքանակ առավելություններից մեկն էր էս հնարավորությունը։ Հնարավորություն՝ էսքան հեռավորության վրա ինձ հարազատ հաստատություններին երախտիքս հայտնելու։

Իսկ հիմա, շնորհակալության ու գոհունակության էս գեղեցիկ նոտայի վրա, ճամպրուկս վերցնեմ ու գնամ կանգառ․․․ Ուշանալ չկա․․․ Տուն եմ գալիս․․․