Շնորհավոր ձեր տոնը, և ձեզ լավ նայեք

Ողջույն։ Եթե դու էլ ես քննություններդ ավարտել ու հիմա արձակուրդում ես, դու էլ դժվար թե ամեն օր ամսաթիվ հիշես։ Բայց այսօվա ամսաթիվը հիշելու է, չէ՞։ Եթե հասցրել ես առավոտյան հեռուստացույց միացնել, կամ մի պտույտ կատարել ֆեյսբուքում, ուրեմն արդեն անունիցդ էլ լավ ես հիշում, որ այսօր մեր բանակի տոնն է, հանաք բան չէ։

Երևի նույնիսկ արդեն դա ավելի լավ հիշեցիր, քան այն, որ, օրինակ՝ Հենրիկ Մխիթարյանը «Արսենալ» գնաց, ու լիքը մարդ ինստագրամում լիքը մեկնաբանություն գրեց այդ առիթով։ Հաստատ կարդացիր մի քանի տասնյակ հազարավոր լատինատառ ու ռուսատառ ստատուսներ, մի քանիսն էլ հայերեն, ու լավը կլինեին, հա։ Դե, լիքը «зинворс» ոճի բաներ էլ կարդացած կլինես, բայց արի դրանք չնկատենք, այլ նկատենք ամեն ինչի լավ կողմը, ոնց որ մեր Դավիթ Ասլանյանը, որը «Եղնիկներում» իր ծառայությունը մեկնաբանեց այսպես՝ հա, բայց որ գամ, ոնց եմ, է, գլուխ գովելու, որ «Եղնիկներ» եմ ծառայել։ Դավիթը դեռ «Եղնիկներում» է, այսօրվա հազարավոր մեր զինվորների անունները հիշելիս ու նրանց համար աղոթելիս կամ հաջողություն մաղթելիս՝ մեր Դավիթին էլ կհիշես, Կուրեխյան Մուշին, Սերյոժա Ղազարյանին, Տիգրան Մամյանին էլ։

Ըստ ՀՀ զինապարտության մասին օրենքի․․․

Չէ, ըստ ՀՀ զինապարտության օրենքի ոչ թե բազմաթիվ երիտասարդ տղաների հրամայեցին համապատասխան օրը ներկայանալ համապատասխան զորամաս, այլ նորից տարան մեր լավագույն մի քանի թղթակցի։ Եթե այսօր զինվորներին շնորհավորելիս չես համարի, որ նոր գնացածները «հա դեռ սկի զինվոր էլ չեն հասցրել դառնալ, դրանց ի՞նչ շնորհավորեմ», ուրեմն մերոնցից երկու հոգու ասեմ, իրենց էլ հիշիր, հա՞։ Հիշիր, որ մեր Մարատ Սիրունյանը Ասկերանում է, ու նրան քաջ առողջություն մաղթիր, որովհետև գնալուց առաջ ոտքն էր վնասել։ Հիշիր, որ Վահե Ստեփանյանն առայժմ Աշտարակում է, բայց մի ասա՝ հա, լավ թույն էլ տեղ ա, որովհետև կապ չունի, չէ՞, որտեղ է ծառայում։ Մի վեց ամսից ինքն էլ Արցախ կգնա։ Բայց արցունքոտած աչքերով ստատուսներ ու եռագույնոտ նկարներ լայքելու փոխարեն կարող ենք բոլորով երազանք պահել, որ մեր բոլոր-բոլոր զինվորները շուտ ու անփորձանք վերադառնան, ու որ մեր հայրենիքի սահմանները այնքան խաղաղ լինեն, որ «սահման» կամ «պոստ» բառերն ասելիս ոչ մեկիս ոտքերը չթուլանան։ Դու միայն անկեղծ սրտով ցանկացիր դա, որովհետև, գիտե՞ս՝ երազանքների կատարման լիքը լեգենդներ են հայտնի, բայց բոլոր դրանք մի ընդհանուր բան ունեն՝ կապված հավատալու հետ։ Իսկ որ մի ամբողջ 17.am-ի լսարան, մարդ միաժամանակ նույն բանը ցանկանա, վստահ եմ՝ մի բան հաստատ դուրս կգա։ Խոսք տալի՞ս ես այսօր մի բան անել։ Ես, օրինակ, կեսգիշերին երազանք պահելուն եմ հավատում։ Իսկ դու աղոթիր, կամ լիցքեր ուղարկիր տիեզերք, կամ ոնց ուզում ես։ Ես՝ միաժամանակ բոլորը։

Դե, Դավո, Վահե, Մարատ, Մուշ, Սերյոժա ու Տիգրան ջաներ, չմտածեք՝ մի ամբողջ հանրապետական ցանց իր ընթերցողներով այսօր ձեզ համար երազանք է պահում ու աղոթում է։ Կարոտում էլ է։ Ձեզ լավ նայեք, առանց կատակի ու հայատառ՝ մեր զինվորներ։