mariam tonoyan

Շրջանավարտ 2020

«Սուս մնա, խայտառակ ես անում, դասի եմ», «վաայ, միկրոֆոնը միացրած էր», «ասեմ՝ կամերան չի աշխատում, անգիրս կարդամ», «ձայն չհանեմ, մտածեն՝ կապի խնդիր կա» ու նմանատիպ այլ արտահայտություններին, մամայի հեռախոսի համար հերթ կանգնած առցանց դասավանդվողներիս դժգոհություններին հաջորդեց առանց վերջին զանգի մնալու տրտունջներին խառնված մեկ քննությամբ ընդունվելու բերկրանքը։ Վերջին զանգ չունենալու միտքն ինձ առանձնապես թևաթափ չարեց, որովհետև հիմնական դպրոցն ավարտելիս մեկն արդեն ունեցել եմ և միջոցառումների սիրահար էլ չեմ։ Իմ մտահոգության առարկան այլ էր։ Ես, որ երկրորդ կիսամյակում նոր իմացա, որ այսուհետ անգլերեն քննությամբ հնարավոր չէ ընդունվել գերմաներեն բաժին, սկսել էի ինձ համար դասացուցակ սահմանել՝ մեկումեջ օրացույցի վրա նշելով՝ գրավոր, բանավոր, հայոց լեզու։ Ինքնուրույն պարապելը կրկնակի բարդ էր, քանի որ բանավոր խոսքիս մեջ թույլ տված վրիպակներս նույն պահին ուղղող չկար, իսկ դպրոցում միայն անգլերեն էինք անցնում։  Ու այն պահից, երբ բանավոր քննությունները չեղարկեցին, սկսեցի ավելի մեծ ջանասիրությամբ աշխատել գրավոր քննությանը պատրաստվելու համար։ Գուցե մեկ ուրիշ անգամ համաձայնեի, որ մեկ քննությունը բավարար չէ դիմորդի գիտելիքները ստուգելու համար, բայց այս պարագայում սա գոնե հնարավորություն է մեկ քննությանը լավ ներկայանալու։

Քանի դեռ չեմ վարակվել, թագավարակից միայն լավ հնարավորություններ եմ ստանում. վերջերս ավելի շատ ժամանակ ունեմ քննական նյութերից բացի նաև իմ սիրելի ստեղծագործությունները թարգմանելու, մուսայի հետևից ընկած՝ նկարչական կամ ստեղծագործական այլ գաղափարներով լցվելու, այս տարվա այլ շրջանավարտների հետ զրուցելու և նրանց դրությանը ու մեկնաբանություններին, դժգոհություններին ու գոհունակություններին ծանոթանալու։ Նրանցից մի քանիսի վերլուծությունները օգնում են հասկանալ, թե ինչպես են արտակարգ դրության ընթացքում առաջացած պայմանները ազդում շրջանավարտների վրա՝ իրենց դրական ու բացասական կողմերով։

Անուշ Ներսիսյան

Կորոնավիրուսը փոխեց ինչպես բոլորի, այնպես էլ իմ կյանքը։ Ինչպես այս տարի բոլոր շրջանավարտները, այնպես էլ ես պատրաստվում էի ընդունելության քննություններին և, իհարկե, շատ սպասված, շատ ցանկալի վերջին զանգին։

Ժպիտներ, թախիծ, ուրախություն, կարոտ, անհանգստություն, բայց փոխարենը՝ անկատար սպասելիք՝ կորոնավիրուս անունով։

Յուրաքանչյուր աշակերտ իր վերջին դասին ու վերջին զանգին անասելի մեծ ոգևորությամբ է սպասում, ու ես էլ բացառություն չեմ։

Մտքումս շարունակ վերջին զանգը տոնելու ուրվագծեր էի պատկերում։

Վերջին շրջանում շատ էի լսում այսպիսի արտահայտություններ. «Ոչինչ, ձեր վերջին զանգն էլ այսպես կհիշվի», «Տարիներ հետո կհիշեք, կծիծաղեք», «Սա էլ մի հետաքրքիր շրջադարձ էր», որը ես այդպես էլ չհասկացա…

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյո՞ք հեռավար ուսուցումն արդարացրեց իր նպատակը ու շարունակ տարբեր մտքերի եմ զարնվում՝ ոչ այնքան ընդունելով հեռավար կրթությունը։ Բայց բացասական տրամադրվածությանս հետ մեկտեղ քաջ գիտակցում եմ, որ համավարակի պայմաններում այլ կերպ անհնար էր և մենք պարտավոր էինք մեր ծնողների, տատիկների, պապիկների առողջությունը գերադասել մեր կրթությունից։ Մի կողմ թողնեմ հեռավար կրթությունն ու խոսեմ այս շրջանում իմ՝ կրթության մեջ առավելությունների մասին։ Սա հիանալի ժամանակ էր հրաժեշտ տալու դասագրքային չոր փաստերին, կտրվել այդ «չոր» կրթական համակարգից ու կարդալ բազմաբնույթ ու բազմաբովանդակ գրքեր, որոնք ինքնակրթության լավագույն օղակն են ինձ ու, համոզված եմ, շատերի համար, և ինչի պակասը շատ ենք զգում դասերի շրջանում։ Իհակե, այս ընթացքում ամենամեծ ուշադրությանս առարկան ընդունելության քննություններն են եղել, որոնց պատրաստվում եմ մեծ սիրով։ Պատրաստվելով ընդունելության քննությանը՝ չեմ կարողանում ինձ պատկերացնել որպես առաջին կուրսի ուսանողուհի  հեռավար կրթության համակարգում:

Սուսաննա Ռափյան

Դպրոցական տարիներին մենք շատ ձեռքբերումներ ունեցանք ամենատարբեր ոլորտներում, օլիմպիադաներում, սովորեցինք ունենալ կոլեկտիվ ոգի ու խմբով աշխատելու հմտություններ ձեռք բերեցինք, կարևորեցինք ուսուցիչ-աշակերտ հարաբերություներում ուսուցչին որպես մեծ ընկեր ընդունելը,  ստացանք բազում գիտելիքներ, որոնք օգնելու են մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Չնայած բոլոր դրական ապրումներին, վերջին զանգը, որ կարծես ամբողջացնում է տպավորությունները, չեղարկվեց։ Շատ տխրեցի, երբ իմացա, որ տեղի չի ունենալու ոչ մի ավարտական միջոցառում ու ստիպված էի պարզապես տխրել տանը։ Երբ իմացա, որ ոչ մի բան չի կազմակերպվելու, շատ հուզված էի և տխրությունս զսպելն ու  ընտանիքիս անդամներից թաքցնելու փորձերս չէին հաջողվում։  Անկեղծ ասած՝ համավարակը, բացի վերջին զանգի հետ կապված մեր սպասելիքներից, որևէ այլ պլաններ չձախողեց, ընդհակառակը, ունեի նախաձեռնություններ, որոնք չէր հաջողվում իրականացնել դասերով պայմանավորված ժամանակի սղության պատճառով, իսկ արտակարգ իրավիճակը տվեց այդ ժամանակը՝ կարդալու նախընտրելի գրքերը, մտածելու, կենտրոնանալու  և պարապմունքներին ավելի շատ ժամանակ հատկացնելու։ Պարապմունքները և դասերը, ինչպես գիտենք, անցկացվում էր հեռավար։ Հեռավար ուսուցումը չեմ համարում արդյունավետ։ Երբ դպրոցում՝ որևէ դասասենյակում կարողանում ենք կենտրոնանալ դասի վրա, ապա տանը դա չի հաջողվում, քանի որ կենտրոնացման մի մասն էլ բաժին է հասնում տան անցուդարձին, առօրյային։

Մեր ընտանիքում միակ շրջանավարտը ես չէի։ Ավարտում էի թե՛ ես,  թե՛ եղբայրս (հիմնական դպրոցը)։ Ճիշտ է, ծնողներս տխրել էին ստեղծված իրավիճակի պատճառով, բայց չի կարելի չնկատել, որ երկու երեխայի վերջին զանգի վրա ծախսվող գումարը բավականին մեծ է և այս առումով շատ ընտանիքներ հնարավորություն ունեցան խնայողություններ անելու։ Մասնագիտության ընտրության հարցում դեռևս տատանվում եմ անգլերեն լեզվաբանության և թարգմանչության մեջ, քննությանը պատրաստվում եմ կրկնուսույցի օգնությամբ ու փորձում եմ առավելագույն կերպով պատրաստ լինել քննությանը։ Ի դեպ, կարծում եմ, որ մեկ քննությամբ ընդունելություն կազմակերպելն արդյունավետ է, քանի որ ընտրվել է հենց այն առարկան, որն առավել կարևոր է տվյալ մասնագիտության համար։ Լուրերը, որ դասերը միգուցե կշարունակվեն հեռավար, չեմ կարողանում ընդունել, քանի որ մարդկանց հետ ռեալ շփումը ավելի շատ է նպաստում ուսանողների միջև ընկերական հարաբերությունների ձևավորմանը, քան  կարող է տեղի ունենալ հեռավար կարգով։

Սեպտեմբերը պատկերացնում եմ նույն աշնանային տրամադրությամբ և հույս ունեմ, որ մինչև աշուն կնվազի թագավարակով և այլ հիվանդություններով վարակված հիվանդների թիվը և կյանքը կընթանա իր բնականոն հունով։

Դավիթ Չիլինգարյան

Վերջին զանգը շատ կարևոր է յուրաքանչյուր աշակերտի համար։ Այդ օրվա հետ կապված դասընկերներով շատ պլաններ ունեինք, բավականին նախապատրաստվել էինք, որոշել էինք երկու օր Արցախում անցկացնել, բայց լուրը, որ վերջին զանգ չի լինելու, ցնցեց բոլորին, և ինքս էլ շատ ծանր տարա։

Չէ՞ որ դա հրաժեշտ էր մի վայրի, որտեղ ձեռք էի բերել գիտելիքներ, հրաշալի ընկերներ, որտեղից դուրս էի գալու արդեն որոշակի չափով հասունացած ու, անկասկած, կարոտելու էի այդ սիրելի միջավայրը։ Եթե ինձ մեկ տարի առաջ ասեին, որ վեջին զանգ չեմ ունենալու, ես բարձր կծիծաղեի՝ համարելով դա անհնար, սակայն կյանքը լիքն է անակնկալներով, ու այդպես նաև հետաքրքիր է, որովհետև  յուրաքանչյուր վատ երևույթ ունի իր լավ կողմերը։ Ինչևէ, համավարակը խիստ գտնվեց ու զրկեց հրաժեշտի  հուզումնալից պահերից, փոխարենը առաջարկելով անիմաստ օնլայն դասեր։ Անիմաստ, որովհետև, կարծում եմ՝ դա երեխաներին գիտելիք չի տալիս, չի նպաստում դասապրոցեսին, այլ ընդհակառակը, սովորեցնում է երեխաներին անազնիվ լինել, որովհետև ուսուցիչն ու աշակերտը հաղորդակցվում են ընդամենը էկրանի միջոցով, իսկ երեխաները գնահատականի համար պատրաստ են չարաճճիություններ թույլ տալ, ինչը տևական դառնալու դեպքում բնավորություն կդառնա։

Ես հակված եմ երկու մասնագիտական ուղղության՝ քաղաքագիտություն և տուրիզմ։ Իմ կարծիքով՝ Հայաստանում քաղաքագիտությունը թույլ է զարգացած և, դառնալով լավ քաղաքագետ, ես ցանկանում եմ իմ  ներդրումն ունենալ իմ հայրենիքում այս ոլորտի զարգացմանը։ Իսկ տուրիզմն ինձ հետաքրքրում է Հայաստանի տեսարժան վայրերը նորովի բացահայտելու և օտարերկրացիներին առավել գեղեցիկ մատուցելու ձգտմանս շնորհիվ։ Այժմ ջանասիրաբար աշխատում եմ, որպեսզի լավ քննություն հանձնեմ։ Այս տարի հանձնելու ենք ընդամենը մեկ քննություն, ինչն ընդհանուր առմամբ ճիշտ քայլ չեմ համարում, բայց այս պայմաններում ամենահարմար տարբերակը սա է։ Իհարկե, դա նույնպես վտանգավոր է։ Ի՞նչ տարբերություն մեկ քնություն, թե երկու, երբ երեխան այդ վտանգի առջև, այնուամենայնիվ, կանգնում է։ Մի կողմից էլ շատ ուրախ եմ, որ շուտով անցնելու եմ զինվորական ծառայության ու մինչ իմ վերադարձը այս անորոշ իրավիճակը անցած կլինի։

Աստղիկ Վարդանյան

Երբ առաջին անգամ տեղեկացա, որ վերջին զանգ չի լինելու, ոչ մի տարօրինակ զգացողություն չունեցա։ Երբ  հասան վերջին օրերը, հասկացա,  որ դպրոցական լավ, հիշարժան գեղեցիկ օրերը, դասընկերների հետ դասի նստելը մնացին դպրոցի պատերի ներսում և որ բոլորն արդեն բռնելու են իրենց սեփական ուղին։ Այդ ժամանակ հուզմունքն արդեն գլուխ բարձրացրեց իմ մեջ ու չէի հասկանում՝ ինչ անել, որպեսզի գոնե մի քիչ էլ ձգեմ, երկարացնեմ այն օրերը, որոնք անցկացնում եմ հարազատ շրջապատում։ Համենայնդեպս, դպրոցից ես ստացել եմ այն ընկերական շփումը,  այն դրական մթնոլորտը, որը ցանկացած պայմաններում ավելի ամուր ու ուժեղ է, քան որևէ համաճարակ։ Առհասարակ վարակի անսպասելի թափով տարածումն ու արտակարգ դրությունը ինձ շատ խանգարեցին։ Պլանավորել էի հնարավորինս շուտ պարապմունքների գնալ, որպեսզի հասցնեմ յուրացնել այն ամենը, ինչն անհրաժեշտ է ինձ քննության համար։ Մտադրվել եմ կրթությունս շարունակել ռեժիսուրա բաժնում և  այն, ինչ ես պետք է քննություն հանձնեմ,  չի դասավանդվում դպրոցում։ Եվ հիմա չգիտեմ՝ ինչ անել, որտեղից սկսել և ինչպես։ Անմիջապես կարող եմ ասել, որ հեռավար ուսուցումը լավագույն լուծումը չէր, քանի որ հիմնական գիտելիքը, որը գործնական աշխատանքներով, տեսական օրինակներով կարող էիր ստանալ դպրոցում, էկրանից այս կողմ չես կարող, կամ կարող ես՝ ցածր արդյունավետությամբ։ Աշակերտները պարզապես ներկայություն ապահովելով կարող են շատ հանգիստ խուսափել դասերից, շատերը տեխնիկական կամ ինտերնետ կապի հետ կապված խնդիրների կարող են բախվել, երբ ունեն անգամ սովորելու ցանկություն։

Գնալով սեպտեմբերյան իմ պատկերացումները վատթարանում են, քանի որ արդեն իսկ  պատկերացրել էի ամեն բան նոր ուսումնական հաստատությունում և նոր շրջապատում, այնինչ հավանականություն կա, որ կրթությունը երկար ժամանակ կշարունակվի հեռավար ուսուցման համակարգով։

Ինչպես ասվում է հայտնի վեպում՝ մեզ մնում է ընդամենը սպասել և հուսալ։